Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիին:
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-կանադական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Այս առումով ընդգծվել է Երևանում դեսպանություն բացելու Կանադայի որոշումը։
Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման հարցում երկու կառավարությունների համագործակցության հետագա ամրապնդումը։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիային՝ նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման կարևորությունը: ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջն է ներկայացրել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները:
Կարդացեք նաև
Մելանի Ժոլին կարևորել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության պահպանման հարցում և աջակցություն է հայտնել առաքելությանը։
ԵԱՀԿ 29-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ:
Հաշվի առնելով Հյուսիսային Մակեդոնիայի գալիք նախագահությունը ԵԱՀԿ-ում՝ Արարատ Միրզոյանն ու Բույար Օսմանին մտքեր են փոխանակել կազմակերպության շրջանակներում իրականացվող աշխատանքների և մարտահրավերների, Հարավային Կովկասում ԵԱՀԿ ներգրավվածության շուրջ: Կարևորվել է նաև ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության կատարած այցը Հայաստան:
Անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին՝ նախարար Միրզոյանն արձանագրել է, որ Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն ու շարունակական ագրեսիաները մարտահրավեր են նետում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին՝ ավելացնելով նոր էսկալացիաների հավանականությունը: ՀՀ ԱԳ նախարարը զրուցակցին է ներկայացրել նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար խնդիրները՝ առանձնահատուկ ընդգծելով հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը:
ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Լեհաստանի Լոձ քաղաքում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար (ԱԳ նախարար), արքեպիսկոպոս Փոլ Ռիչարդ Գալագերի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև ձևավորվել է ակտիվ և արդյունավետ երկխոսություն՝ հիմնված ընդհանուր քրիստոնեական արժեքների և պատմական ժառանգության վրա: Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Փոլ Ռիչարդ Գալագերի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում՝ հայտնելով հայկական կողմի պատրաստակամությունը շարունակական ջանքեր գործադրել առկա օրակարգն առավել հարստացնելու ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբերին ՀՀ ԱԳ նախարարի՝ Սուրբ Աթոռ կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին առնչվող հարցեր:
Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել 44-օրյա պատերազմի և ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված ավտանգային իրավիճակը, ինչպես նաև հումանիտար բնույթի առկա խնդիրները:
Վերահաստատելով խաղաղության օրակարգն առաջ մղելու հայկական կողմի հանձնառությունը՝ ՀՀ ԱԳ նախարարը արձանագրել է, որ Ադրբեջանն իր ռազմատենչ հռետորաբանությամբ և առավելապաշտական ձգտումներով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը:
Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պորտուգալիայի Հանրապետության ԱԳ նախարար Ժուաու Գոմըշ Կռավինյուի հետ:
Ընդգծելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Պորտուգալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը՝ ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել հայ-պորտուգալական բարեկամական կապերն ու գործընկերային հարաբերությունները:
Կարևորվել է երկու երկրների ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումն ու բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը: Կողմերը դիտարկել են երկու երկրների միջև գործարար կապերի ստեղծման հնարավորությունները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի: Այս համատեքստում նախարար Միրզոյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում։
ՀՀ ԱԳ նախարարը պորտուգալացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող զարգացումները և վերահաստատել հայկական կողմի դիրքորոշումը, որ Ադրբեջանը պարտավոր է դուրս բերել իր զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից, դադարեցնել առավելապաշտական և ռազմատենչ հռետորաբանությունը։
Դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուին:
Քննարկվել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր, միջազգային հարթակներում հայ-ռումինական փոխգործակցության մակարդակի բարձրացման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ համագործակցությանը։
Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները: Հայկական կողմը վերահաստատել է իր հանձնառությունը խաղաղության օրակարգին՝ արձանագրելով, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու ուժի և ուժի սպառնալիքի կիրառման դրսևորումներն անընդունելի են և հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին:
Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարներն նաև անդրադարձ են կատարել ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանն ու ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության կողմից իրականացված աշխատանքներին: Բարձր է գնահատվել առաքելությունների գործունեությունը։
ՀՀ ԱԳՆ