Խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ ԱԺ-ում այսօր արտահերթ նիստ է՝ օրակարգում Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ ՀՀ ԱԺ-ի հայտարարության նախագիծը։ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մինչեւ հարցի քննարկումը հայտարարեց՝ քանի որ ՔՊ-ն սկզբունքորեն կողմ է եղել այս նիստին եւ հարցի քննարկմանը, նաեւ առաջարկներ է ներկայացրել, որպեսզի հայտարարությունը լինի համատեղ․ «ՔՊ-ն կողմ կքվեարկի 3-ժամյա ռեժիմի համար։ Կարծում եմ՝ առաջիկայում ավելի բովանդակային քննարկում կլինի»։
Նախագծի զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց, որ Ադրբեջանի խորհրդարանն իր հայտարարությամբ խեղաթյուրել է, այդ թվում 44-օրյա պատերազմի հանգամանքները․ «Հայաստանի հետ խոսել է վերջնագրերի եւ շանտաժի լեզվով, անընդունելի եւ իրավական հիմքեր չունեցող պահանջներով։ Կիրառվել է ռազմատենչ հռետորաբանություն, այնպիսի ձեւակերպումներ, ինչպիսին է «Արեւելյան Զանգեզուրը»։ Դա իրենց տեսակետից ենթադրում է, որ կա նաեւ արեւմտյանը, որի հանդեպ ունեն նկրտումներ։ Կրկին խոսել են միջանցքի մասին եւ «խաղաղության համաձայնագրի» հիմքում դրել այն գաղափարը, թե Արցախի հարցը փակված է, թե Արցախն Ադրբեջան է։ Այս ամենն անընդունելի է մեր համար։ ՀՀ խորհրդարանը պարտավոր է համարժեք պատասխան տալ Ադրբեջանի հայտարարությանը։ Լռել կնշանակի վախենալ, վատագույն դեպքում՝ համաձայնություն»։
Ըստ Անդրանիկ Թեւանյանի՝ շատ վատ ավանդույթ է, որ Ադրբեջանի բոլոր տեսակի ագրեսիաներին համարժեք պատասխան չի տրվում․ «Դա միջազգային հանրության մոտ բերում է համոզմունքի, որ ՀՀ-ն ասելիք չունի Ադրբեջանին եւ համակերպվել է եղածի հետ, որ համամիտ է Ադրբեջանի այն ձեւակերպումների հետ, որոնք սպառնում են ՀՀ-ի եւ Արցախի տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը։ Անարձագանք են մնացել Ալիեւի՝ անգամ անձնական վիրավորանքի հասնող հայտարարությունները, պնդումները, թե Արցախն Ադրբեջանի մաս է։ Ցավոք, ՀՀ իշխանությունից հնչում են տեսակետներ, որոնք ցույց են տալիս, որ Երեւանի տեսակետն Ալիեւի հետ նույնն է։ Եթե դա այդպես չէ, ապա սա հարմար առիթ է բոլորին ցույց տալու, որ մենք ունենք հստակ կարմիր գծեր, որ ունենք Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության հանձնառություն»։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ընդդիմության հեղինակած հայտարարության նախագծում, հաշվի առնելով Ադրբեջանի խորհրդարանի կողմից Արցախի խնդրի եւ իրականության խեղաթյուրման միտումները, ամրագրվում են հետեւյալ փաստերը․
1. Ադրբեջանը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, պատմական փաստերը։ Հակամարտությունը ծագել է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշման և իրավունքների ոտնահարմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան` ընդդեմ իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:
2. 1994թ. մայիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի կողմից ստորագրվել է հրադադարի հաստատման համաձայնություն, որով սահմանված ուժի գործադրման կամ դրա սպառնալիքի կիրառման արգելքը Ադրբեջանը պարբերաբար խախտել է։
3. Ադրբեջանը, Թուրքիայի ու վարձկան միջազգային ահաբեկիչների ներգրավվածությամբ, 2020 թվականի սեպտեմբերի 27–ին պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ՝ խախտելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական մանդատ ունեցող երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հիմնարար գնահատված Հելսինկյան Եզրափակիչ Ակտի (1975թ.) ԵԱՀԿ/ԵԱԽՀ մասնակից պետությունների միջև հարաբերություններն ուղղորդող սկզբունքների հռչակագիրը, մասնավորապես՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու միջազգային պարտավորությունը։
4. 44–օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը և այդ երկրի դաշնակիցներն իրագործել են մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործություններ և բարբարոսություններ՝ կիրառելով արգելված զենքեր, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ավիրելով քաղաքներ և գյուղեր։
5. Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը վարում է էթնիկ զտման և մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականություն։ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում են մնացել 1456 հայկական պատմամշակութային հուշարձաններ, հսկայածավալ մշակութային ժառանգություն, որոնք բացահայտորեն ոչնչացվում կամ յուրացվում են՝ կեղծելով դրանց պատկանելությունը:
6. Կոպտագույն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը՝ Ադրբեջանն արգելափակել է իր կողմից օկուպացված Արցախի շրջաններում և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված Հայաստանի Հանրապետության տարածքներում անհետ կորածների որոնման աշխատանքները, ինչպես նաև խոչընդոտում է զոհված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինների դուրս բերմանը:
7. Ադրբեջանն իր մտադրություններով և քաղաքականությամբ դառնում է նոր պատերազմի ու տարածաշրջանային անկայունության աղբյուր, որի ապացույցներից է 2021 թվականի հունիսի 15–ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած, մեզ համար անընդունելի և դատապարտելի, այսպես կոչված, Շուշիի հռչակագիրը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ