Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Այդ նախագծով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար ու դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից որակավորման ատեստավորման անցնելով:
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցությունը առաջարկներ է ներկայացրել, որոնք մերժվել են: Ընդդիմությունն առաջարկում էր ատեստավորումը նաեւ որպես պաշտոնի առաջխաղացման հնարավորություն կիրառել: Պապիկյանը պարզաբանեց, թե ինչու են մերժել. «Դրանցով ենթադրվում է մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների համար, որոնք մեր զինված ուժերի 90%-ն են կազմում, ունենալ ատեստավորման երկու համակարգ. մեկը՝ պաշտոնի համապատասխանության եւ առաջխաղացման համար, մյուսը՝ հավելավճար ստանալու, ինչը զինվորական ծառայության պատշաճ կազմակերպման առումով համարում ենք այս փուլում ոչ հիմնավորված եւ ոչ նպատակահարմար, քանի որ հավելավճար հաշվարկելու համար զինծառայողի ատեստավորման անցկացումը եւս համարվում է զբաղեցրած պաշտոնին զինծառայողի համապատասխանության ստուգում: Այսինքն, 3 տարին մեկ զինծառայողին 2 անգամ ատեստավորման ենթարկելը իմաստազուրկ է»:
Նա ասաց, որ զինծառայողի առաջխաղացումն այլ մեխանիզմով է ապահովվում՝ վերադաս հրամանատարի ծառայողական բնութագրի հիման վրա:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նախարարին հիշեցրեց, որ դեռ փետրվարին ասել էր, թե բանակի բարեփոխման հայեցակարգ է մշակվել, իր դուրը չի եկել, ուղարկել է խմբագրման, մինչդեռ արդեն դեկտեմբերն է՝ նախագիծը չկա, ու փոխարենը՝ նման կցկտուր նախագծեր են բերվում:
Պապիկյանն ընդունեց. «Այո, ես եմ ասել ԱԺ ամբիոնից, որ այն հայեցակարգը, որը ներկայացվել է, իմ կողմից չի ընդունվել: Ուղարկվել է խմբագրման, ու այն օրենսդրական նախաձեռությունները, որ այսօր մեր սեղանին են, եւ մի մասն ընդունվել են ԱԺ-ի կողմից, ամենեւին էլ կցկտուր չեն: Դրանք բխում են ՀՀ կառավարության ծրագրից ու մեր հնգամյա պլանից: Այն ընդհանուր հայեցակարգը, որը ես ներկայացնելու եմ կառավարության նիստին, արդեն իսկ պատրաստ է, մի քանի խմբագրական հարցեր կան, կամփոփենք: Եթե նման պատրաստակամություն ունեք, համեցեք ՊՆ, ծանոթացեք: Կարող եք նույնիսկ առաջարկություններ ներկայացնել, մենք բոլոր լավ առաջարկները կընդունենք: Խոսքն այն հայեցակարգի մասին է, թե ինչպես ենք մենք պատկերացնում ունենալ պրոֆեսիոնալ բանակ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ