Մարդիկ, երբեւէ մտածե՞լ եք: Եթե երբեւէ փորձ արած լինեիք ու ունենայիք այս հարցի պատասխանը, ապա կիմանայիք, որ Տերն արդար է նաեւ այս հարցում, քանզի հակառակ դեպքում՝ մարդուն երկարատեւ կյանք պարգեւելու պարագայում՝ ընդամենը մի քանի սերնդի ապրած կյանքի ժամանակահատվածում նրանք աշխարհը կվերացնեին ու դրանով մարդկային կյանքը կավարտվեր:
Հազարամյակների մարդկային ապրելակերպը վկայում է, որ ողջ կենդանական աշխարհում ամենաագահ արարածը հենց մարդն է, որը կշտանալ չունի, չնայած այն բանին, որ ցանկացած կենդանի՝ անգամ գազան, միշտ ուտում է սահմանափակ չափով եւ հագենում ու կշտանում է: Եթե ուրիշ ոչինչ, ապա սա լավ է, քանզի ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Կշտանալուց զատ, կենդանին հավանաբար բնազդական ինստինգտով է շատ հաճախ դադարեցնում ուտելը, որպեսզի իր կողքինը եւս ուտելու բան ունենա: Իհարկե, հասկանալի է, որ այստեղ խոսքը գնում է ոչ այնքան ֆիզիկական ուտելիքի, որքան որ դրա տակ ի նկատի ունեցող թալանը՝ գռփելը, որն ագահ մարդկանց համար վերջ չունի, անկախ այն բանից, թե հետագայում այդ թալանը հնարավո՞ր է օգտագործել, թե՞ ոչ: Նշենք, որ տեսականորեն հնարավոր է նաեւ, որ իրարից թալանելու վերջնարդյունքում՝ աշխարհի ողջ ունեցվածքն ինչ-որ ժամանակ կուտակվի մեկ մարդու ձեռքում, այդ դեպքում փորձենք հասկանալ, թե նախ մնացած մարդիկ ի՞նչ միջոցներով պետք է ապրեն եւ երկրորդ, իսկ տվյալ մարդն ի՞նչ պետք է անի աշխարհի ողջ եղած-չեղածը, երբ լավագույն դեպքում նա կարող է ապրել առավելագույնը 200 տարի:
Էլ չասենք, որ այս պարագայում եւս հետեւյալ հարցը կա. եթե մարդկությունը վերանա, ապա այդ նույն մարդն ինչպե՞ս պետք է միայնակ ապրի, որ կարողանա հաց, ջուր, հոսանք, հագուստ, …, եւ մշտապես պահանջվող մնացած ապրանքները եւ ապրելու համար անհրաժեշտ ծառայությունները ձեռք բերել: Բնական է ու պարզից էլ պարզ, որ շատ անգամ ավելի լավ է, որ մարդը չունեւորության պատճառով սովահարվի ու մահանա, քան աշխարհի ողջ ունեցվածքը ձեռքին՝ դարձյալ սովից մահանա: Այստեղ ակամայից հիշեցի դպրոցական տարիներին մեր ուսուցանված մի պատմվածքի մասին. «Ինչի ձեռք տամ, ոսկի դառնա», որտեղ պատմվածքի հերոսի ցանկությունը բավարարվում է. նա ինչի ձեռք էր տալիս, ոսկի էր դառնում եւ արդյունքում՝ իր ագահության պատճառով սովից էլ մահանում է: Սա է ագահ մարդկանց վերջը …
Եթե վերանանք բացառություններից՝ ծայրահեղություններից ու ենթադրենք կյանքն ընթանում է իր բնական հունով, եւ եթե որոշ մարդիկ թալանի միջոցով անչափ մեծ փողեր են դիզել, միեւնույն է՝ նրանք դասվում են ամենադժբախտների շարքին, քանզի ունենալու են ամեն ինչ եւ ընդամենը թիթեռի չափ կյանք ու չեն հասցնելու սովորական մարդուց ավելի լավ վայելել կյանքը: Ավելին, նրանք շատ անգամ ավելի դժբախտ են լինելու, քանզի անցնելով կյանքի տարատեսակ դժվարություններով՝ սթրեսների ու լարվածության միջով, օգտվելու են ընդամենը սովորական մարդու օգտագործած բարիքներից: Ոչինչ ավելին …
Կարդացեք նաև
Վերն ասվածը պարզ վկայում է, որ մարդն ընդամենը թիթեռի չափ կյանք ունի եւ որպեսզի այդ ակնթարթ կյանքը նա կարողանա իմաստալից ապրել, պետք է ապրի ազնիվ, իրեն վեր չդասի մնացածներից, սիրի ու գնահատի այլ մարդկանց եւս, լինի կամեցող ու աղքատին օգնող, պայքարի անարդարությունների դեմ, ամեն կերպ պաշտպանի ճիշտը, գիտակցի, որ բոլոր մարդկանց էլ Տերն է արարել եւ նրանց հետ վարվի իր ընտանիքի անդամի նման ու նրանց հետ հարաբերվի այնպես, ինչպես կաներ իր կենսաբանական ընտանիքի անդամի հետ: Մի խոսքով, ճիշտ ապրելու միակ բանաձեւը Տիրոջ պատվիրաններով առաջնորդվելն է, եթե անգամ մարդը որոշ բաներ խորը չի հասկանում: Պարտադիր պետք է հասկանա, որ հավերժականը միայն Աստված է, իսկ մնացած ամեն ինչ՝ ժամանակավոր է:
Մարդիկ պետք է զսպեն ագահությունը, թույլ տալով բոլորն էլ ապրեն, քանզի ընդամենը թիթեռի չափ կյանք ունեն…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
01.12.2022