Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրա համար Մարիա Կարապետյանը ձեւակերպում տվեց՝ «ազգը ժողովրդից տարբերեք, հայրենիքը՝ պետությունից»․ Գեղամ Մանուկյան

Դեկտեմբեր 02,2022 15:37

Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ ԱԺ-ում այսօր արտահերթ նիստ է՝ օրակարգում Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ ՀՀ ԱԺ-ի հայտարարության նախագիծը։ Ընդդիմությունը հայտարարեց, որ ՔՊ-ն դեմ է արտահայտվել «ԼՂ հանրապետություն» ձեւակերպմանը, Շուշիի հռչակագիրը դատապարտելուն, ՀՀ-ի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի եւ անվտանգության հանձնառություններն ամրագրելուն։ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը սա պարզաբանելիս պնդեց, որ նման ձեւակերպումները ռիսկային են եւ չեն նպաստում միջազգային կոնսոլիդացիային, նաեւ «մեկուսացում» որակեց նախորդ 30 տարվա քաղաքականությունը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պատասխան ելույթում հայտարարեց՝ իշխանական թեւի պնդումներից ստացվում է, որ երեսուն տարի «Արցախի անկախություն», «ինքնորոշման իրավունք», «Արցախյան ազատամարտ» եւ այլ իրադարձություններն ու տերմինները սխալ են եղել եւ որ դրանց պատճառով է Ադրբեջանը միշտ հարձակվել․ «Հիմա ուզում են նենց խոսել, որ հանկարծ Ադրբեջանը չմտածի, թե մենք հետամուտ ենք մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի պաշտպանությանը։ Դրա համար տիկին Մարիա Կարապետյանը ձեւակերպում տվեց՝ «ազգը ժողովրդից տարբերեք, հայրենիքը՝ պետությունից»։ Այսինքն, մեզ առաջարկում են չլինել ազգ, այլ ժողովուրդ, որը կազմված է հատիկ-հատիկ հպարտ քաղաքացիներից։ Եվ չլինենք հայրենիք, այլ լինենք Փաշինյանի ասած 29 000 ք/մ-ն»։

Գեղամ Մանուկյանի խոսքով․ «ԱԺ ամբիոնից այսօր ուրացվեց այն ուսուցիչների աշխատանքը, որոնք սերունդներ դաստիարակեցին արցախյան ազատամարտի համար։ Նաեւ դիվանագետների, զինվորների, ծնողների աշխատանքը։ Ներողություն եմ խնդրում «Եռաբլուրում» հանգչողներից սրա համար։ Ու Վազգեն Սարգսյանից, որի զինակիցն այսօր իշխանական խմբակցությունում նստած՝ անզգույշ հայտարարություններ է անում։ Փորձում են թշնամու բերանը տալ Արցախը։ Տարիներ շարունակ համոզել են, որ Արցախը բեռ է։ Ասում էին՝ ինչի՞ պետք է իմ տղան Աղդամում կանգնի։ Հիմա Ջերմուկում անգամ էլ հնարավոր չի կանգնել»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն արձագանքեց՝ հույս ունի, որ առաջին իսկ հնարավորության դեպքում խորհրդարանական ընդդիմությունը կվերադառնա՝ ազգը ժողովրդից եւ հայրենիքը պետությունից փրկելու իր օրակարգին։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովն այդպես էլ չընդունեց հայտարարությունը՝ ի պատասխան Ադրբեջանի Միլի մեջլիսի։ Քվեարկությանը մասնակցեցին 31 պատգամավորներ։ Բոլորը ներկայացնում էին խորհրդարանական ընդդիմությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները զերծ մնացին քվեարկությանը մասնակցելուց։

Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031