2022 թվականի նոյեմբերին Սահմանադրական դատարանը 3 գործով է կայացրել որոշում
Ուշադրություն դարձնենք այն հանգամանքին, որ երեք գործերից երկուսն առնչվել են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի անհամապատասխանությանը, եւ երեք գործերն էլ լսվել են գրավոր ընթացակարգով:
Դրանցից մեկին՝ Ռուզաննա Ղազարյանի դիմումին անդրադարձել ենք մենք («ՍԴ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա էր վերանայման», նոյեմբերի 12, «Առավոտ»): ՍԴ-ն գրավոր ընթացակարգով քննել էր Ռուզաննա Ղազարյանի դիմումի հիման վրա՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Ռուզաննա Ղազարյանը խնդրել էր որոշել օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ է համարվում ծանուցման փոստային առաքման անդորրագիրը» մասի՝ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 10-րդ, 60-րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին մասին եւ 78-րդ հոդվածին համապատասխանության հարցը: Պատասխանող Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, նույն բաժնի գլխավոր մասնագետ Է. Մնացականյանը նշել էր, որ օրենսդրի կողմից սահմանվել է գրավի առարկայի բռնագանձման գործընթացի՝ երկամսյա ժամկետով «սառեցման» օրինական հնարավորություն` որպես գրավատուի դատական պաշտպանության իրավունքի պատշաճ իրացման երաշխիք: ՍԴ-ն որոշել էր՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշմամբ տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, քաղաքացին ըստ էության հաղթել էր:
Ռ. Ղազարյանի որոշմանը գրեթե նման էր նոյեմբերի 15-ի որոշումը
Կարդացեք նաև
ՍԴ-ն քննել էր «Լարվար» արտադրական կոոպերատիվի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերության եւ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Դիմողը նշել էր, որ հոդվածի վիճարկվող նորմում օրենսդիրն օգտագործել է «բռնագանձման ծանուցում» արտահայտությունը, սակայն չի բացահայտել, թե ինչ պահանջներ, ինչ վավերապայմաններ պետք է պարունակի փաստաթուղթը, որպեսզի որակվի որպես առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին ծանուցում (բռնագանձման ծանուցում)։
Ըստ դիմողի՝ բռնագանձման ծանուցագիրը՝ որպես իր իրավական հետեւանքներով իրավունքից զրկելուն հանգեցնող փաստաթուղթ, պետք է լինի որոշակի, քանի որ պատշաճ ծանուցումը չի կարող վերագրվել միայն «բռնագանձման ծանուցում» վերնագրված փաստաթուղթը հանձնելուն, պատշաճությունը վերաբերում է նաեւ հանձնված փաստաթղթի բովանդակությանը, քանզի, եթե այն կազմված լինի վերացական ձեւակերպումների ձեւով, ապա գրավատուն կզրկվի բռնագանձման ծանուցագրի օրինականությունը վիճարկելու օբյեկտիվ հնարավորությունից:
Դիմողը փաստում է, որ երբ պարտապանը եւ գրավատուն չեն համընկնում, եթե բռնագանձման ծանուցումը չի լինում որոշակի, գրավատուն հնարավորություն չի ունենում ճշտել՝ որքա՞ն է պարտապանի պարտավորությունը, եւ արդյոք գրավառուն մինչեւ բռնագանձման գործընթացն սկսելը պատշաճ ձեւով ծանուցել է նաեւ գրանցում իրականացնող մարմնին։
Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով, քանի որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը դիմողի նկատմամբ կիրառվել է սույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ: ՍԴ-ն եզրակացրել էր. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասին չի կարող տրվել այնպիսի մեկնաբանություն, որով գրավ դրված անշարժ գույքի` արտադատական կարգով բռնագանձման շրջանակում կազմակերպված աճուրդը չկայացած համարվելու պայմաններում գրավ դրված գույքը գրավառուին ի սեփականություն հանձնվելու դեպքում վերջինիս անցնող սեփականության իրավունքի գրանցումը կատարելու համար անհրաժեշտ չէ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնող մարմին, ի լրումն իրավահաստատող փաստաթղթերի, ներկայացնել օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գրավատուին հանձնված բռնագանձման ծանուցման պատճենը, ինչպես նաեւ բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը: Անդրադառնալով գրավադրված գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքների ապահովման իրավական երաշխիքներին՝ Սահմանադրական դատարանը հղում էր կաարել նաեւ 2016 թվականի հուլիսի 19-ի ՍԴՈ-1294 որոշմանը, փաստելով, որ որպես գրավադրված գույքի նկատմամբ սեփականատիրոջ իրավունքների ապահովման իրավական երաշխիք, առաջնահերթ կարեւորվում է գրավատուի պատշաճ ծանուցման ապահովումը:
Քաղաքացիության կորո՞ւստ, թե՞ երեխայի՝ այլ պետության քաղաքացիության ձեռքբերում
Նոյեմբերի 22-ին դատարանը քննել է «Ալբերտ Եդիգարյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի՝ մինչեւ 08.12.2011 թ. ՀՕ-319-Ն խմբագրությունը գործած 17-րդ հոդվածի 1- ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Ըստ դիմողի՝ սահմանադրաիրավական վեճի առարկա օրենքի նշված հոդվածի վերլուծությունից բխում է, որ մինչեւ 14 տարեկան երեխայի ծնողի կողմից ՀՀ քաղաքացիությունը կորցնելու դեպքում երեխան եւս կորցնում է ՀՀ քաղաքացիությունը, եթե ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն։ Դիմողի պնդմամբ՝ իրավահարաբերության ծագման պահին սահմանված չէր, որ երեխան կորցնում է ՀՀ քաղաքացիությունը ՀՀ նախագահի հրամանագրի հիման վրա, ինչպես սահմանել է Վճռաբեկ դատարանը։
Դիմողը նշել էր, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի պահանջն այն մասին, որ մինչեւ 14 տարեկան երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է ՀՀ նախագահի հրամանագիր, սահմանվել է միայն 07.05.2015 թվականին ընդունված ՀՕ-33-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 13.06.2015 թվականից, ինչից բխում է, որ մինչեւ 14 տարեկան երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու համար ՀՀ նախագահի հրամանագիրն անհրաժեշտ էր միայն 13.06.2015 թվականից հետո ծագած իրավահարաբերություններում: Դիմողը մինչ սահմանադրական դատարան դիմելը դիմել էր վարչական դատարան, պահանջելով ճանաչել քաղաքացի հանդիսանալու իրավահարաբերության բացակայությունը: Վարչական դատարանը հայցը մերժել էր, վերաքննիչը բավարարել բողոքը, վարչականը՝ այս անգամ բեկանել: Վճռաբեկում Ոստիկանության ՀՀ անձնագրային եւ վիզաների վարչության բողոքը բավարարվել էր: Թիվ ՎԴ/2279/05/17 վարչական գործով ընդունված որոշմամբ Վճռաբեկ դատարանը վիճարկվող նորմին տվել է այնպիսի մեկնաբանություն, որի համաձայն՝ ՀՀ նախագահի հրամանագիրն անհրաժեշտ է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի ընդունման պահից սկսած։ Միայն այն հանգամանքը, որ օրենքում կատարված լրացմամբ սահմանվել է, որ երեխան քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիությունը դադարեցնելու հետեւանքով, այլ կերպ՝ ՀՀ նախագահի հրամանագրով, ըստ դիմողի, վկայում է, որ կամ մինչեւ 07.05.2015 թ. ՀՕ-33-Ն օրենքի ընդունումը երեխայի կողմից քաղաքացիությունը կորցնելու համար անհրաժեշտ չէր ՀՀ նախագահի հրամանագիր, կամ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքի 17-րդ հոդվածն ուներ իրավական որոշակիության խնդիր, եւ անհրաժեշտ էր այն հստակեցնել: Ըստ պատասխանող ԱԺ ներկայացուցչի՝ օրենքի 17-րդ հոդվածի իրավակարգավորումներից ակնհայտ է, որ դրույթով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու ակտը տեղի է ունենում ՀՀ նախագահի՝ քաղաքացիության դադարեցման վերաբերյալ հրամանագրի առկայության պայմաններում, քանի որ անձը Հանրապետության քաղաքացիությունը կորցնում է քաղաքացիության դադարեցման հետեւանքով: Ըստ ՍԴ-ի՝ Օրենքի վիճարկվող իրավակարգավորումը համապատասխանում է Սահմանադրությանը. «Նշված իրավակարգավորման առանձնահատկությունն այն է, որ նախատեսում է նյութաիրավական պայմաններ, որոնց առկայության դեպքում երեխան կարող է կորցնել քաղաքացիությունը, այսինքն՝ մինչեւ 14 տարեկան երեխայի քաղաքացիությունը դադարեցնելու առնչությամբ օրենսդիրը, հաշվի առնելով երեխայի տարիքը՝ գիտակցական մակարդակով պայմանավորված, նախատեսել է երկու հիմնական պայման՝ երեխայի ծնողների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության կորուստ եւ երեխայի՝ այլ պետության քաղաքացիության ձեռքբերում, ինչով պայմանավորված՝ վիճարկվող իրավակարգավորումը»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.12.2022