ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողները հնարավորություն կստանան իրենց նախաձեռնությամբ ատեստավորվելու և դրա արդյունքում ստանալու հավելավճար։
Արտադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատող կադրեր
2021-2022 ուստարում երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդել է 5099 ուսուցիչ (76.8 %-ը՝ կանայք), որոնց 42.6 %-ն ունեցել է միջին մասնագիտական կրթություն: Սպորտային կազմակերպություններում մարզումներն իրականացրել է 2104 մարզիչ-մանկավարժ (15.4 %-ը՝ կանայք):
Հարկ է նշել, որ առ այսօր որևէ իրավական ակտով սահմանված չեն արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու նկարագիրը, մինչդեռ մանկավարժների ոչ միայն մասնագիտական պատրաստվածությամբ, այլև գործառույթների հստակ սահմանմամբ է պայմանավորված, թե ինչպիսի կարողունակություններով պետք է օժտված լինի անձը՝ կրթության կազմակերպման արդյունքում կարողունակ քաղաքացի ձևավորելու համար։
Արտադպրոցական հաստատությունների ֆինանսավորումը
Կարդացեք նաև
Ներկայում գործող ֆինանսավորման բանաձևը հնարավորություն չի տալիս գործընթացն իրականացնելու նույն սկզբունքով, և այս ոլորտում չի ապահովում տեղական, մարզային, պետական մարմինների, ինչպես նաև միջգերատեսչական համագործակցության բարելավումը, պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի թափանցիկության իրագործումը։ Արտադպրոցական հաստատությունների ֆինանսավորման համար անհրաժեշտ է կիրառել միասնական մոտեցում՝ հնարավորինս ստույգ հաշվարկել ֆինանսավորումը յուրաքանչյուր անհատական դեպքի համար:
Նախագծով առաջարկվող փոփոխություններով հնարավոր կլինի.
սահմանել հիմնական դրույթները, նպատակները, խնդիրներն ու զարգացման ուղիները, որոնք համընդհանուր են արտադպրոցական կրթության և դաստիարակության ոլորտում նոր որակական նախադրյալներ ստեղծելու համար,
նպաստել մատուցվող ծառայությունների որակի և մատչելիության բարելավմանը, որի ապահովումը ենթադրում է՝
ոլորտի կադրային համալրում, զարգացնող միջավայրի ստեղծում, ինքնակրթություն, փորձի փոխանակում: Մանկավարժական գործունեությունը մանկավարժից պահանջում է գիտելիքների և մասնագիտական կարողությունների անընդհատ զարգացում: Հայաստանում մանկավարժների, այդ թվում՝ արտադպրոցական ուսհաստատություններում աշխատող մանկավարժների ցածր աշխատավարձը խոչընդոտում է մարդկային լավագույն կապիտալի, այդ թվում՝ արական սեռի մասնագետների մուտքը ոլորտ, վերջիններիս չի մղում մասնագիտական զարգացման: Այս խնդիրը լուծելու նպատակով պետք է մշակվի արդյունքի վրա հիմնված մանկավարժների կամավոր ատեստավորման կարգ, որը հնարավորություն կտա հավելավճարի տեսքով հասնելու աշխատավարձի բարելավման: Համաձայն ՀՀ կառավարության որոշման՝ արտադպրոցական հաստատություններում մանկավարժները կարող են դասավանդել շաբաթական 24 ժամ, որը համարժեք է 1 դրույքի։ Ըստ այդմ՝ արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժի մեկ դրույքի համար հաշվարկվում է 132 276 ՀՀ դրամ աշխատավարձ: Առաջարկվող նախագծի ընդունմամբ և համապատասխան կարգի գործարկմամբ արտադպրոցական ուսհաստատության մանկավարժական աշխատողները կարող են իրենց նախաձեռնությամբ մասնակցել գիտելիքների գնահատման գործընթացին և դրա արդյունքում ստանալ 30-50 % հավելավճար,
ֆինանսատնտեսագիտական պայմաններ՝ պետության կողմից երաշխավորված ֆինանսավորում՝ նոր մեխանիզմների ներդրմամբ,
ուսումնական գործընթացի և օրենսդրության կատարելագործում՝ կարգերի, ուսումնական պլանների, ծրագրերի մշակմամբ և լրամշակմամբ:
Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև դեկտեմբերի 16-ը կարող են նախագծերի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ