«Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողներին, ոստիկանության ծառայողների կողմից, ուժի կիրառմամբ բերման ենթարկելու վերաբերյալ գործով սառույցը սկսել է տեղից շարժվել։ ՔԿ-ն օրերս հարցաքննել էր ոստիկանության ծառայողներին, իսկ այսօր արդեն սկսվել են ոստիկանության ծառայողների և զոհված զինծառայողների ծնողների միջև առերես հարցաքննությունները։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր առերես հարցաքննություն է տեղի ունեցել մեկ ծնողի և ոստիկանության երկու ծառայողի միջև։ Յուրաքանչյուր առերեսումը տևել է շուրջ չորս ժամ։
Առաջիկայում առերես հարցաքննություն կլինի նաև մյուս ծնողների և ոստիկանության բոլոր այն ծառայողների միջև, որոնք «Եռաբլուր»-ում բերման են ենթարկել ծնողներին։
Հատկանշական է, որ ՔԿ-ին տևական ժամանակ, իբր, չէր հաջողվում նույնականացնել ոստիկանության ծառայողներին, թեև վերջիններիս գործողությունները հստակ արձանագրված էր նաև տեսագրություններով։ Ի վերջո, իրավապահներին հաջողվել է նույնականացնել ոստիկաններին, հարցաքննել նրանց։ Ոստիկանության ծառայողներն այս պահին ունեն վկայի կարգավիճակ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում