«Այն տեսակետները, որ կան, թե իբր պարեկները խոշտանգել են քաղաքացիներին, առերեւույթ չի համապատասխանում իրականությանը: Հարուցվել է քրեական վարույթ, բոլոր հանգամանքները պարզ կլինեն», – այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Լոռիի միջադեպին՝ ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:
Նրա խոսքով՝ այնտեղ հակառակ գործողություններն են եղել՝ քաղաքացիների կողմից է եղել ոչ օրինաչափ գործողություն: Երբ հարցրեցին անչափահասի վնասվածքների մասին՝ Ֆիդանյանը հակադարձեց. «Իսկ դուք գիտե՞ք՝ պարեկներից վնասվածքներ ստացե՞լ են, թե՞ ոչ: Տեսագրություններն առկա են, քաղաքացիներն են մետաղական ձողերով վնասվածքներ հասցնում պարեկային ծառայողներին: Ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի արդեն քրեական վարույթի շրջանակներում: Պատճառը եղել է այն, որ ավտոմեքենան վարել են կոպիտ խախտումներով, պարեկային ծառայողները փորձել են կանգնեցնել, որի արդյունքում այդ ամբողջ միջադեպը տեղի է ունեցել»:
Լրագրողները ճշտեցին՝ Փաշինյանի ավտոշարասյան հե՞տ էր դա կապված՝ Ֆիդանյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել` երբ է դա տեղի ունեցել, բայց տեղի է ունեցել ակնհայտ վարչական իրավախախտում, որի հետ կապված տվյալ միջադեպը տեղի է ունեցել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ