Բացվեց Ալ. Անանյանի հերթական ցուցահանդեսը
Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում բացվեց տաղանդաշատ նկարչուհի Ալ Անանյանի աշխատանքների ցուցահանդեսը, այն կրում է «Աշնանային սիմֆոնիա» խորագիրը։ Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 5-ը:
«Առավոտի» հետ զրույցում արվեստագետը նշեց, որ կտավների միջոցով փորձել է բնության հանդեպ սերը փոխանցել իր աշխատանքները դիտողներին։ «Միանշանակ մեր անկրկնելի բնությունը եւ ինձ շրջապատող մարդկանց ջերմությունն են մղում ստեղծագործել»,-ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է հերթական ցուցահանդեսի առիթով ունեցած զգացողություններին, այս մասին էլ նշեց. «Ինչպես միշտ, իմ ցուցահանդեսները տարբերվել են մեկը մյուսից, այս ցուցադրությունը եւս շատ տպավորիչ էր: Հաճելի էր տեսնել հարազատ մարդկանց, արվեստի նվիրյալների, որոնք ամբողջ հոգով վայելում էին գեղեցիկ պահերը»:
Կարդացեք նաև
Ալ Անանյանն ասաց, որ ներկայացրել է տարբեր ժանրերի 35 աշխատանք՝ գեղանկարից մինչեւ բատիկա։ Նա բազմաժանր նկարչուհի է, որը իր աշխատանքներով մասնակցել է մի շարք հանրապետական եւ մարզային ցուցահանդեսների, մշակութային խոշոր միջոցառումների:
Մեզ հետ զրույցում նա ասաց, որ ցուցահանդեսը տպավորիչ էր նաեւ նրանով, որ իր արվեստագետ ընկերներն անակնկալներ մատուցեցին իրեն եւ սրահում գտնվող ներկաներին, նրանք իրենց երգով, նվագով եւ ասմունքով շնորհավորեցին իրեն: «Ընդհանրապես ամենակարեւորն ինձ համար իմ երկրպագուների խոսուն աչքերն են՝ լցված հիացմունքով եւ զարմանքով»: Ալ Անանյանը հավելեց, որ ներկայացված ստեղծագործություններից որեւէ մեկը առանձնահատուկ չի առանձնացնի, յուրաքանչյուր աշխատանք իր ծնունդով թանկ է իր համար եւ ամեն ստեղծագործության մեջ ինքը հոգի է դրել։
Հավելենք, որ նկարչուհին ծնվել է Նոյեմբերյան քաղաքում, ուր նաեւ երաժշտական կրթություն է ստացել, այնպես որ, նրան հոգեհարազատ են սիմֆոնիաները ոչ միայն երաժշտության, այլեւ նկարչության լեզվով։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Ալ Անանյանը
«Առավոտ» օրաթերթ
01.12.2022