Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյան. ընդդիմությանը մեղադրում են, որ չեն գալիս խնդիրները միասին լուծելու, բայց սա եւս մեկ փաստ է, որ այս իշխանության հետ չկա ճանապարհ

Դեկտեմբեր 02,2022 13:08

«Ընդդիմությունը նախաձեռնել է, որ ՀՀ ԱԺ-ն հանդես գա հայտարարությամբ՝ դատապարտելով Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը, ինչպես նաեւ մի շարք հարցերի հետ կապված տա գնահատականներ: 3 հիմնական սկզբունքների հիման վրա է կառուցված մեր հայտարարությունը, առաջինը՝ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, կարգավիճակի մասին, ինչպես նաեւ ՀՀ հանձնառության մասին: Տեքստը, որը ներկայացվել է ՔՊ-ին, իրենք իրենց առաջարկություններ են արել: Այդ առաջարկությունների մեջ ջնջել են Արցախի Հանրապետություն բառակապակցությունը, դրա փոխարեն ավելացրել են Ղարաբաղի հայություն: Որտեղ կա ինքնորոշման իրավունքի իրացում, ջնջել են, ինչպես նաեւ Հայաստանի հանձնառության մասին եւ «Հայաստան» խմբակցության տեքստ ամբողջությամբ աղավաղել»,- քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ընդդիմության հայտարարության նախագիծը, որը մերժվել է իշխող ուժի կողմից:

Իշխան Սաղաթելյանը տարակուսած է՝ ստացվում է, որ Ֆրանսիայի սենատը հանդես է գալիս հայտարարությամբ, Արցախի խորհրդարանը հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ ՀՀ ԱԺ-ն հրաժարվում է նման հայտարարությամբ հանդես գալ: Թե ինչն է պատճառը՝ Սաղաթելյանը պատասխանեց. «Օրվա իշխանությունը, սա եւս մեկ փաստ, հեռացել է ՀՀ-ի ու Արցախի շահերը սպասարկելուց, շարունակում է սպասարկել Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգային շահերը: Ուրիշ որեւէ բացատրություն այս պահվածքի մեջ չկա: Ընդ որում, ուզում եմ հատուկ շեշտել՝ հայտարարության մեջ որեւէ քաղաքական գնահատական չկա: Բացառապես հայտարարությունը վերաբերվում է Արցախին եւ Հայաստանին: Հիմա շատ հետաքրքիր պրոցես է տեղի ունենում: Մենք խոսում եք ՀՀ-ի ու Արցախի անվտանգությունից, երկրի առջեւ կանգնած մարտահրավերներից, իրենք, ինչպես միշտ, փորձում են օրակարգը շեղել»:

Իշխան Սաղաթելյանը նկատեց, որ ընդդիմությանը մեղադրում են, որ չեն գալիս խնդիրները միասին լուծելու, բայց սա եւս մեկ փաստ է, որ այս իշխանության հետ չկա ճանապարհ, այս իշխանության հետ լինելու է «նոր պատերազմ եւ նոր կապիտուլյացիա»: Սաղաթելյանի դիտարկմամբ՝ եթե թշնամին եկել հասել է Վարդենիս ու Ջերմուկ ու դու չես ուզում պաշտպանել քո շահերը, որեւէ դաշնակից երկրից, միջազգային հանրությունից պահանջելու բան չունես:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031