Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցրեք Քոչարյան Անդրանիկին, Շիրակ Թորոսյանին կամ Գագիկ Մելքոնյանին․ իրենք 30 տարի սխա՞լ են ապրել»․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ին

Դեկտեմբեր 02,2022 14:40

Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ ԱԺ-ում այսօր արտահերթ նիստ է՝ օրակարգում Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ ՀՀ ԱԺ-ի հայտարարության նախագիծը։ Ընդդիմությունը հայտարարեց, որ ՔՊ-ն դեմ է արտահայտվել «ԼՂ հանրապետություն» ձեւակերպմանը, Շուշիի հռչակագիրը դատապարտելուն, ՀՀ-ի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի եւ անվտանգության հանձնառություններն ամրագրելուն։ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը սա պարզաբանելիս պնդեց, որ նման ձեւակերպումները ռիսկային են եւ չեն նպաստում միջազգային կոնսոլիդացիային, նաեւ «մեկուսացում» որակեց նախորդ 30 տարվա քաղաքականությունը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը նկատեց․ «Կզարմանայի, որ նախորդ 30 տարին չհիշեիք, բայց նկատի ունեցեք, որ դրանից 4 տարին ձերն է։ Բացի այդ, մերժում եք ինքնորոշման իրավունքը, իսկ «ԼՂ հանրապետություն» ձեւակերպումը ձեր համար անընդունելի է։ Ձեր նախընտրական ծրագրում, սակայն, գրել եք ինքնորոշման իրավունքի մասին, խոստացել․․․կառավարության մինչեւ 26թ․-ի ծրագրում եւս խոսել եք ինքնորոշման իրավունքի մասին, իսկ հիմա ասում եք, թե իրավիճակն ավելի չլարելու համար այդ տերմինաբանությունից պետք է հրաժարվել։ Մայիսին ու սեպտեմբերին, երբ Ադրբեջանը հարձակվում էր, դուք էլի հրաժարվել էինք չէ՞ այդ տերմիններից։ Այսինքն, կարծում եք, որեւէ խոչընդոտ կա՞ Ադրբեջանի համար։ Փաստորեն, 2021թ․-ի ընտրություններում դուք քվե եք գողացել, որովհետեւ խոստացել եք մի բան ու արել հակառակը»։

Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց․ «Ինչ-ինչ, բայց քվե գողանալու մասին դուք մի խոսեք, առավել եւս՝ մեր մասին նման տարօրինակ մեղադրանքներ մի հնչեցրեք․․․հրաժարվո՞ւմ ենք ինքնորոշման իրավունքից։ Ես բաց ու թափանցիկ ներկայացրել եմ մեր դիրքորոշումներն ու այն ռիսկերը, որոնք առաջացնում են ձեր ասած ձեւակերպումները։ Մենք ոչնչից չենք հրաժարվում։ Մեր առաջարկած ձեւակերպումները որեւէ կերպ չեն բացառում ինքնորոշման իրավունքը։ Մենք ձեր ձեւակերպումները չենք ընդունել՝ պայմանավորված դրանց ապակառուցողական հետեւանքներով։ Հրաժարվո՞ւմ ենք արդյոք ՀՀ-ի դերից՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության եւ այլ իրավունքների երաշխավոր։ Մեր իշխանության օրոք է, որ Արցախը ստացել է այնքան բյուջետային օգնություն, որքան չի ստացել նախորդ 30 տարում․․․ ՌԴ խաղաղապահները տեղակայված են, եւ արցախահայության անվտանգության առաջնային պատասխանատուն այդ զորախումբն է»։

Ի պատասխան Ագնեսա Խամոյանը բառացի հիշեցրեց ՔՊ նախընտրական ծրագիրը եւ փաստեց, որ ԱԺ հայտարարության նախագծի քննարկումների ժամանակ ՔՊ-ն հրաժարվել է «ինքնորոշման իրավունք» ձեւակերպումից․ «Կրկնում եմ, որ դուք հրաժարվում եք ինքնորոշման իրավունքից։ Ինչ վերաբերում է քվե գողանալուն, դուք միակ կուսակցությունն եք, որ անգամ վարչության նիստում եք մեկդ մյուսից քվե վերցնում եւ այս ու այն կողմ դնում։ Փակեք թեման։ Ադրբեջանի հարձակումների ժամանակ դուք նույն խաղաղության դարաշրջանի տրամաբանության մեջ էիք, բայց հարձակումները տեղի ունեցան»։

Էդուարդ Աղաջանյանն արձագանքեց․ «Եթե ձեր կուսակցություններում կայանային այնպիսի ժողովրդավարական գործընթացներ, որոնք եղել են ՔՊ-ում, ապա կտարբերեիք, որ վարչության նիստի ժամանակ չեն ընտրում։ Դա կոչվում է կուսակցության համագումար։ Ինչ վերաբերում է Արցախի անվտանգության ապահովմանը, ապա ձեր տերմինաբանությամբ նպաստո՞ւմ ենք Արցախի ժողովրդի անվտանգությանը։ Կարծում եմ հնարավորինս պարզ եմ ասել մտավախություններս, որոնք կապված են արցախահայության հանդեպ ռիսկերի ավելացման հետ։ Ձեւակերպումները, որոնք բերեցիք մեր նախընտրական ծրագրից, չեն հակասում մեր այսօրվա գործողություններին, որովհետեւ կրկնում եմ՝ մեր դիրքորոշումն ուղիղ նպատակ ունի ավելացնել եւ ամրագրել Արցախի շուրջ անվտանգային միջավայրը»։

Ապա «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն ասաց․ «Այդ 30 տարվա տերմինն ու թալանն այնքան եք կրկնել, որ 22-23 տարեկան երեխաներին էլ են մեղադրում 30 տարվա թալանի համար․․․90 թվից մինչեւ 2020-ը նկատի ունե՞ք։ Պատերազմի մեղքը բարդեցիք այդ 30 տարվա ձեւակերպումների վրա։ Հարցրե՞լ եք Շիրակ Թորոսյանին, որը երեք գումարումներում ԱԺ պատգամավոր է եղել, ինքը սխա՞լ տերմինաբանություն է օգտագործել։ 95-99թ․-ի իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին հարցրե՞լ եք՝ ինքը սխա՞լ տերմինաբանություն է օգտագործել։ Նաեւ հարցրեք Խաչատուր Սուքիասյանին, Վիգեն Խաչատրյանին, Հովիկ Աղազարյանին, որը Ռուբեն Ռուբինյանի հոր հետ միասին այս խորհրդարանում քվեարկել է հատուկ որոշման օգտին, ըստ որի՝ ՀՀ որեւէ պաշտոնյա չի կարող ընդունել որեւէ բանաձեւ, որով Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Գագիկ Մելքոնյանին հարցրեք, որը Վազգեն Սարգսյանի զինակիցն է եղել ու պաշտպանության փոխնախարար, հարցրեք՝ 30 տարի սխա՞լ են իրենք ապրել, թե 30 տարի անց ավերակ բերեցիք մեր գլխին»։

ՔՊ-ականների շարքերից աղմուկ լսվեց։ Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց, որ իրենք իրենց սխալներն ընդունելու բարդույթներ չունեն, եւ դա վերաբերում է նաեւ վարչապետին։ Գեղամ Մանուկյանն արձագանքեց, որ սխալներ բոլորն են գործել, բայց ՔՊ-ի գործած սխալները, որոնք Արցախը հասցրին այս վիճակին, ոչ թե պարզապես սխալներ են, այլ շատ ավելի վատ բան։

Հիշեցնենք, որ ընդդիմության հեղինակած հայտարարության նախագծում, հաշվի առնելով Ադրբեջանի խորհրդարանի կողմից Արցախի խնդրի եւ իրականության խեղաթյուրման միտումները, ամրագրվում են հետեւյալ փաստերը․

1. Ադրբեջանը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, պատմական փաստերը։ Հակամարտությունը ծագել է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշման և իրավունքների ոտնահարմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան` ընդդեմ իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:

2. 1994թ. մայիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի կողմից ստորագրվել է հրադադարի հաստատման համաձայնություն, որով սահմանված ուժի գործադրման կամ դրա սպառնալիքի կիրառման արգելքը Ադրբեջանը պարբերաբար խախտել է։

3. Ադրբեջանը, Թուրքիայի ու վարձկան միջազգային ահաբեկիչների ներգրավվածությամբ, 2020 թվականի սեպտեմբերի 27–ին պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ՝ խախտելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական մանդատ ունեցող երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հիմնարար գնահատված Հելսինկյան Եզրափակիչ Ակտի (1975թ.) ԵԱՀԿ/ԵԱԽՀ մասնակից պետությունների միջև հարաբերություններն ուղղորդող սկզբունքների հռչակագիրը, մասնավորապես՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու միջազգային պարտավորությունը։

4. 44–օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը և այդ երկրի դաշնակիցներն իրագործել են մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործություններ և բարբարոսություններ՝ կիրառելով արգելված զենքեր, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ավիրելով քաղաքներ և գյուղեր։

5. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը վարում է էթնիկ զտման և մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականություն։ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում են մնացել 1456 հայկական պատմամշակութային հուշարձաններ, հսկայածավալ մշակութային ժառանգություն, որոնք բացահայտորեն ոչնչացվում կամ յուրացվում են՝ կեղծելով դրանց պատկանելությունը:

6. Կոպտագույն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը՝ Ադրբեջանն արգելափակել է իր կողմից օկուպացված Արցախի շրջաններում և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված Հայաստանի Հանրապետության տարածքներում անհետ կորածների որոնման աշխատանքները, ինչպես նաև խոչընդոտում է զոհված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինների դուրս բերմանը:

7. Ադրբեջանն իր մտադրություններով և քաղաքականությամբ դառնում է նոր պատերազմի ու տարածաշրջանային անկայունության աղբյուր, որի ապացույցներից է 2021 թվականի հունիսի 15–ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած, մեզ համար անընդունելի և դատապարտելի, այսպես կոչված, Շուշիի հռչակագիրը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031