Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավրովը պարզապես փորձում է ռուսական տարբերակի հարցում Մոսկվայի տկարությունը բարդել Երեւանի վրա»

Դեկտեմբեր 01,2022 18:45

Արցախի կարգավիճակի, ռուսական կողմի առաջարկների վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա մամուլի ասուլիսի շեշտադրումների մասին Aravot.am-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ։

-Պարոն Բադալյան, Սերգեյ Լավրովը, հղում անելով Ալմա-Աթայի հռչակագրին, ասել է, որ եթե մենք ճանաչում ենք Ալմա-Աթայի հռչակագիրը, դա, իհարկե, հեշտացնում է հետագա աշխատանքը, որովհետև դա լուծում է հարցը՝ ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին։ Ձեր վերլուծությամբ՝ սա ի՞նչ ուղերձ է հայկական կողմին։

-Կարծում եմ՝ նպատակ ունի որոշակի իմաստով ռուսական տարբերակն առաջ մղելու հարցում Մոսկվայի անկարողությունը կամ դժվարությունները պայմանավորել կամ պատասխանատվությունը դնել հայկական կողմի վրա։ Այսինքն, Երեւանը պայմանավորվել է Պրահայում այլ տրամաբանությամբ մոտեցումներ՝ Ալմա-Աթայի հռչակագիր, որը կարգավիճակի հարցում բարդացնում է այն տարբերակը, ինչն առաջարկում է Ռուսաստանը, այն է՝ թողնել կարգավիճակի հարցն ապագային։ Լավրովի հայտարարության նպատակը հենց սա էր՝ պատասխանատվությունը դնել Երեւանի վրա այն դեպքում, երբ Մոսկվան պարզապես չի կարողանում Ադրբեջանին բերել այն տարբերակի դաշտ, որն ինքն է առաջարկում։ Մոսկվան պատասխան չունի, թե ինչու Ադրբեջանին չի հաջողվում բերել այդ համաձայնության դաշտ։ Որովհետեւ եթե դիտարկենք Ալմա-Աթայի հռչակագիրը, ապա այն ամենեւին չի նշանակում, թե փակվում է Արցախի կարգավիճակի հարցը, որովհետեւ Արցախի կարգավիճակի հարցը կապ չունի ՀՀ-Ադրբեջան սահմանների հետ։ Դա ինքնորոշման խնդիր է եւ էական առնչություն չունի տարածքային ամբողջականության հարցի հետ։ ՌԴ-ն տարիներ շարունակ մասնակցել է բանակցային գործընթացին որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, եւ հարց է առաջանում՝ այդ ընթացքում արդյոք կասկածի տա՞կ է դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իհարկե` ոչ։ Բայց քննարկվել է նաեւ Արցախի կարգավիճակի հարցը։ Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ Մոսկվան կամ ՄԽ մյուս համանախագահները կասկածի տակ են դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ոչ։ Հետեւաբար, կա տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման սկզբունքների համադրություն։ Եւ այս տեսանկյունից հակադրել Ալմա-Աթայի հռչակագիրն Արցախի կարգավիճակի հարցին ճիշտ չէ։ Լավրովը պարզապես փորձում է ռուսական տարբերակի հարցում Մոսկվայի տկարությունը բարդել Երեւանի վրա։

-Լավրովը նաեւ ասաց, թե Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տրամադրել այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի քաղաքացիները։ Նաեւ ակնարկեց, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանություններն ավելի շատ խոսում են Ղարաբաղի հայերի իրավունքների մասին, քան կարգավիճակի։ Ձեր վերլուծությամբ, սա ՀՀ իշխանությունների որոշումների ու հետեւանքների՞ արձանագրումն է, թե ռուսական կողմն այստեղ ինչ-որ դեր ունի։

-Դա եւս դիտարկում եմ պատասխանատվությունը Երեւանի վրա բարդելու համատեքստում։ Այսինքն, դիտարկում է, որ Երեւանը թույլ օղակն է եւ ՌԴ-ի դիվանագիտական ջանքերի հարցում եղած խնդիրները բարդում է ՀՀ-ի վրա, միաժամանակ փորձում խաղալ ՀՀ հասարակության տրամադրությունների վրա՝  այդ դաշտում էլ ՌԴ-ին ազատելով պատասխանատվությունից։ Իմ կարծիքով՝ իրականում ՀՀ իշխանությունը պարբերաբար խոսում է կարգավիճակի մասին, եւ դրա վերաբերյալ հաճախակի հայտարարությունների բացակայությունը պայմանավորված է այն մղմամբ, որ չառաջացնի ավելորդ լարվածության կամ ապակայունության ռիսկեր։ Առավել եւս, որ այդ հարցը հաճախ խոսելով չէ, որ պետք է լուծվի։ Օրակարգում այդ հարցի շեշտադրումը պայմանավորված չէ խոսելու հաճախականությամբ։ Հիշենք, որ Երեւանն առաջ է բերել հետեւյալ բանաձեւը՝ մենք քննարկում ենք Արցախի հանրության անվտանգության եւ իրավունքների լիարժեք հասցեագրման հարցերը եւ ըստ դրա նաեւ կգանք կարգավիճակի շուրջ քննարկմանը։ Այսինքն, ի՞նչ է պետք անվտանգության եւ իրավունքների լիարժեք հասցեագրման համար։ Տրամաբանական է, որ այս շեշտադրումից բխում է նաեւ կարգավիճակի հարցը։ Որովհետեւ Ադրբեջանի քաղաքականությունից տեսնում ենք, որ նվազագույնը կարգավիճակը կարող է ստեղծել անվտանգության եւ իրավունքների պաշտպանության որոշակի նախադրյալներ։ Ի վերջո, ՌԴ ԱԳ նախարարը կարդում է նաեւ ՌԴ խաղաղապահների հաղորդագրությունները եւ հազիվ թե մտածի, որ իրավունքների պաշտպանությանը պատրաստ Ադրբեջանը կարող է պարբերաբար կրակել Արցախի սահմանամերձ շրջանների գյուղերի, խաղաղ բնակիչների վրա։ Այս ամենով հանդերձ կրկնեմ, որ Լավրովի հայտարարությունները Ռուսաստանին «մաքրագործելու» նպատակ ունեն։

-Պարոն Բադալյան, ՀՀ իշխանությանը պարբերաբար քննադատում են, որ վերջինս Արցախի կարգավիճակից եւ անկախությունից խոսելու փոխարեն օգտագործում է «ԼՂ ժողովրդի իրավունքներ եզրույթը»՝ այդ կերպ կարգավիճակի հարցը ստորադասելով եւ փոխարինելով «իրավունքներով» քննադատողները պնդում են, որ կարգավիճակից են բխում այլ իրավունքները։ Ձեր կարծիքն ա՞յլ է այս հարցում։

-Չէի ցանկանա այդ հայտարարությունները մեկնաբանել, որովհետեւ դրանց հեղինակները շատ տարբեր եւ դրանց առնվազն մեծամասնությունն արվում է ըստ քաղաքական նպատակահարմարության։ Օրինակ, այդ նույն մարդիկ, որոնք ասում են, որ Երեւանը չի անում նման հայտարարություններ, նաեւ խոսում են այն մասին, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ» արտահայտությունը դարձավ պատերազմի պատճառ։ Նման գնահատականները լուրջ չեն եւ չեն արտացոլում այն քաղաքական բարդությունները, որոնք կան թե  հայ-ադրբեջանական հակամարտության, թե տարածաշրջանային իրողությունների շուրջ։ Ինչ վերաբերում է կարգավիճակի մասին հայտարարություններին որպես մեխանիզմ կամ միջոց՝ այդ խնդրի լուծման, ապա դրանց հաճախակիությունը չէ, որ օգնելու է լուծել կամ սպասարկել այդ առնչությամբ խնդիրները։ Նախ պետք է կարողանանք մեր պետական ներուժն ավելացնել, որպեսզի հնարավորություն լինի նաեւ հայտարարությունների մակարդակով ավելացնել մեր շեշտադրումների աստիճանը։ Հիմա կարող ենք անընդհատ խոսել կարգավիճակի մասին, բայց միայն մեր խոսելով չէ, որ հարցը լինելու է կամ չի լինելու օրակարգում։ Իմ կարծիքով՝ Երեւանը հետպատերազմյան իրավիճակում առաջ է քաշել ավելի համարժեք բանաձեւ՝ մենք խոսում ենք Արցախի հանրության անվտանգության եւ իրավունքների պաշտպանվածության մասին եւ այդ քննարկումներից ենք գալիս դեպի կարգավիճակ։ Որովհետեւ Ադրբեջանի կազմում Արցախի գոյությունը որեւէ կերպ չի կարող բավարարել անվտանգության եւ իրավունքների ամբողջական իրացումը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031