«Սա լավ քննարկում է առաջնահերթ երեւի այն պատճառով, որ փոխադարձ վիրավորական տոնով մեղադրանքներ չեն հնչում, խորքային քննարկում է գնում»,-ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ ԱԺ-ում այսօր արտահերթ նիստ էր՝ օրակարգում Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ ՀՀ ԱԺ-ի հայտարարության նախագիծը։ Ընդդիմությունը հայտարարեց, որ ՔՊ-ն դեմ է արտահայտվել «ԼՂ հանրապետություն» ձեւակերպմանը, Շուշիի հռչակագիրը դատապարտելուն, ՀՀ-ի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի եւ անվտանգության հանձնառություններն ամրագրելուն։
ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը սա պարզաբանելիս պնդեց, որ նման ձեւակերպումները ռիսկային են եւ չեն նպաստում միջազգային կոնսոլիդացիային, նաեւ «մեկուսացում» որակեց նախորդ 30 տարվա քաղաքականությունը։
Ռուբեն Ռուբինյանը համաձայն է այն պնդման հետ, որ որոշ ձեւակերպումներ խնդիրներ են առաջացրել ՀՀ-ի համար՝ դիվանագիտական դաշտում․ «Մեր քաղաքական խոսույթը չի համապատասխանել մեր արածներին։ Դրա համար ուզում ենք, որ խոսույթը լիարժեք համապատասխանի դիվանագիտությանը։ Ո՞րն է դա։ Մենք համարում ենք, որ ՀՀ-ն ունի սահմաններ։ Տպավորություն է, որ ըստ մեր որոշ գործընկերների՝ ՀՀ-ն չունի սահմաններ։ Ունի եւ մի մասն օկուպացրել է Ադրբեջանը ու պետք է հետ քաշվի։ Մենք համարում ենք, որ Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցը պետք է լուծում ստանա, այլապես կլինի ցեղասպանություն ու հայաթափում։ Պատճառը, որ մենք համաձայն չենք ընդդիմության հայտարարության հետ, այն է, որ ընդունելով՝ կհակասենք նշյալ երեք կետերին։ Կարծում եմ՝ իմ նշած երեք կետերը դուք չեք համարի դավաճանական կամ թրքաբարո»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ