Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանություն էիք, բա ճանաչեիք Արցախի անկախությունը, պարոն Մանուկյան»․ Հովիկ Աղազարյան

Դեկտեմբեր 02,2022 15:03

Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ ԱԺ-ում այսօր արտահերթ նիստ է՝ օրակարգում Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ ՀՀ ԱԺ-ի հայտարարության նախագիծը։ Ընդդիմությունը հայտարարեց, որ ՔՊ-ն դեմ է արտահայտվել «ԼՂ հանրապետություն» ձեւակերպմանը, Շուշիի հռչակագիրը դատապարտելուն, ՀՀ-ի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի եւ անվտանգության հանձնառություններն ամրագրելուն։ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը սա պարզաբանելիս պնդեց, որ նման ձեւակերպումները ռիսկային են եւ չեն նպաստում միջազգային կոնսոլիդացիային, նաեւ «մեկուսացում» որակեց նախորդ 30 տարվա քաղաքականությունը, իսկ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը հարցադրում հղեց նախորդ գումարումների ընդդիմադիր պատգամավորներ, իսկ այժմ՝ ՔՊ խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանին, Անդրանիկ Քոչարյանին, Գագիկ Մելքոնյանին, Շիրակ Թորոսյանին․ «Դուք այդ 30 տարին սխա՞լ եք ապրել»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշեց արձագանքել Գեղամ Մանուկյանին ու նախ ասաց, որ անցյալից լավ էլ դասեր քաղել են․ «Քաղել ենք 94թ․-ի սխալից, երբ ՀՀ-ն, որպես կողմ խառնվեց եւ ստորագրեց զինադադարի պայմանագիրը։ Դա մեծագույն սխալ էր, որովհետեւ ՀՀ-ն գործ չուներ Ադրբեջանի հետ, որովհետեւ ՀՀ-ն Ադրբեջանի հետ չէր կռվում։ Այդ ադրբեջանական թեզերը մի տարածեք։ Ադրբեջանի դեմ կռվում էր Արցախի ժողովուրդը։ ՀՀ-ից տասնյակ հազարավոր հայեր գնացին պաշտպանելու, բայց ՀՀ-ն Ադրբեջանի դեմ չէր կռվում։ Մեր սխալն այն էր, որ ՀՀ որոշ պաշտոնյաներ ավար բաժանելու նպատակով, որ իրենք են փրկել աշխարհն ու Արցախը, ստորագրեցին այդ թուղթը, որը պատճառ դարձավ շատ որոշումների, եւ ՀՀ-ն դարձավ օկուպանտ։ Դրա համար մենք հիմա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը տարանջատում ենք ՀՀ-Ադրբեջան հարաբերություններից»։

Հովիկ Աղազարյանը հիշեցրեց՝ 1992թ․-ին, երբ ՀՅԴ-ն, որի անդամ էր նաեւ ինքը, առաջարկեց ճանաչել Արցախի անկախությունը․ «Սակայն ԱԺՄ-ն մերժեց։ Չէ՞, ոնց չէ, ես եմ եղել խորհրդարանում։ Մենք առաջ քաշեցինք թեզ Արցախի անկախության ճանաչման մասին։ ԱԺՄ-ն առաջարկեց, որ ՀՀ-ի համար անընդունելի է որեւէ փաստաթուղթ, որով Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Այդ որոշումն այդպես ընդունվեց եւ շատ դրական բաներ տվեց։ Այն ժամանակվանից հետո դուք իշխանության մեջ էինք, եւ ինձ վռնդեցիք դաշնակցությունից․․․երեք անգամ ներողություն խնդրեցի, որ վերականգնեք, վռնդեցիք․․․ բա ճանաչեիք Արցախի անկախությունը։ Շատ լավ հարաբերությունների մեջ էիք Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ, ուժեղ դիրք ունեիք, բա ճանաչեիք․․․հիմա էլ եկել ստեղ ինչեր եք ասում։ Հիմա համարձակվեք ու թուղթ բերեք, որ ՀՀ-ն ճանաչում է Արցախի անկախությունը»։

Հովիկ Աղազարյանն անցյալից նաեւ այլ դրվագ հիշեց․ «Ես համենայն դեպս իմ գծից չեմ շեղվել, պարոն Մանուկյան։ Երբ Ռոբերտ Քոչարյանը եկավ-դառավ ՀՀ վարչապետ, ես այդ ժամանակ շատ ուրախ էի, որովհետեւ մինչեւ այդ էի ճանաչել իրեն։ Անգամ այսպիսի բան եմ ասել՝ Ռոբերտ Քոչարյանին պետք է օգտագործել որպես «բուլդոզեր»՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը տապալելու համար։ Տապալեցինք, բայց հետո գնացինք ավելի վատ ճանապարհով․ Ռոբերտ Քոչարյանը կեղծեց ընտրությունները։ Այդ կեղծիքների արդյունքում ունեցանք ա՜յն կորուստները»։

Ապա ՔՊ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը եւս անդրադարձավ Գեղամ Մանուկյանի ելույթին` հիշեցնելով, որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո ՀՀ այն ժամանակվա իշխանությունը չի ճանաչել Արցախի անկախությունը․ «Ձեր տրամաբանությամբ՝ ապրիլյան քառօրյայից հետո մենք սխալ ենք արել։ Բայց իրականում ճիշտ ենք արել։ Հիմա մեզ մեղադրում եք, որ Արցախի ինքնորոշման իրավունքը չենք պաշտպանում։ Ինչ խոսվում ու արվում է Արցախի հարցով, մի հարց է լուծում՝ ընկալելի լինել նաեւ միջազգային հանրության համար, եթե ընդունում ենք վերջինիս միջնորդությունը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հ․ Գ․ «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» նախագիծը չընդունվեց։ Կողմ էին 31 պատգամավորներ։ ՔՊ–ն չմասնակցեց քվեարկությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031