Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխքաղաքապետը՝ մեկ անձից գնման եւ արգելանքից հետո կնքված բազմամիլիոնանոց պայմանագրի մասին

Դեկտեմբեր 02,2022 14:50

Aravot.am-հետաքրքրվեց աղմկահարույց թեմայով՝ ինչու Երեւանի քաղաքապետարանը նախընտրեց աշխատել «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ, եւ ինչու հենց այս ընկերության հետ պայմանագիրը կնքվեց մեկ անձից գնման ընթացակարգով։ Երեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հետեւյալը նշեց․ «Ձեր հարցն օգտագործելով՝ անդրադառնամ այն կոնտեքստին, որը ստեղծվել է եւ մամուլում շրջանառվող կարծիքներին, ու հաճախ հնչող մտքին, թե չգիտեի՞ք, որ նոր տարի է գալու։ Գիտեինք, ժողովուրդ ջան, որ նոր տարի է գալու, բայց մեր օրենսդրությունը մեկ անձից գնման ընթացակարգով հիմքեր նախատեսում է ոչ միայն հրատապության դեպքում, չնայած այս դեպքում եւս մի փոքր հրատապ էր։

Կոնկրետ պահի հասկացանք, որ անհրաժեշտություն կա հաշվի առնել «Եվրատեսիլի» միջոցառումը, որպեսզի այս երկու իրադարձություները համընկնեն։ Իսկ ինչո՞ւ «Սինեմարտ», որովհետեւ այդ ընկերության հետ մեր պայմանավորվածությունների ընթացքում եղել են այլ պայմանավորվածություններ՝ այլ ընկերությունների հետ։ «Սինեմարտ» ՍՊԸ-ն նշել է, եւ մենք այդ հանգամանքը կարեւորել ենք, որ ներգրավելու է մասնագետներ՝ այլ երկրներից, մասնավորապես Վրաստանից, որտեղ տարիներ շարունակ այս մասշտաբի լուսավորություն է իրականացվում։ Մեզ համար կարեւոր էր, որ դա անեն մարդիկ, որոնք դրա փորձը ունեն, որպեսզի լինի ոչ միայն գեղեցիկ, այլեւ անվտանգ»։

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց, որ վերջին շրջանում իրենք արտառոց ռեժիմով են աշխատել, փորձել են համադրել քաղաքապետարանի իրականացրած աշխատանքները՝ եվրատեսիլյան միջոցառումների հետ, որպեսզի մեծաթիվ հյուրերը հնարավորություն ունենան տեսնել Երեւանի լուսավորությունը, քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումներին մասնակից լինեն։ «Այս համատեքստում որոշակի անհարմարություններ ենք պատճառել երեւանցիներին․ բայց հուսով եմ՝ մեր քաղաքացները կհասկանան, թե ինչն է եղել պատճառը, երբ տեսնեն արդյունքը։ Վստահաբար այդ արդյունքը լինելու է շատ տպավորիչ»։

Լրագրողներից մեկի հարցին՝ որքանո՞վ է արդարացված ավելի քան 191 մլն դրամի պայմանագիր կնքել «Սինեմարտ» ընկերության հետ, որը ոլորտում փորձ չունի, այս ընկերության վրա 2021 թ․ արգելանք էր դրվել, որը հանվել էր Երեւանի քաղաքապետարանի հետ պայմանագրի ստորագրումից օրեր առաջ։ Ընդ որում, 191 մլն դրամից 52 մլն դրամն էլ հատկացվելու է լուսավորության ենթակառուցվածքի ապամոնտաժման համար, արդյոք դա բավարա՞ր է ապամոնտաժելու, պատմական շենքներին պատճառված վնասները վերացնելու համար։

«Ընկերության վերաակտիվացման մասին տեղյակ եմ, դա աննշան գումար էր։ Ասեմ ավելին՝ մեր բազմաթիվ քաղաքացիների հաշիվներին պարբերաբար արգելանքներ են դրվում, դա իրենց չի բնորոշում որպես վատ, անպարտաճանաչ քաղաքացի»,-պատասխանեց Սուրեն Գրիգորյանը։ Ինչ վերաբերվում է թափանցիկ մրցույթների միջոցով ընտրված ընկերությունների հետ աշխատելուն, փոխքաղաքապետն ասաց, որ դրանք երկնքից ընկած մանանա չեն, հաճախ արդյունքներն ավելի վատ են լինում։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031