Լրահոս
Օրվա լրահոսը

«Հորս փորձում են մեղադրանք առաջադրել… Իմ հերն ինձ ասել է՝ տղա ջան, էս պայքարից հետ կանգնել չկա, մեր տան հարսներն էլ են պատրաստ նստելու, ինչ կարան, թող անեն». Իշխան Սաղաթելյան

Դեկտեմբեր 02,2022 13:38

Ընդդիմության պատգամավորները սկսել են մանդատները վայր դնել: Այսօր ԱԺ-ում լրագրողները «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին հարցրեցին՝ ինքը պատրաստվո՞ւմ է մանդատը վայր դնել, որովհետեւ մամուլում այդ մասին հրապարակումներ կան՝ նա պատասխանեց. «Այո, չեմ թաքցնի, այդ մասին քննարկումներ եղել են: Բայց ՀՅԴ ԳՄ-ն կայացրել է որոշում, որ «Հայաստան» խմբակցության բոլոր դաշնակցական պատգամավորները պետք է մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին: ՀՅԴ-ի մեջ անհատական, անձնական որոշումները չկան այլեւս, երբ որ կա Գերագույն մարմնի որոշում: Հետեւաբար, ես իմ մանդատը վայր չեմ դնելու: Եթե դնեինք, դնելու էինք բոլորս, եթե մասնակցում ենք, մասնակցում ենք բոլորս»:

Հարցին՝ ի՞նչ լուրջ տարաձայնություններ կան, որ խմբակցության մյուս պատգամավորները մանդատները դնում են եւ ըստ ցուցակի ովքեր պետք է գան, իրենք եւս հրաժարվում են իրենց մանդատներից՝ նա պատասխանեց. «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն արել է, «Հայաստան» խմբակցությունը դրան պատասխանել է, ես որեւէ մեկնաբանություն դրան չունեմ, ամեն ինչ եղել է հրապարակային»:

Հարցին՝ հնարավո՞ր է իշխանությունների գործոնը կա, մամուլում Վահե Հակոբյանին հնարավոր ձերբակալելու տարբերակներ կան, կարո՞ղ է ճնշումերի միջոցով փորձում են կազմաքանդել ընդդիմադիր խմբակցությունը՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց՝ այն, որ իշխանությունը ամեն կերպ, բոլոր հնարավոր օրինական ու ապօրինի մեթոդներով փորձում է ճնշումներ գործադրել ընդդիմադիրների նկատմամբ՝ ակնհայտ է, կան բազմաթիվ փաստեր. «Ես ՀՅԴ-ի անունից ասում եմ, որ որեւէ ճնշում, որեւէ փորձ, ինչ ուզում է անեն, մենք մինչեւ վերջին շունչ բոլոր հնարավոր մեթոդներով մեր պայքարը շարունակելու ենք»:

Սաղաթելյանը նշեց, որ խորհրդարանը պայքարի գործիքներից մեկն է, փողոցային պայքարի հետ համադրելու են ու հայտարարեց. «Այս իշխանությանը, որի գործունեության արդյունքում մեր հայրենիքի մի մասը մնացել է թշնամուն եւ շարունակում են քաղաքականությունը, այդ իշխանությանը հեռացնելու ցանկացած միջոց արդարացված է, այդ թվում՝ ժողովրդական ապստամբությունը»:

Իշխան Սաղաթելյանը հիշեց, որ վերջին 3 տարիներին, հատկապես՝ վերջին 6 ամսվա ընթացքում իր ընտանիքը ենթարկվում է հետապնդումների. «Ապօրինի խուզարկություններ, հարցաքննություններ, ինչ կարող են ՝անում են: Հայրս էլ է հարցաքննվել, հարազատներիս ընկերություններ են մտել, ապօրինի քայլեր արել, խուզարկել են, հորս փորձում են մեղադրանք առաջադրել, մի ուրիշ գործով կանչել են հարցաքննության: Ձեզ ընդամենը մի բան ասեմ՝ իմ հերն ինձ ասել է՝ տղա ջան, էս պայքարից հետ կանգնել չկա, մեր տան հարսներն էլ են պատրաստ նստելու, ինչ կարան, թող անեն: Իսկ ինչ վերաբերում է մանդատից զրկելուն, սրանք մեր հայրենիքից են զրկել, 5000 հայորդու կյանքից են զրկել, մանդատը ի՞նչ է, որ չփորձեն զրկել: Վստահ եմ, որ փորձելու են զրկել, թող փորձեն»:

Նա վստահեցրեց, որ իրենց օրակարգն է կանխել կապիտուլյացիան, հեռացնել այս իշխանությանը. «Հայաստանում կան ուժեր, որոնք կանխում են Նիկոլ Փաշինյանին ստորագրել այսպես կոչված խաղաղության պայմանագիրը: Պայքարը պետք է շարունակվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031