Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ 1988 թվականից ողջ աշխարհում դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր։ Այդ կապակցությամբ մենք առանձնացրել ենք 10 փաստ, որոնք մի փոքր ավելին կպատմեն այդ հիվանդության վերաբերյալ։
1․ Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) հայտնաբերվել է 1983 թ․-ին իրարից անկախ երկու լաբորատորիաներում՝ Ֆրանսիայի Պաստերի ինստիտուտում՝ Լյուկ Մոնտանիեի և ԱՄՆ քաղցկեղի ազգային ինստիտուտում՝ Ռոբերտ Գալլոյի կողմից։
2․ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշը կարմիր ժապավենն է, որը ՄԻԱՎ-ին նվիրված արշավների անբաժան ուղեկիցն է ամբողջ աշխարհում՝ որպես աջակցության, ապրումակցման ու առանց ՁԻԱՀ-ի ապագայի հույսի սիմվոլ։
3․ Մարդու իմունային անբավարարության վիրուսը (ՄԻԱՎ) վարակում է իմունային համակարգի բջիջները․ վարակը հանգեցնում է իմունային համակարգի պրոգրեսիվ հյուծման՝ խաթարելով օրգանիզմի՝ որոշ վարակներին ու հիվանդություններին դիմակայելու ունակությունը։
Կարդացեք նաև
4․ Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը (ՁԻԱՀ) ՄԻԱՎ վարակի վերջին փուլն է, որը դրսևորվում է ավելի քան 20 օպորտունիստական հիվանդություններից, ինչպես նաև ուռուցքներից ցանկացածի առաջացմամբ։
5․ 2021 թ․-ի տվյալներով աշխարհում հաշվվում է 38,4 միլիոն ՄԻԱՎ վարակակիր, որոնցից 1,7 միլիոնը երեխաներ են։ ՄԻԱՎ վարակակիրների ճնշող մեծամասնությունն ապրում է ցածր կամ միջին եկամուտ ունեցող երկրներում։ 2021 թ․-ին ՄԻԱՎ վարակի 1,5 միլիոն նոր դեպք է գրանցվել։ Մինչ օրս ՄԻԱՎ վարակը մոտ 40,1 միլիոն մարդու մահվան պատճառ է դարձել, որից 650 000-ը՝ 2021 թ․-ին։
6․ ՄԻԱՎ վարակը փոխանցվում է՝
- ՄԻԱՎ-ով վարակված մորից պտղին՝ հղիության, ծննդաբերության կամ կրծքով կերակրման ընթացքում,
- անպաշտպան սեռական հարաբերությունների ժամանակ,
- վարակված դոնորական արյան փոխներարկման ժամանակ կամ վարակված հյուսվածքի փոխպատվաստման ժամանակ,
- վարակված ներարկիչների ընդհանուր օգտագործման ժամանակ, թմրամիջոցներ օգտագործելիս կամ դաջվածքներ անելիս,
- վիրահատական վարակված սարքավորումներ կամ սուր գործիքներ օգտագործելիս։
7․ ՄԻԱՎ-ը չի փոխանցվում՝
- Հազի, փռշտոցի միջոցով,
- սննդամթերքի միջոցով,
- ընդհանուր սպասքից և կենցաղային առարկաներից օգտվելու դեպքում,
- ընդհանուր սանհանգույցից, լոգարանից օգտվելու դեպքում,
- հագուստի և սպիտակեղենի միջոցով։
8․ Հակառետրովիրուսային թերապիան կանխարգելում է ՄԻԱՎ-ի վերարտադրումն օրգանիզմում․ ՄԻԱՎ-ի վերարտադրման կասեցման շնորհիվ օրգանիզմի իմունային բջիջներն ի վիճակի են ապրել ավելի երկար ժամանակ՝ պաշտպանելով օրգանիզմը վարակներից։ Արդյունավետ հակառետրովիրուսային թերապիան հանգեցնում է վիրուսային ծանրաբեռնվածության նվազեցման՝ նշանակալիորեն նվազեցնելով նաև դրանց փոխանցման հավանականությունը զուգընկերոջը։
Եթե ՄԻԱՎ վարակակիր զուգընկերն արդյունավետ հակառետրովիրուսային թերապիա է ստանում, ՄԻԱՎ բացասական զուգընկերոջը սեռական ճանապարհով վարակի փոխանցման հավանականությունը նվազում է 96 տոկոսով։
9․ ՄԻԱՎ վարակը տուբերկուլոզի ակտիվ ձևի զարգացման կարևորագույն գործոն է․ 2020 թ․-ի տվյալներով աշխարհում տուբերկուլոզ ունեցող 9,9 միլիոն մարդուց 8%-ը ՄԻԱՎ վարակակիր են եղել։ Այդ թվականին էլ ՄԻԱՎ վարակակիրների շրջանում տուբերկուլոզից մահվան 214 000 դեպք է գրանցվել։
10․ Հայտնի մարդիկ, որոնք մահացել են ՁԻԱՀ-ից․ ՁԻԱՀ-ը խլել է մի շարք հայտնի մարդկանց կյանքեր, նրանց թվում են՝ աշխարհահռչակ երաժիշտ Ֆրեդի Մերկուրին, ամերիկացի դաշնակահար Վլադզի Վալենտինո Լիբերաչեն, բալետի պարող Ռուդոլֆ Նուրեեվը, թենիսիստ Արթուր Էշը, 80-ականների սուպերմոդել Ջիա Կարանջին, փիլիսոփա, Ֆրանսիայում հոգեվերլուծության առաջին ամբիոնի հիմնադիր Միշել Ֆուկոն։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ