Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կառավարությունը 10 մլրդ դրամի աջակցություն կցուցաբերի ՏՏ ոլորտին

Դեկտեմբեր 01,2022 20:25

Դեկտեմբերի 1-ին ՀՀ կառավարությունն ընդունեց նախագիծ, որով մոտ 10 մլրդ դրամի չափով աջակցություն կցուցաբերվի տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերություններին։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտնեց, որ առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022-ի հունիսից հոկտեմբերին իրենց աշխատակիցներին տրվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի։ Ինչպես նաև՝ նրանց կողմից արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալն աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը։

Կառավարության նիստում նշվեց, որ որոշումը պայմանավորված է Հայաստանում ՏՏ ոլորտի վրա համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխությունների շղթայական ազդեցությամբ, ինչպես նաև դրամի արժևորման հետևանքով ՏՏ ոլորտում գործող ընկերությունների արտահանման արդյունքում ստացված եկամուտների նվազմամբ։

«Կարծում ենք՝ ստացված արդյունքը խոսում է տեխնոլոգիական համայնքի միասնական ձայնի նշանակալիության մասին։ Համայնքը հանդես եկավ ընդհանուր ճակատով և այս հարցի շուրջ հասավ հաղթական արդյունքի։ ԱՏՁՄ-ն իր շնորհակալությունն է հայտնում համայնքին համագործակցության և կոնսոլիդացիայի համար», – նշում է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։

Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ից Էկոնոմիկայի նախարարության կողմից պատրաստվել և  շրջանառության է դրվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Հոկտեմբերի 14-ին ԱՏՁՄ-ն հայտարարություն տարածեց` ՏՏ ոլորտի ընկերություններին հրատապ աջակցության անհրաժեշտության մասին։ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակներում ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը ևս բարձրաձայնեց խնդիրը, նշելով որ Հայաստանի առաջընթացի երաշխիքը գիտական և տեխնոլոգիական ոլորտի բուռն զարգացումն է:

Նոյեմբերի 2-ին ԱՏՁՄ գրասենյակում տեղի ունեցավ համատեղ ասուլիս Միության վարչության անդամների և ՏՏ խոշոր ընկերությունների ղեկավարների կողմից, որի թեման արտարժույթի արժեզրկման ազդեցությունն էր ՏՏ ոլորտի ընկերությունների գործունեության վրա և արձագանքը պետության կողմից ձեռնարկված քայլերին։ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները հրատապ պահանջով դիմեցին Կառավարությանը և պաշտոնական նամակ հղեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

 

ԱՏՁՄ  հանրային կապերի պատասխանատու

Աննա Դանիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031