Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Աղազարյանը մեկով ավելացրեց ՀՀ-ի դեմ Ադրբեջանի հայցերը»․ Հայկ Մամիջանյան

Դեկտեմբեր 02,2022 16:12

«Պարոն Ռուբինյանին հուշեմ, որ հնարավորություն ունի խոսափողն անջատելու ու լավ կլինի՝ մեկ-մեկ օգտագործի դա, որովհետեւ օրեր առաջ Ալիւեը հայտարարել է, որ ՀՀ-ի դեմ միջազգային դատարաններում հայցեր է ներկայացնելու, իսկ Հովիկ Աղազարյանն այսօր ԱԺ ամբիոնից որոշեց այդ հայցերը մեկով ավելացնել»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի պնդմանը, թե ՀՀ-ն իբրեւ «օկուպանտ է եղել»։

Հայկ Մամիջանյանը հարցադրում արեց․ «Եթե ձեր ասելով ՀՀ-ն օկուպանտ էր միջազգային հանրության աչքերում, մի հատ սանկցիա կասե՞ք, որը ՀՀ-ի դեմ կիրառվել է։ Մի հատ։ Չնայած ինչի՞ վրա եմ զարմանում։ Երեսուն տարում ադրբեջանցի որեւէ պաշտոնյա երբեք Ալմա-Աթայի մասին չէր խոսել, մինչդեռ Փաշինյան Նիկոլն այդ հռչակագիրը բերեց «մեյդան» եւ այն դարձավ Ադրբեջանի թիվ մեկ զենքը՝ կեղծ կռվանը»։

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տրամադրել այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի քաղաքացիները, եւ որ վերջին շրջանում Հայաստանի իշխանություններն ավելի շատ խոսում են Ղարաբաղի հայերի իրավունքների մասին, քան թե կարգավիճակի, Հայկ Մամիջանյանը նշեց՝ սա փաստում է, որ հայկական կողմի մեղքով է, որ Արցախի կարգավիճակը հարցը դուրս է մնացել սեղանից։

Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ ԱԺ-ում այսօր արտահերթ նիստ էր՝ օրակարգում Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ ՀՀ ԱԺ-ի հայտարարության նախագիծը։ Ընդդիմությունը հայտարարեց, որ ՔՊ-ն դեմ է արտահայտվել «ԼՂ հանրապետություն» ձեւակերպմանը, Շուշիի հռչակագիրը դատապարտելուն, ՀՀ-ի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի եւ անվտանգության հանձնառություններն ամրագրելուն։

ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը սա պարզաբանելիս պնդեց, որ նման ձեւակերպումները ռիսկային են եւ չեն նպաստում միջազգային կոնսոլիդացիային, նաեւ «մեկուսացում» որակեց նախորդ 30 տարվա քաղաքականությունը։

Հայտարարության առնչությամբ Հայկ Մամիջանյանը դիմեց իշխանական խմբակցությանը․ «Եթե աստված չանի՝ փորձագետների կանխատեսումներն Ադրբեջանի կողմից առաջիկայում հնարավոր ագրեսիայի մասին իրականանան, մտքներովդ չանցնի Perfect TV-ներով եւ «ֆեյքերով» հղում անել այս նախագծի տեքստին։ Դուք արդեն պատրաստած կլինեք այդ քարոզչական թեզը»։

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «ՀՀ-ի վրա ցանկացած հարձակման դեպքում մեղավոր է հարձակվողը, ոչ թե ՀՀ-ում որեւէ մեկը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031