Հոգեբան Կարինե Նալչաջյանը «Հայելի» ակումբում հասարակության մեջ տիրող ընդհանուր իրավիճակը գնահատեց հուսահատական: «Պայքարի հզոր ներուժ ունեցող մարդն այսօր հուսահատված է: Եվ սա ցուցիչ է: Ցուցիչ, որ մենք այսօր ապրում ենք համատարած հուսահատության մեջ: Այդ հուսահատությունը հատկապես ուժեղացավ, երբ ընդդիմությունը չհասավ այն նպատակին, որի համար ամբողջ շարժումը կազմակերպվեց: Այն ժամանակ, երբ կային հանրահավաքները, մարդիկ ինչ-որ բան անելու ցանկություն ունեին: Այն ժամանակ մարդիկ գնում, այդ հանրահավաքներին մասնակցում էին եւ իրենց ինչ-որ բանի, ինչ-որ գործընթացների մասնակից էին զգում: Հիմա, երբ ամեն ինչ տապալվեց, ընդդիմադիրների բոլոր բացատրությունները, թե ինչ եղավ, հիմա իրենք ինչ են անում, իրենց ներսում ինչ դիրքորոշումներ ունեն, այդտեղ էլ ենք հուսահատություն տեսնում:
Ընդդիմության բերած փաստարկներն, ըստ էության, համոզիչ չեն: Եվ տեսնում ենք, որ իրենք էլ մինչեւ այս պահը ինքնակազմակերպման նշաններ դեռ ցույց չեն տալիս: Սա հուսահատության գիրկը գցեց նաեւ այն մարդկանց, որոնք պայքարել էին ուզում՝ նույնիսկ առողջության, կյանքի գնով: Մենք տեսնում էինք, թե այնտեղ ինչ նվիրյալներ ունեինք: Իմ ծանոթ բժիշկ պրոֆեսորը պատմում էր, որ իրեն այդ օրերին նույնիսկ ծեծել են, գլուխն ասֆալտին են խփել, ինքը վերքերով տուն է գնացել: Այսինքն, կան մարդիկ, նվիրյալներ ու այդ նվիրյալներն այսօր էլ կան: Հուսահատված մարդը սկսում է ապրել եսակենտրոն կյանքով: Բա ի՞նչ անեն, հո մասսայաբար չեն գնալու ինքնասպանության, որն առանց այդ էլ դանդաղ-դանդաղ լինում է:
Մենք բոլոր ամբիոններից անընդհատ ահազանգում ենք, որ այս ուղտը բոլորի դռանն է չոքելու: Խորհրդանշականորեն վերցնենք Վանաձորի դեպքը: Ես չգիտեմ, այդ մարդիկ, այդ ընտանիքը քաղաքական ի՞նչ կողմնորոշումներ, ի՞նչ հայացքներ է ունեցել: Բայց որտեղից որտեղ այդ ուղտը եկավ ու չոքեց այդ մարդկանց դռանը: Ու մենք չգիտենք, թե վաղն ինչ է լինելու: Թուլացածին հարված են հասցնում բոլոր կողմերից: Առհասարակ, այսպիսի բան կա. զոհին վարկաբեկում են ու նախ եւ առաջ վարկաբեկում է ագրեսորը, դահիճը: Տեսեք՝ մեզ ոնց են վարկաբեկում: Զոհին վարկաբեկում են նաեւ դիտորդները, կողքից դիտողները, որոնք առանձնապես ներգրավված չեն այդ պրոցեսներում: Ու գիտե՞ք, թե դիտորդն ինչ է մտածում: Մտածում է՝ դե երեւի մի բան արել է ու արժանի է: Արժանի է, եթե չի պայքարում, իր համար նոր ճանապարհներ չի բացում: Ու դիտորդն էլ սկսում է մտածել իր շահի տեսակետից, որ անդունդի մեջ ընկած զոհը հանկարծ իրեն էլ շքաշի ու հետը ձորը գցի: Հասկանո՞ւմ եք. խեղդվողին փրկելը վտանգավոր բան է: Եվ եթե տեսնում են, որ խեղդվում ես, ինքնապաշտպանական բնազդով իրենք կենտրոնանում են իրենց հարցերի վրա: Ու սա էլ հասկանալի է:
Իսկ ամենակարեւորն ու ամենասարսափելին այն է, որ զոհը նաեւ ինքն է իրեն վարկաբեկում: Մենք այսօր համատարած դրա մեջ ենք: Եթե նույնիսկ այս ինքնավարկաբեկման, ինքնաքննադատության մեջ կան ռացիոնալ տարրեր, եւ իսկապես կան, օրինակ, որ պահեր եղան, որ մարդկանց քանակից շատ բան էր կախված, բայց նրանք չուզեցին իրենց տաքուկ անկյուններից դուրս գալ, այնուամենայնիվ, զոհի ինքնավարկաբեկումը կործանարար բան է, որովհետեւ քո ինքնագնահատականն այդքան ընկած է, եթե դու քեզ այդ աստիճանի նվաստացած ես ու այդ նվաստացմանն արժանի ես զգում, ուրեմն, դու ոտքի կանգնելու շանսեր գրեթե չունես կամ դրանք շատ թույլ են»,-ասաց Կարինե Նալչաջյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ