Վանա բերդի հարավային հատվածում, «Հինավուրց Վան քաղաքում» իրականացվող աշխատանքների շրջանակներում ծրագրվում է վերականգնել հատկապես իսլամական բնույթի կառույցներ։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալությունը։
Աղբյուրի համաձայն, «Անադոլուն» տվյալ հրապարակման մեջ թեև նշում է Վանա բերդի ուրարտական ծագման մասին, սակայն ընդգծում է նաև, թե Վանը եղել է սելջուկ թյուրքերի, ակկոյունլու ցեղերի և օսմանցիների բնակավայրերից՝ իհարկե միտումնավոր շրջանցելով Վանի հին հայկական և հայաբնակ լինելու փաստը։
Վանի թանգարանների տնօրինության համակարգմամբ և այստեղի «Հարյուրամյա տարի» համալսարանի Արվեստի պատմության բաժնի դասախոսներից դոկտոր, պրոֆ․ Գյուլսեն Բաշի գիտական խորհրդատվությամբ իրականացվող պեղումներն արդեն շարունակվում են 4 ամիս։
Թուրք «գիտնականները» պետության ուղղորդմամբ իրենց ուշադրությունը սևեռել են հիմնականում թուրքական և իսլամական ծագում ունեցող կառույցների վրա՝ դիտմամբ անտեսելով Վանի հին հայկական անցյալը։
Կարդացեք նաև
Վանի «Հարյուրերորդ տարի» համալսարանի ռեկտորը՝ դոկտոր, պրոֆ․ Համդուլլահ Շևլին, խեղաթյուրելով պատմական փաստերը, Վանում օսմանյան և սելջուկյան ժամանակաշրջաններից մնացած կառույցների թվի պակասը փորձում է բացատրել կեղծ թեզերով՝ ասելով, թե իբր «դրանք ոչնչացվել են 1915-17 թթ․ հայկական ապստամբությունների և Ռուսաստանի՝ քաղաքը գրավելու և ավիրելու հետևանքով»։
Թուրք «գիտնականն» իրականում քաջապես տեղյակ է, թե ինչու են այստեղ քիչ իսլամական բնույթի շինությունները․ Վանը մշտապես եղել է հայկական քաղաք։ Սակայն այդ գիտակցումը նրան չի խանգարում աղավաղել պատմական փաստերը և գնալ թուրքական քարոզչության կեղծիքների ճանապարհով։
Մելինե ԱՆՈՒՄՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: