Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի հանրապետությունն ակնկալում է հակամարտության կարգավորման համակողմանի մոտեցումներ». Նելլի Բաղդասարյանը՝ Լավրովի հայտարարությունների մասին

Դեկտեմբեր 02,2022 18:00

«ՌԴ-ն առանձնահատուկ նշանակության միջնորդ է, հաշվի առնելով նրա դերակատարությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ռազմաքաղաքական գործընթացներում: Հաշվի առնելով ՌԴ տեղեկացվածությունը և գործուն մասնակցությունը կարգավորման գործընթացներին՝ Արցախի Հանրապետությունը ակնկալում է հակամարտության կարգավորման համակողմանի լուծումներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Նելլի Բաղդասարյանն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի երեկ արած հայտարարություններին:

Հիշեցնենք, ՌԴ ԱԳ նախարարը երեկ հայտարարել էր, որ Ադրբեջանը պատրաստ է երաշխիքներ տրամադրել Արցախի հայերի իրավունքների համար: Նա նաեւ ասել էր, որ Պրահայում տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը փաստացի ճանաչելով միմյանց սահմանները` ընդունել են Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Ըստ այդմ, նաեւ տարակուսանք է հայտնել, որ պաշտոնական Երևանը դրանից հետո ակնկալում է, որ Մոսկվան վերահաստատի Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետոյին թողնելու իր առաջարկը:

«Այդ լուծումներում պետք է հաշվի առնել, որ անընդունելի է միջնորդություն ստանձնած պետությունների կողմից արված որևէ առաջարկ, որն Արցախի հանրապետությունը Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում ինտեգրելու հետևանք կարող է ունենալ»,- ասաց Նելլի Բաղդասարյանը՝ հիշեցնելով, որ Արցախի հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ կարգավիճակի հետ կապված լուծումները երբևէ չպետք է տանեն Արցախի հանրապետությունը Ադրբեջանի կազմում դիտարկելու ձևաչափ: Նման զարգացումները կարգավիճակի հարցում գոյաբանական աղետ են կանխորոշում Արցախի ժողովրդի համար:

«Բավական է հետևել ՌԴ խաղաղապահ առաքելության տեղեկագրերին, հասկանալու, որ անգամ արտաքին անվտանգային երաշխիքների պայմաններում Ադրբեջանը շարունակում է սպառնալ Արցախի ժողովրդի գոյությանը։ Այս իրողություններում ինքնանպատակ չէ ԱՀ կողմից պարբերաբար բարձրացվող անվտանգային առանցքային հարցը՝ ՌԴ խաղաղապահության ներկայության ժամկետի երկարաձգման կենսական անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, ապա Արցախի հանրապետության դեպքում դա ժողովրդի հավաքական կամքն արտահայտելու իրավունքն է, որի կիրառմամբ նա ինքնորոշվել է, ինստիտուցիոնալ առումով կայացել որպես ժողովրդավարական պետություն, պայքարել և շարունակում է պայքարել միջազգային ճանաչման համար։ Մենք ակնկալում ենք, որ միջնորդություն իրականացնող պետությունները համակողմանի մոտեցումներ և լուծումներ կառաջադրեն հակամարտության կարգավորման համար, որտեղ հաշվի կառնվի Արցախի Հանրապետության 150000 ժողովրդի կամքը»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031