«Ծիլ» տիկնիկային ստուդիան շուրջ մեկ տարի է՝ բեղուն գործունեություն է ծավալում
Այսօր աշխարհի տարբեր մասերում տիկնիկային արվեստը ներկայանում է յուրովի։ Արցախում տիկնիկային արվեստի զարգացման նպատակադրվածությամբ Ստեփանակերտի Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում գործող «Ծիլ» տիկնիկային ստուդիան շուրջ մեկ տարի է՝ բեղուն գործունեություն է ծավալում` իր շուրջը համախմբելով Արցախի տարբեր գյուղերից եւ քաղաքներից տեղահանված, ինչպես նաեւ Ստեփանակերտի երեխաներին։ Ստուդիայի ղեկավարը Շուշիի Մ. Խանդամիրյանի անվան պետական թատրոնի տիկնիկավար-դերասան Արմեն Գաբրիելյանն է։ Նրա խոսքով` միշտ ցանկացել է ստեղծել հեքիաթի տուն, որտեղ երեխաներն իրենց ձեռքով կպատրաստեն տիկնիկներ եւ փոքրիկ ներկայացում կբեմադրեն։ Եվ առաջնայինն այն էր, որ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատի։ Այդ գաղափարը ծնվել է դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմից առաջ, բայց չի իրագործվել։
Պատերազմից հետո, հասկանալով երեխաների բարդ հոգեվիճակը, որոշեց տիկնիկաթերապիայի միջոցով փոքր-ինչ լցնել նրանց առօրյան, ինչ-որ կերպ աջակցել` ստեղծված վիճակից արվեստի օգնությամբ դուրս գալու համար։ Տիկնիկաթերապիան տիկնիկների օգնությամբ տարբեր վիճակների շտկման հոգեբանական մեթոդ է, որը միաժամանակ ապահովում է հաճելի ժամանց։ Արմենի խոսքով` մեթոդի շնորհիվ զարգանում է երեխայի ձեռքի մանր մոտորիկան, երեւակայությունը, կենտրոնանալու կարողությունը, տոկունությունը, ստեղծագործական ջիղը։
Կարդացեք նաև
Նպատակներից մեկն էլ փոքրիկներին իրական հեքիաթ պարգեւելն է։ Ստուդիա մտնելուն պես երեխային հեքիաթի հերոսն է դիմավորում, այն էլ` Կոմիտասի մանկական երգերի ուղեկցությամբ։ Ոչ մի պատահականություն չկա։ Սա նաեւ ազգային միտքը, արվեստն ու գեղագիտական ճաշակը պահպանելուն է միտված։
Սկզբնական փուլում սաները պատրաստում են թղթյա տիկնիկներ, այնուհետեւ՝ կտորե ձեռնոցային տիկնիկներ, աշխատում են նաեւ այլ նյութերով։ Սաների պատրաստած տիկնիկները դառնում են փոքրիկ ներկայացման մի մասը։ «Տիկնիկներ պատրաստելիս երեխաները նախ փորձում են հասկանալ տվյալ կերպար-տիկնիկի ներաշխարհը, պեղում են բնավորության գծերը, արտաքին հատկանիշները»,-նշել է Արմեն Գաբրիելյանը։
Բեմադրություններն Արցախի բարբառով են, որը պատահական չէ։ Այս ամենով փորձ է արվում պահպանել Արցախի քաղցր ու կոլորիտային բարբառը։
Ստուդիայի սաներից շատերն են ասում, որ ցանկանում են իրենց ուղին շարունակել որպես տիկնիկավար-դերասան։ Նշանակում է` ստուդիան ճիշտ ճանապարհի վրա է։
Նշենք նաեւ, որ «Ծիլ» տիկնիկային ստուդիայի կրթական ծրագրում ներառված են բեմական խոսքի եւ տիկնիկավարության դասեր։
Ստուդիայի ղեկավարը մեզ տեղեկացրեց, որ նպատակ ունեն գործունեությունն ընդլայնել. նոր ծրագիր են մշակել, ըստ որի` պարապմունքներում կներառվեն հաշմանդամություն ունեցող երեխաներ։ Այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են։ Տեղեկացանք, որ կան նաեւ այնպիսի երեխաներ, որոնք ի վիճակի չեն եւ չեն կարող տնից դուրս գալ, այդ դեպքում ստուդիայի ներկայացուցիչներն են պատրաստվում նրանց հաճախել՝ օրը հեքիաթ դարձնելու նպատակով։
Գիտակցելով, որ գյուղական համայնքները հնարավորություն չունեն ամեն անգամ հաճախել մայրաքաղաքում տեղակայված ստուդիա, մշակել են ծրագիր՝ այցելել տարբեր գյուղեր եւ գյուղաբնակ երեխաների հետ տիկնիկներ պատրաստեն, այնուհետեւ ներկայացում բեմադրեն։ Արդեն իսկ հասցրել են այցելել մի քանի գյուղ։ Սա նույնպես կարեւոր է այն առումով, որ տիկնիկային արվեստն Արցախում տարածում գտնի եւ զարգանա` ունենալով իր դիրքը, ոճը, գաղափարական սկզբունքը։
«Հոգու եւ սրտի աշխատանք է տիկնիկային արվեստը»,- այս բնորոշումն Արմենը տվեց, երբ մոտ երկու ամիս առաջ զրուցում էինք տիկնիկային արվեստի մասին։ Նաեւ ասաց` իրենց զենքն այս դեպքում տիկնիկն է, որով իրենց բաժին պայքարն են տանում։ Եվ այդ պայքարն ինքնանպատակ չէ։ Պայքարն Արցախն արվեստով ապրեցնելու համար է։ Իսկ արվեստի հնարավորությունները բազմաթիվ են…
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
01.12.2022