«Վերջին օրերին Ջերմուկի ուղղությամբ լարվածություն չի եղել, կարող է՝ կրակոցներ լինեն, կարող է՝ իրենք օդ կրակեն, բայց չի եղել իրավիճակ, որը կստիպի մեզ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, չի եղել»,-այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն՝ անդրադառնալով վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի՝ հայ- ադրբեջանական սահմանին պարբերաբար կրակ բացելուն։
Մարզպետն ասաց, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք սեպտեմբերի 13-ին ներխուժել էին ՀՀ ինքնիշխան տարածք՝ Ջերմուկի հատվածում, դեռ այդ տարածքում են, որեւէ փոփոխություն չի եղել։
Դիտարկմանը՝ խոսվում է, որ հակառակորդը թունել է կառուցում ներխուժման հատվածում, մարզպետն ասաց, որ նման տեղեկություն չունի․ «Գուցե ամրաշինական աշխատանքներ են իրականացնում, դա ենթադրվում էր, բայց թունել կամ ճանապարհ, անտրամաբանական է»։
Գրիգորյանը Ջերմուկում ապաստարանների վերաբերյալ լրագրողների հարցին չպատասխանեց, նշելով՝ այդ մասին տեղեկությունը հրապարակային չի կարելի ներկայացնել։
Կարդացեք նաև
Արդյոք Ջերմուկի ուղղությամբ վտանգ կա՞ այս հարցին ի պատասխան էլ ասաց՝ մենք պատերազմական իրավիճակում ենք, վտանգ ամեն րոպե կարող է լինել։
Նա նաեւ վստահեցրեց, որ Ջերմուկը լքած բնակիչների մեծ մասը վերադարձել են քաղաք։ Անդրադառնալով հյուրանոցային բիզնեսի կրած վնասներին՝ մարզպետն ասաց՝ բազմաթիվ քննարկումներ են եղել էկոնոմիկայի նախարարության հետ, հանդիպել են հյուրանոցների տնօրեններին. «Այս պահին գործող աջակցություն չկա, բայց ծրագրերի նախագծեր քննարկվում են։ Նաեւ դրսի մեր գործընկերների հետ
քննարկել ենք, լրացուցիչ միջոցներ ենք ձեռնարկում, որ հյուրերը այդ վախի մթնոլորտի հաղթահարման հետ կապված․․․։ Բավականին առաջնթաց կա, հյուրանոցներ կան, որ չեմ ասի, թե ամբողջ ծավալով ծանրաբեռնված են, բայց հյուրեր ունենում են»։
Մարզպետն ասաց, որ հյուրանոցներում ամանորյա տոնական օրերի համար ամրագումներ արդեն կան, սակայն նախկին ծանրաբեռնվածությունը չկա։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ