Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն դեմ է արտահայտվել «ԼՂ հանրապետություն» ձեւակերպմանը եւ Շուշիի հռչակագիրը դատապարտելուն»․ Անդրանիկ Թեւանյան

Դեկտեմբեր 02,2022 12:16

Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ ԱԺ-ում այսօր արտահերթ նիստ է՝ օրակարգում Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ ՀՀ ԱԺ-ի հայտարարության նախագիծը։ Հարցի զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանից նույն խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հետաքրքրվեց․ «Արդեն հայտնի է, որ այս ընթացքում քննարկումներ են եղել ՔՊ-ի հետ։ Որո՞նք հիմնական կետերը, որոնց դեմ է արտահայտվել ՔՊ-ն, որո՞նք են եղել այն առաջարկները, որոնք ընդունելի չեն եղել «Հայաստան» խմբակցության համար, որովհետեւ սա մի նախագիծ է, որում չկա ներքաղաքական որեւէ ձեւակերպում։ Ո՞րն է պատճառը, որ, փաստորեն, համաձայնության գալ չի ստացվել»։

Անդրանիկ Թեւանյանը պատասխանեց․ «Անհամաձայնությունը վերաբերում է ձեւակերպմանը՝ «Լեռնային Ղարաբաղի հանրապետություն» կամ «Արցախի հանրապետություն»։ ՔՊ-ն դեմ է ձեւակերպմանը։ «Հանրապետություն» ձեւակերպումն իրենք ջնջել են։ Մեր մոտ գրված է՝ «պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի հանրապետության դեմ հարձակում Ադրբեջանի կողմից», իսկ իրենք առաջարկում են՝ «Լեռնային Ղարաբաղի հայության վրա հարձակում», ինչը նշանակում է, որ Ղարաբաղի ժողովուրդը դիտարկվում է որպես Ադրբեջանում բնակվող փոքրամասնություն։ Մեր համար ընդունելի չէ նման ձեւակերպումը»։

Անդրանիկ Թեւանյանի խոսքով՝ ՔՊ-ն դեմ է արտահայտվել նաեւ ՀՀ-ի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման մասին եւ անվտանգության ապահովման պարտավորության մասին ձեւակերպմանը․ «Մինչդեռ դրանք բխում են ՀՀ անկախության հռչակագրից։ Դեմ են նաեւ Շուշիի հռչակագրի դատապարտմանը։ Այդ մասն ընդհանրապես հանել են։ Մեր համար նման մոտեցումը ՔՊ-ի անընդունելի է։ Մենք դեմ ենք Արցախը հանձնելու գնով խաղաղության հաստատմանը, որովհետեւ դա բերելու է նաեւ ՀՀ-ի կապիտուլյացիային»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ցանկացավ, իր բնորոշմամբ, անկյունաքարային հարց հստակեցնել՝ ինչո՞ւ են հղում անում ՀՀ անկախության հռչակագրին, չէ՞ որ դրանով ամրագրվում է ՀՀ-ի եւ Արցախի վերամիավորումը։ Անդրանիկ Թեւանյանը պատասխանեց․ «Միջազգային պրակտիկայում շատ են դեպքերը, երբ միավորման գործընթացը տեղի է ունենում անկախացումից հետո։ ՀՀ անկախության հռչակագիրն ամրագրել է վերամիավորման գաղափարը, եւ դա ռազմավարական նպատակ է, որին հասնելու ճանապարհը մարտավարական առումով ընտրվել է Արցախի հանրապետության ճանաչումը։ Մեկը մյուսին չի հակասում։ Դա շատ մանիպուլյացիաների առիթ է տվել, մինչդեռ իրականում Արցախի միջազգային ճանաչման գործընթացին կարող են հետեւել այլ գործընթացներ»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հետաքրքրվեց, թե հարցի շրջանակն ինչու են նեղացրել միայն «ինքնորոշման իրավունքի» ամրագրմամբ։ Թեւանյանը պատասխանեց․ «Չենք նեղացրել։ Պնդում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրացումն այն կարեւոր նախապայմանն է, որն ապահովելու է անվտանգություն։ Ի դեպ, ՔՊ-ն այս մասին իր նախընտրական ծրագրում էր շեշտել՝ օգտագործելով «անջատում հանուն փրկության» գաղափարը, որից այժմ դուք հրաժարվում եք»։

Հիշեցնենք, որ ընդդիմության հեղինակած հայտարարության նախագծում, հաշվի առնելով Ադրբեջանի խորհրդարանի կողմից Արցախի խնդրի եւ իրականության խեղաթյուրման միտումները, ամրագրվում են հետեւյալ փաստերը․

1.Ադրբեջանը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, պատմական փաստերը։ Հակամարտությունը ծագել է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշման և իրավունքների ոտնահարմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան` ընդդեմ իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:

2.1994թ. մայիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի կողմից ստորագրվել է հրադադարի հաստատման համաձայնություն, որով սահմանված ուժի գործադրման կամ դրա սպառնալիքի կիրառման արգելքը Ադրբեջանը պարբերաբար խախտել է։

3.Ադրբեջանը, Թուրքիայի ու վարձկան միջազգային ահաբեկիչների ներգրավվածությամբ, 2020 թվականի սեպտեմբերի 27–ին պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ՝ խախտելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական մանդատ ունեցող երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հիմնարար գնահատված Հելսինկյան Եզրափակիչ Ակտի (1975թ.) ԵԱՀԿ/ԵԱԽՀ մասնակից պետությունների միջև հարաբերություններն ուղղորդող սկզբունքների հռչակագիրը, մասնավորապես՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու միջազգային պարտավորությունը։

4.44–օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը և այդ երկրի դաշնակիցներն իրագործել են մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործություններ և բարբարոսություններ՝ կիրառելով արգելված զենքեր, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ավիրելով քաղաքներ և գյուղեր։

5.Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը վարում է էթնիկ զտման և մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականություն։ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում են մնացել 1456 հայկական պատմամշակութային հուշարձաններ, հսկայածավալ մշակութային ժառանգություն, որոնք բացահայտորեն ոչնչացվում կամ յուրացվում են՝ կեղծելով դրանց պատկանելությունը:

6.Կոպտագույն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը՝ Ադրբեջանն արգելափակել է իր կողմից օկուպացված Արցախի շրջաններում և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված Հայաստանի Հանրապետության տարածքներում անհետ կորածների որոնման աշխատանքները, ինչպես նաև խոչընդոտում է զոհված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինների դուրս բերմանը:

7.Ադրբեջանն իր մտադրություններով և քաղաքականությամբ դառնում է նոր պատերազմի ու տարածաշրջանային անկայունության աղբյուր, որի ապացույցներից է 2021 թվականի հունիսի 15–ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած, մեզ համար անընդունելի և դատապարտելի, այսպես կոչված, Շուշիի հռչակագիրը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031