Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդը գալիս է, որ արագ իր վարորդական իրավունքը ստանա, պարզվում է՝ մենք քարտ չունենք, ID-ի համար են դիմում, պարզվում է՝ քարտ չունենք». Քրիստինե Պողոսյանը՝ Ֆիդանյանին

Դեկտեմբեր 02,2022 16:26

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին նախագիծը:

Մեր երկրում կենսաչափական անձնագրերը, այդ թվում՝ նույնականացման քարտերը տրամադրվում են 2012 թվականի հունիս ամսից առ այսօր, որոնց զուգահեռ տրամադրվում են նաեւ հին նմուշի անձնագրերը:

«Նույնականացման քարտերի մասին» օրենքով սահմանվել էր, որ 2023-ի հունվարի 1-ից դադարեցվելու էր այդ հին անձնագրերի տրամադրումը, փոխանակումը, սակայն հիմա առաջարկվում է 1 տարի հետաձգել այդ դրույթի իրագործումը: Նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձին պաշտոնական էլեկտրոնային փոստ տրամադրել ոչ թե նույնականացման քարտի հետ համատեղ, այլ՝ հանրային ծառայության համարանիշ ձեռք բերելու պահից եւ 16 տարին լրացած անձանց համար:

Հիմա սահմանվում է, որ մինչեւ 2023-ի դեկտեմբերի 31-ը պետք է հին անձնագրերը փոխարինվեն նոր նույնականացման քարտերով՝ ID քարտով: Սկզբում կտրամադրեն առանց էլեկտրոնային պահոցի, մինչեւ կառավարությունը սահմանի դրանց տեխնիկական բնութագրերը: Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչեւ 2023-ի փետրվարի 15-ը, իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը՝ 2023-ի փետրվարի 15-ից: Ժամանակավորապես մինչեւ 2024-ի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը մինչեւ նոր տեխնոլոգիաներով ու անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերը նորով փոխարինելը:

ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ասաց, որ 2 տարի առաջ այս օրենքն էլի հրատապ կարգով է եկել ԱԺ, ընդունել են, անցել է երկու տարի, պետք է հունվարից արդեն գործարկվեր. «Ինչ-որ մեկը փաստացի «պռավալ» է տվել այդ աշխատանքը, ինչո՞ւ եք դուք եկել, ձեր հետ չի եկել այն մարդը, որը ձախողել է այդ աշխատանքը: Բերեիք այդ մարդուն, ինչ պետք էր այդ մարդուն ասեինք, մի հատ էլ խնդրեինք պատասխանատվության ենթարկել: Հիմա բերել եք հաստատելու, էլի խնդիր չկա, մեր աշխատանքն է, ամեն օր կգանք արտահերթով, ձեր հետ կաշխատենք: Բայց հարցն այն է, որ նա, ով ձախողել է, չպե՞տք է պատասխանատվության ենթարկվի»:

Ֆիդանյանը պատասխանեց. «Անուն տալու խնդիր չկա, որովհետեւ փաստացի ձախողում առկա չէ: Ներդրվում է լիովին նոր համակարգ՝ կենսաչափական, որը հնարավորություն է տալու ոչ միայն անձը հաստատող փաստաթուղթ տրամադրել, այլ նաեւ այդ համակարգը կապել այլ համակարգերի, այդ թվում՝ բանկային համակարգի, հեռահաղորդակցման համակարգերի հետ: Խնդիրն այն է, որ մինչ այս պահը ժամկետների հետ կապված քննարկումներ են իրականացվում, կապված այն հանգամանքի հետ, թե երբ կկարողանանք այս համակարգը ռեալ ներդնել, որ հաջորդ տարի նորից չգանք ու խնդրենք հետաձգել: Նոր համակարգը լիովին փոխելու է այն մոտեցումը, որն այսօր ունենք ու տեխնոլոգիապես բավականին հագեցված համակարգեր են իրենցից ներկայացնելու»:

Քրիստինե Պողոսյանը պատասխանեց, որ անձնապես Ֆիդանյանի դեմ ոչինչ չունի. «Իմ քեֆը բերում է ձեր հետ աշխատել, բայց պետք է մի հատ հասկանանք՝ համակարգը որտե՞ղ է խնդիրն առաջացնում: Մարդը այլ երկրում է, գալիս է, որ արագ իր վարորդական իրավունքը ստանա, պարզվում է՝ մենք քարտ չունենք, ID-ի համար են դիմում, պարզվում է՝ քարտ չունենք, որովհետեւ գնումները ճիշտ չեն կազմակերպվել: Հարազատաբար ու գործընկերաբար ասում եմ՝ մի տեղ մի խնդիր կա»:

Ֆիդանյանը պարզաբանեց, որ ահավոր մեծ ծավալի քաղաքացիության ու փաստաթղթավորման դիմումներ են ստացել այս տարի. «2020-ին, ընդհանուր առմամբ, տրվել է 310 հազար 970 անձնագիր, այս տարի՝ արդեն 643.746, կրկնակի աճ ունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031