Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Աղաջանյանը «ռիսկային» որակեց այն ձեւակերպումները, որոնք արդեն իսկ ամրագրված են ՔՊ-ի նախընտրական ծրագրում

Դեկտեմբեր 02,2022 12:48

Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ ԱԺ-ում այսօր արտահերթ նիստ է՝ օրակարգում Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ ՀՀ ԱԺ-ի հայտարարության նախագիծը։ Ընդդիմությունը հայտարարեց, որ ՔՊ-ն դեմ է արտահայտվել «ԼՂ հանրապետություն» ձեւակերպմանը, Շուշիի հռչակագիրը դատապարտելուն, ՀՀ-ի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի եւ անվտանգության հանձնառություններն ամրագրելուն։

ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը պարզաբանեց պատճառները․ «Նախագծում կային դրույթներ, որոնք համահունչ էին մեր պատկերացումներին։ Կա քաղաքական կամք՝ ԱԺ անունից այս իրավիճակում հանդես գալու ընդհանուր հայտարարությամբ, ուստի քննարկումները կայացան։ Չնայած կային բավականին մեծ թվով դրույթներ, որոնց շուրջ հնարավոր եղավ գալ համաձայնության, ցավոք, կային նաեւ ձեւակերպումներ, որոնց հետ կապված դիրքորոշումները երկու կողմի մոտ սկզբունքային էին, եւ համաձայնության գալ չեղավ»։

Ուշագրավ է, որ Էդուարդ Աղաջանյանը չցանկացավ կատարվածը պարզաբանել այնքան մանրամասն, որքան Անդրանիկ Թեւանյանն էր մանրամասնել՝ ասելով, թե ՔՊ-ն որ ձեւակերպումներին է դեմ եղել։ Աղաջանյանն ասաց․ «Մեր գնահատականն այն է, որ երեսուն տարի շարունակվող արտաքին քաղաքականության արդյունքն ու հետեւանքն այն «ստատուս քվո»-ն է, որն արձանագրված է այսօր։ Ի հակադրություն այս դիրքորոշման՝ հնչում է կարծիք, որ հետպատերազմյան գործընթացները գալիս են ապացուցելու, թե խաղաղության օրակարգը նույնպես չի երաշխավորում ԼՂ-ի եւ ՀՀ-ի շուրջ անվտանգությունը։ Սրան հետեւում է հարցադրում՝ կարո՞ղ եք պնդել, որ ձեր որդեգրած արտաքին քաղաքականությունը, որն արտահայտվում է բառամթերքի հստակ տարբերությամբ, որն էլ պատճառ եղավ համատեղ հայտարարության ընդունումը ձախողելուն, կերաշխավորի հետագա ռազմական էսկալացիան։ Իրավիճակի վերլուծությունն այլ պատկեր է տալիս։ Ցավալիորեն, որեւէ բան բացառել հնարավոր չէ, այդ թվում հնարավոր սադրանքներն Ադրբեջանի կողմից։ Սակայն մի բան մեր համար հստակ է՝ խաղաղության օրակարգից բխող դիվանագիտությունն է գլխավոր, եթե ոչ միակ պատճառը, որ Ադրբեջանի ամեն սադրիչ գործողությանը հետեւում է միջազգային հանրության այդչափ միահամուռ դատապարտող գնահատականը»։

Ապա Աղաջանյանը հարցադրում արեց՝ 30 տարվա արտաքին քաղաքականությունը, որի պատճառով ՀՀ-ն, իր կարծիքով, հայտնվել էր դիվանագիտական մեկուսացման մեջ, որեւէ ազդեցություն ունեցե՞լ է այն իրավիճակի վրա, որն այսօր կա․ «Այո, ունեցել է եւ կարեւոր նշանակություն է ունեցել։ Որպեսզի 30 տարվա դիվանագիտության ազդեցության հետեւանքը պատկերացնեք, «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը վստահաբար ձեզ ներկայացրած կլինի քննարկումները ԵԱՀԿ-ում, որովհետեւ պատվիրակության անդամ է։ Այդ քաղաքականության հետեւանքներն այսօր շոշափելի են՝ հաշվի առնելով Ադրբեջանի պատվիրակությունների այսօրվա բառապաշարը եւ հիշեցումները։ Ցավոք, միջազգային հանրության ընկալումները նախկինում տեղի ունեցածի մասին չեն փոխվել։ Ադրբեջանը դրանք արդյունավետ օգտագործել է։ Մեր նպատակն է՝ շրջել այդ «մեկուսացման անիվը» եւ ՀՀ-ի շուրջ միջազգային կոնսոլիդացիա ապահովել՝ խոսելով եւ օգտագործելով այնպիսի տերմինաբանություն, որոնք ընկալելի եւ ընդունելի են միջազգային հանրության համար։ Սրանով է պայմանավորված սկզբունքային տարաձայնությունը «Հայաստան» խմբակցության հետ։ Նրանց առաջարկած ձեւակերպումները չէին նպաստելու այդ կոնսոլիդացիայի ձեւակերպմանը։ Հակառակը, ռիսկեր կառաջանային՝ ՀՀ-ին այդ ճանապարհից շեղելու համար։ «Հայաստան» խմբակցության տերմինաբանությունն ավելի շատ ռիսկեր է առաջացնում, քան նպաստում է ՀՀ-ի խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։ Մենք չենք կարող ընդունել մի հայտարարություն, որը նման ռիսկեր է պարունակում»։

Հ․Գ․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2021թ․-ի նախընտրական ծրագրում ամրագրված է․ «Արտաքին և անվտանգային քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են լինելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման միջոցով Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը և հումանիտար խնդիրների լուծումը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ողջ ներուժը վերոնշյալ նպատակներին հասնելու համար` առաջնորդվելով մեր պետական շահերով և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականով»։

Էդուարդ Աղաջանյանի վերոնշյալ հայտարարությունն արդյոք ենթադրո՞ւմ է, որ իրենք հրաժարվում են իրենց իսկ նախընտրական ծրագրով ամրագրված սկզբունքներից։ Կամ, ՔՊ-ն այսպես փաստո՞ւմ է արդյոք, որ հրաժարվում է ՀՀ-ի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման պարտավորությունից՝ իրավիճակը մատուցելով «միջազգային կոնսոլիդացիա»-ի անվան տակ, կամ ենթադրյալ «խաղաղության օրակարգն» առաջ է մղում Արցախի ինքնորոշման իրավունքի հաշվին՝ դրա բոլոր հետեւանքներով։

Հիշեցնենք, որ ընդդիմության հեղինակած հայտարարության նախագծում, հաշվի առնելով Ադրբեջանի խորհրդարանի կողմից Արցախի խնդրի եւ իրականության խեղաթյուրման միտումները, ամրագրվում են հետեւյալ փաստերը․

1.Ադրբեջանը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, պատմական փաստերը։ Հակամարտությունը ծագել է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշման և իրավունքների ոտնահարմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան` ընդդեմ իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:

2.1994թ. մայիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի կողմից ստորագրվել է հրադադարի հաստատման համաձայնություն, որով սահմանված ուժի գործադրման կամ դրա սպառնալիքի կիրառման արգելքը Ադրբեջանը պարբերաբար խախտել է։

3.Ադրբեջանը, Թուրքիայի ու վարձկան միջազգային ահաբեկիչների ներգրավվածությամբ, 2020 թվականի սեպտեմբերի 27–ին պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ՝ խախտելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական մանդատ ունեցող երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հիմնարար գնահատված Հելսինկյան Եզրափակիչ Ակտի (1975թ.) ԵԱՀԿ/ԵԱԽՀ մասնակից պետությունների միջև հարաբերություններն ուղղորդող սկզբունքների հռչակագիրը, մասնավորապես՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու միջազգային պարտավորությունը։

4.44–օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը և այդ երկրի դաշնակիցներն իրագործել են մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործություններ և բարբարոսություններ՝ կիրառելով արգելված զենքեր, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ավիրելով քաղաքներ և գյուղեր։

5.Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը վարում է էթնիկ զտման և մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականություն։ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում են մնացել 1456 հայկական պատմամշակութային հուշարձաններ, հսկայածավալ մշակութային ժառանգություն, որոնք բացահայտորեն ոչնչացվում կամ յուրացվում են՝ կեղծելով դրանց պատկանելությունը:

6.Կոպտագույն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը՝ Ադրբեջանն արգելափակել է իր կողմից օկուպացված Արցախի շրջաններում և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված Հայաստանի Հանրապետության տարածքներում անհետ կորածների որոնման աշխատանքները, ինչպես նաև խոչընդոտում է զոհված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինների դուրս բերմանը:

7.Ադրբեջանն իր մտադրություններով և քաղաքականությամբ դառնում է նոր պատերազմի ու տարածաշրջանային անկայունության աղբյուր, որի ապացույցներից է 2021 թվականի հունիսի 15–ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած, մեզ համար անընդունելի և դատապարտելի, այսպես կոչված, Շուշիի հռչակագիրը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031