Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մի շարք մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանում իր ելույթում և հայտարարել, որ ԵՄ-ի կողմից Հայաստան կարիքների գնահատման առաքելություն ուղարկելը տեղի չի ունեցել փոխադարձ համաձայնությամբ:
«Փոխադարձ համաձայնության հիման վրա որոշումների կայացումը հստակ արտացոլված է ԵԱՀԿ բոլոր հիմնական որոշումներում: Այդ կապակցությամբ այսպես կոչված «կարիքների գնահատման առաքելություն» ուղարկել Հայաստան՝ առանց փոխադարձ համաձայնության, բոլոր անդամ երկրների հավաքական կամարտահայտմամբ ընդունված մանդատների աղաղակող խախտում է: Ադրբեջանը կոչ է անում ԵԱՀԿ ինստիտուտներին շտկել իր լիազորությունների կոպիտ այդ խախտումը»,- ասել է Բայրամովը:
Նա նշել է, որ Ադրբեջանը նախաձեռնել է Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթաց: «Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանը ցուցաբերել է ուժեղ քաղաքական կամք՝ խաղաղության օրակարգն առաջ տանելու համար: Այս տարի Բրյուսելում, Պրահայում և Սոչիում տեղի ունեցած բարձր մակարդակով հանդիպումներում երկու կողմերը հաստատել են, որ ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը: Ես երեք անգամ հանդիպել եմ Հայաստանի արտգործնախարարի հետ, որպեսզի քննարկեմ միջպետական հարաբերությունների մասին երկկողմ պայմանագրի նախապատրաստումը: Վաշինգտոնում 2022թ. նոյեմբերի 7-ին տեղի ունեցած մեր վերջին հանդիպմանը մենք պայմանավորեցինք արագացնել բանակցություններն այդ ուղղությամբ: Դա հաշվի առնելով՝ Ադրբեջանն արդեն Հայաստանին մի շարք դիտողություններ է ներկայացրել համաձայնագրի նախագծի վերաբերյալ»,- ասել է Բայրամովը:
Նա նաև Հայաստանին մեղադրել է խաղաղության գործընթացը տորպեդահարելուն ուղղված գործողությունների մեջ: Մասնավորապես, ըստ Բայրամովի, Հայաստանը դեռ ամբողջությամբ դուրս չի բերել «անօրինական զինված խմբավորումներն Ադրբեջանի տարածքից», հրաժարվում է ապահովել «անխոչընդոտ տրանսպորտային կապ» Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև:
Կարդացեք նաև
Բայրամովը նաև հավելել է, որ «որոշ երրորդ երկրների դերը Հայաստանի ռևանշիստական վարքը բորբոքելու գործում մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ նրան դրդում է ռազմական սադրանքի և ռազմատենչ հռետորաբանության»:
«Ադրբեջանի մոտեցումը հստակ է, հետևողական և հիմնված է միջազգային իրավունքի վրա: Կողմերը պետք է շուտափույթ կերպով համաձայնեցնեն իրավական առումով պարտավորեցնող փաստաթուղթ, որը հիմք կդնի միջպետական հարաբերություններին: Այդ փաստաթուղթը երաշխավորում է երկու իրավահավասար ինքնիշխան պետությունների իրավունքները և հիմք է հանդիսանում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերի լուծման համար»,- ասել է Բայրամովը:
Նա հավելել է, որ չնայած բանակցությունների դինամիկայի աճին, առաջընթացը «հայ-ադրբեջանական հարաբերութունների կարգավորման գործընթացի երեք հիմնական ուղղություններում՝ խաղաղության պայմանագրի ստորագրում, սահմանազատում և տարածաշրջանային հաղորդակցությունների բացում, միանգամայն սահմանափակ է»: «Այս բոլոր երեք ուղղություններում Հայաստանն ավելի շատ հակված է իմիտացիայի, քան գործընթացին անկեղծ մասնակցության: Հայաստանը փորձում է խուսափել իր պարտավորությունների կատարումից»,- ասել է Բայրամովը:
Այդ պատճառով, ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, միջազգային հանրությունը, այդ թվում ԵԱՀԿ-ն պետք է Հայաստանին համոզեն «հրաժարվել կարգավորման գործընթացը խաթարելու փորձերից»:
«Հայաստանը պետք է փոխադարձությամբ պատասխանի Ադրբեջանի կառուցողական առաջարկներին և օգտվի պատմական հնարավորությունից՝ Ադրբեջանի և այլ հարևան երկրների հետ իր հարաբերությունները կարգավորելու համար: Դա ճանապարհ կհարթի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և գործակցության համար»,- ասել է Բայրամովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ