Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքից զրկվելուց հետո գործազուրկները 3 ամիս առողջապահական ապահովագրություն կստանան. ԱՆ փորձագետ

Դեկտեմբեր 02,2022 17:04

2024-26թթ առողջապահության ապահովագրության համակարգի ներդրման նախապատրաստական փուլում, մինչ 18 տարեկան երեխաներն ամբողջությամբ կֆինանսավորվեն պետության կողմից, իսկ 63 տարեկանից բարձր այն անձինք, ովքեր ընդգրկված չեն լինի պետության կողմից որոշված խմբերում, կֆինանսավորվեն արդեն 2025 թվականից: Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՀ ԱՆ առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը՝ Մեդիա կենտրոնի կազմակերպած «2023-ին կներդրվի առողջության համընդհանուր ապահովագրությունը. համակարգը պատրա՞ստ է դրան» քննարկման ընթացքում:

Նրա խոսքով, հայեցակարգի փոփոխությունները, որոնք հիմնականում վերաբերվում են փուլային ներդրման մեխանիզմներին, դեռևս կառավարությանը ներկայացված չեն:

«Նախատեսվում է համակարգը մեկնարկել 2023 թվականից, այդ ժամանակ պետք է հստակեցվեն բնակչության խմբերը, այսինքն՝ պետության համաֆինանսավորման չափերը ըստ բնակչության խմբերի և պետք է մշակվեն այն մեխանիզմները, որոնց համաձայն պետք է հավաքագրվեն գումարները և ծառայությունների միջոցով արվեն հատուցումները»,-ասաց նա:

Բանախոսի խոսքով, կստեղծվի համապարփակ ապահովագրության հիմնադրամ, որը պատասխանատու կլինի հաշվարկների իրականացման ծածկույթի և հատուցումների համար:

«Երկրորդ սկզբունքային փոփոխությունը ապահովագրավի վճարի տոկոսային դրույքաչափից անցումն է ֆիքսված մասնակցության վճարների սկզբունքի, այդ վճարը կհամաֆինանսավորվի պետության կողմից: Համաֆինանսավորման սկզբունքը լինելու է սոցիալական և առողջապահական ռիսկերի հավասարակշռումը: Սոցիալական ռիսկերի հավասարակշռումը ենթադրում է տարիքը, այսինքն` պետությունը ամբողջությամբ ֆինանսավորվում է մինչև 18 տարեկան և 63 տարեկանից բարձր անձանց առողջապահական ապահովագրական ծախսերը: 2024-26թթ այդ նախապատրաստական փուլում մինչ 18 տարեկան երեխաներն ամբողջությամբ կֆինանսավորվեն պետության կողմից, իսկ 63 տարեկանից բարձր այն անձինք, ովքեր ընդգրկված չեն լինի պետության կողմից որոշված խմբերում՝ ամբողջությամբ կֆինանսավորվեն արդեն 2025 թվականից, այսինքն` տարիքային ռիսկն այս կերպ հավասարակշվում է:

Երկրորդը՝ եկամտի ռիսկն է, այս դեպքում հավասարակշռումը իրականացվելու է ելնելով ֆիզիկական անձանց եկամուտների պարտադիր հայտարարագրման համակարգից, այսինքն` ելնելով այն սկզբունքներից, որոնք հնարավորություն կտան եկամուտները հայտարարագրած քաղաքացիներին ետ ստանալ եկամտային հարկի այն չափով, ինչ չափով նրանք կվճարեն ապահովագրավճար: Կսահմանվեն նաև եկամտի որոշակի չափաքանակներ և ավելի քիչ եկամուտ ստացողներին ավելի շատ համաֆինանսավորում կլինի պետության կողմից, ավելի շատ եկամուտ ստացողներին ավելի քիչ համաֆինանսավորում կտրվի:

Գործազուրկների դեպքում նախատեսվում է, որ այն անձինք, ովքեր կունենան ապահովագրություն, այսինքն` կգրանցվեն որպես վարձու աշխատողներ և ինչ որ պատճառներով կզրկվեն աշխատանքից, դեռևս երեք ամիս կունենան ապահովագրական ծածկույթից օգտվելու հնարավորություն: Սոցիալական երրորդ ռիսկը վերաբերվում է անձի կյանքի խոչընդոտների և խոցելիությանը, սա հիմնականում վերաբերվում է հաշմանդամություն ունեցող անձանց»,- ամփոփեց Խարազյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031