Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Այդ նախագծով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար ու դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից որակավորման ատեստավորման անցնելով:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ տպավորություն է, թե սա նորամուծություն է, բայց ՀՀ զինված ուժերում եղել է ատեստացիա, հեծանիվ չեն հորինել. «Երկու տարի առաջ իրոք հերոսության համար պարգեւատրման արժանացած զինծառայող կար, որը հետո պարզվեց, որ կենցաղային հարցերով քրեական գործ կար վրան հարուցած: Ինքը ամենաբարձր պարգեւի արժանի զինծառայող էր: Սրա արդյունքում մենք ունենալու ենք իրավիճակ, երբ մարդը, որը վտագում է իր կյանքը, չի ստանալու հավելավճար, եւ մարդը, որը շտաբային է, կաբինետից դուրս չի եկել, կանոնագիրքը լավ կրծել է, ստանալու է հավելավճար»:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հիմա պետք է ստեղծեն մի համակարգ, որ հերոսը չփոխի իր ապրելակերպը. «Կան կրթված սրիկաներ, կան անկիրթ սրիկաներ: Մենք շատ սրիկաներ գիտենք, որ փայլուն կրթությամբ եւ խորը կոռուպցիոն դրսեւորումների մեջ են, որովհետեւ գայթակղությունը մեծ է եղել: Կիրթ մարդը նաեւ կրրթ կառավարում է այն ամենը, ինչը դրված պիտի լինի բանակի հիմքում: Այո, ատեստացիան բոլոր ժամանակերում եղել է: Գիտե՞ք ինչ լավ պատժի գործիք էր: Բայց ես փորձել եմ հասկանալ՝ ինչի՞ մենակ պատժի, առողջացման գործիք էլ կարող է լինել: Եթե ճիշտ մոտենայինք այդ համակարգին, շատ հարցերում կհաջողեինք: Ասում ենք՝ պատերազմից դասեր քաղենք: Դասերն այն է, թե ինչո՞ւ այսպես եղավ: Ինչուների պատասխանի մեջ միայն վազքի քննությունը չէ, կամ կրակի: Հոգեբանական խնդիրներ կան: Ո՞վ չգիտեր, որ քավոր-սանիկական հարաբերություններ կան բանակում: Մեր գործընկերը խոսեց 12 եղբարների մասին, եղբայրների անունները բոլորը գիտեն»:
Կարդացեք նաև
Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ նաեւ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին՝ ասելով. «Վերջին քննարկման ժամանակ այն փաստաթղթերը, որոնք ուսումնասիրել ենք, այնտեղ արդեն նյութեր կան, ես երեկ խոսել եմ գլխավոր դատախազի հետ, զինվորական դատախազի նշանակումից հետո նյութերի մի զգալի մասը արդեն ես փոխանցելու եմ գլխավոր դատախազություն, որպեսզի հասկանանք՝ այդքան գումար է դրված, գումարը չկա, խնդիրը լուծված չի, ասենք, ավտոմատ կառավարման համակարգի հետ կապված: Անպայման առանձին տեղեկանքով կուղարկեմ, որ ՊՆ-ն կոլեգիալ նիստում նայի»:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ: Նախարար Պապիկյանն ասաց, որ արդեն տեսնում է, որ բանակում պարապում են, փորձում են նիհարել, որ մասնակցեն ատեստավորմանը:
«Հայաստան» խմբակցությունը որոշեց չմասնակցել քվեարկությանը՝ ասելով, որ չեն կարող «դեմ» քվեարկել, բայց «կողմ» էլ չեն, քանի որ իրենց մտահոգությունները չեն փարատվել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ