ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը փոքր գյուղատնտեսական տեխնիկա է տրամադրել Տավուշի մարզի Իջևան և Բերդ համայնքների 25 բնակավայրերի տնտեսվարողներին: Տավուշի մարզկենտրոն Իջևանում այսօր կազմակերպված միջոցառմանը գյուղտեխնիկան տրամադրվեց համայնքապետարաններին:
Գյուղատնտեսական ոլորտում փոքր ֆերմերների փոքր ֆերմերների դիմակայության բարձրացման նպատակով շահառուներին տրամադրվել են երկանիվ տրակտորներ և հողաֆրեզներ, ռոտացիոն հնձիչներ, էլեկտրական սրսկիչներ, դիզելային գեներատորներ և եռակցման սարքեր։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Իջևանի համայնքապետարանի ներկայացուցիչ Անդրանիկ Խառատյանը: «Այս տեխնիկան շատ պահանջված էր մեր ֆերմերների կողմից և մենք մեծ համոզմունք ունենք, որ այն ինչ-որ չափով կթեթևացնի գյուղացու հոգսը»,-հավելեց Խառատյանը:
ՊԳԿ հայաստանյան ներկայացուցչի տեղակալ Գայանե Նասոյանը հանդիպմանը նշեց, որ միջպետական սահմաններին կիրառված սահմանափակումները, մատակարարման շղթաների խափանումներն ու առողջապահական համատարած խնդիրները սրել են գյուղմթերքի արժեշղթաներում առկա բացերն ու մարտահրավերները հատկապես փոքր ֆերմերների համար: «Ուրախ եմ, որ LEAD ծրագրի շնորհիվ հնարավորություն ունեցանք որոշակիորեն նպաստել այդ խնդիրների լուծմանը՝ գյուղատնտեսական տեխնիկա տրամադրելով Տավուշի մարզի ֆերմերներին»,- հավելեց Նասոյանը:
Հավելենք, որ ծրագիրն իրականացվում է Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում՝ որպես Եվրոպական միության «LEADER» / Համայնքի կողմից առաջնորդվող տեղական զարգացման (ՀԱՏԶ) հայեցակարգի մաս և նպատակ է հետապնդում տեղական դերակատարներին ու բնակչությանն ակտիվորեն ներգրավել զարգացման գործընթացներում:
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ