Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղը տասնյակ տարիներ կանգնած է ոռոգման ջրի խնդրի առջև: Այստեղ գտնվող հայտնի Ջողազի ջրամբարը Հայաստանի Հանրապետության՝ մեծությամբ հինգերորդ ջրային ավազանն է Սևանա լճից, Ախուրյանի, Արփի լճի և Սպանդարյանի ջրամբարներից հետո: Այն կառուցվել է 1975-1979 թթ.-ին:
Հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով` 1991 թ-ին դադարեցվել է ջրամբարի շահագործումը: Այն ժամանակին ոռոգման ջուր է հասցրել Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի և Իջևանի շրջանների 11 գյուղերի՝ Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Բաղանիս, Ջուջեվան, Կիրանց, Բերքաբեր, Ծաղկավան, Սարիգյուղ, Սևքար, Աչաջուր:
Այժմ սուբվենցիոն ծրագրով գյուղում նոր ջրագիծ է կառուցվում` ջրամբարի ջուրն օգտագործելու համար: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Բերքաբերի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանը:
«Սուբվենցիոն ծրագրով գյուղում ոռոգման ջրագիծ է կառուցվում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 229.000.000 դրամ: Նոր պոմպակայանը, բաշխիչ ցանցը, տեղադրված նոր խողովակաշարերը վայրկյանում կհասցնեն 90 լ. ջուր: Գյուղատնտեսական աշխատանքների հաջորդ մեկնարկին արդեն գյուղացիները լիարժեք կկարողանան օգտվել ոռոգման ջրից»,- նշեց Հարությունյանը:
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ