Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդար Հայաստան»․ Անհասկանալի է, թե Փաշինյանն ինչու չի ձերբազատվում Սերժ Սարգսյանի ամենավտանգավոր «մնացորդից»

Դեկտեմբեր 01,2022 18:25

Ս․թ․ նոյեմբերի 30-ին Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը՝ 8 կողմ, դեմ՝ 1, ձեռնապահ՝ 1 ձայների հարաբերակցությամբ կողմ է քվեարկել խորհրդարանական կառավարման ձևի պահպանմանն ու խորհրդարանական կառավարման մոդելի բարելավման հարցին։

Այլ կերպ ասած, խորհրդարանական կառավարման համակարգը չի փոփոխվելու։

2021թ․ մարտի 1-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ վարչապետ Ն․ Փաշինյանն ընդգծել էր, որ սահմանադրական փոփոխությունների ժամանակ կիսանախագահական կառավարման համակարգին անցնելը կդառնա հնարավոր տարբերակներից մեկը:

Արդեն ակնհայտ է, որ գործող իշխանությունը բյուրեղացնում է Սերժ Սարգսյանի իշխանության կողմից մեր պետության ու ժողովրդի վզին փաթաթված սահմանադրությունը։

Գործող սահմանադրության ընդունման ժամանակ Սերժ Սարգսյանի քաղաքական իշխանությունն այդպես էլ չտվեց նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության իրավաքաղաքական հիմնավորումը: Թեև բոլորի համար էլ ակնհայտ էր, թե ինչի համար էր ընդունվում այն:

Ակնհայտ է, որ 2015թ. նոր սահմանադրության ընդունմամբ իրականացվել է պետության ապագայի նկատմամբ էժանագին և կասկածելի խաղադրույք՝ անորոշ ելքով, իսկ պատմության նկատմամբ՝ անընդունելի քաղաքական սպեկուլյացիա, որի դառը պտուղները քաղում ենք այսօր:

Մեր կյանքն ամեն օր ապացուցում է, որ գործող սահմանադրությունն ական է մեր պետականության տակ և ցանկացած պահի կարող է պայթել՝ փլատակների տակ թողնելով Հայաստանի Հանրապետությունը:

Այս սահմանադրությունն ի զորու չէ լուծել սահմանադրական մարմինների միջև գոյություն ունեցող վեճերը, որոնք վաղ թե ուշ հանգեցնելու են սահմանադրական ճգնաժամի:

Այս Սահմանադրությունը ոչ թե ճգնաժամեր հաղթահարող, այլ ճիշտ հակառակը՝ ճգնաժամեր ստեղծող և այն խորացնող քաղաքական փաստաթուղթ է:

Երեք տարվա ընթացքում երկու արտահերթ խորհրդարանական ընտրություն:

Ահա՛ գործող սահմանադրության պտուղները, իրականում՝ մեր պետության ու հասարակության վզին փաթաթված չարիք, որի արդյունքը պետական ինստիտուտների տոտալ վարկաբեկումն ու կազմաքանդումն էր, անվտանգության համակարգի փլուզումը և ապագայի նկատմամբ անորոշության սերմանումը:

2020թ․ արցախյան աղետալի պատերազմի պարտության պատճառներից մեկն էլ եղել է այն, որ չհաղթահարվեց վարչապետ-պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ հրամանատարական ուղղահայացին վերաբերող անհստակությունը և դրանից առաջացող խոչընդոտները, որոնք վերաբերում էին զորահավաքին, Անվտանգության խորհրդի դերակատարությանը և գործառույթներին, Հայաստանի Զինված ուժեր-ՊԲ-Արցախի նախագահ գործառույթներին և պաշտոնեական փոխհարաբերություններին, Արցախում ինքնապաշտպանության կազմակերպմանն ու բնակչության տարհանմանը։

Այլ կերպ ասած՝ պատերազմի ընթացքը ղեկավարելիս շունը տիրոջը չի ճանաչել, ով ինչպես պատկերացրել, այնպես էլ ղեկավարել է թե՛ պատերազմը, թե՛ բանակը, որի արդյունքն արձանագրված աղետն է։ Իսկ 2021թ․ գարնանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ազատման գործընթացում տեղի ունեցած շիլաշփոթն ամբողջացնում է վերը նշվածը։

Այս համատեքստում իսկապես անհասկանալի և տարակուսելի է, թե Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ չի ձերբազատվում Սերժի ամենակարևոր ու ամենավտանգավոր «Մնացորդից»։

«Արդար Հայաստան» կուսակցության համոզմամբ, պետականաշինության ներկա փուլում, երբ Հայաստանը ներքաշված է պարտադրված պատերազմի մեջ, երբ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, երբ քաղաքական համակարգն առողջ չէ, երբ պետության անվտանգային միջավայրը բավականին փխրուն է, իսկ պաշտպանական համակարգը՝ խաթարված, երբ պետությունը շարունակում է մնալ շրջափակման մեջ և հաղթահարված չեն էներգետիկ անվտանգության հետ կապված խոչընդոտներն ու դրանցով պայմանավորված արտաքին քաղաքական ազդեցությունները, երբ քաղաքական վերնախավն ու հասարակությունը պատրաստ չեն Խորհրդարանական կառավարման համակարգին, անհրաժեշտ է վերականգնել կիսանախագահական կառավարման համակարգը կամ անցում կատարել նախագահական ուժեղ համակարգի՝ հիմքում դնելով «Ուժեղ նախագահ», «Ազդեցիկ ու հեղինակավոր օրենսդիր իշխանություն», «Իրապես անկախ ու անկաշառ դատական համակարգ» գաղափարաբանությունը։

«Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ սահմանադրական փոփոխությունների համատեքստում անհրաժեշտ է․

1․Փոփոխել կառավարման համակարգը և անցում կատարել կիսանախագահական կամ նախագահական համակարգի,

2․Լուծարել Սահմանադրական դատարանն ու ստեղծել գերագույն դատարան՝ վերջինիս վերապահելով նաև սահմանադրական արդարադատության իրականացման գործառույթ։

3․ Հիմնովին փոփոխել Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման կարգն ու հստակեցնել նրա իրավասությունների շրջանակը, որպեսզի հնարավոր լինի իրապես դառնալ դատարանների անկախության երաշխավորը։

4․Ստեղծել Ռազմական Օմբուդսմենի ինստիտուտ։

«Արդար Հայաստան» կուսակցությունը համոզված է, որ Հայաստանում անհրաժեշտ է հաստատել ու ամրապնդել սահմանադրականության փիլիսոփայությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ եթե չի փոխելու կառավարման համակարգը և ընդամենը կատարվելու է կոսմետիկ փոփոխություններ, ապա սահմանադրական փոփոխություններ անցկացնելը համարում է անիմաստ գործընթաց:

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031