Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Իշխանյանը ԵԽ պատգամավորների հետ քննարկել է Արցախում բնիկ հայ ժողովրդի հիմնարար իրավունքների ոտնահարման և էթնիկ զտումների վտանգի հարցը

Դեկտեմբեր 01,2022 17:56

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը եվրոպական երկրներ աշխատանքային այցի շրջանակներում նոյեմբերի 28-30-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել պատգամավորներ, խորհրդարանում Հայաստանի և Արցախի հետ բարեկամության խմբերի անդամներ Ֆրանսուա Ալֆոնսիի, Կոստաս Մավրիդեսի, Կլարա Պոնսատիի և Յուոզաս Օլեկասի հետ: Հանդիպումներ են տեղի ունեցել նաև Բելգիայի թագավորության Սենատում Արցախի հետ բարեկամության խմբի անդամներ Մարկ Դեմեսմայկերի և Ալեսիա Կլասի, ինչպես նաև պաշտոնաթող նախարար, ներկայումս Բրյուսելի խորհրդարանի պատգամավոր Ալդա Գրեոլիի հետ:

Հանդիպումների ընթացքում Դավիթ Իշխանյանը բարձրացրել է Արցախում և առհասարակ տարածաշրջանում Ադրբեջանի կողմից 2020թ․ սանձազերծված պատերազմի հետևանքների հարցը: ՀՅԴ Բյուրոյի անդամը խոսել է Արցախում բնիկ հայ ժողովրդի հիմնարար իրավունքների ոտնահարման և էթնիկ զտումների վտանգի մասին, առանձահատուկ կարևորել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացումը: Իշխանյանն անդրադարձել է նաև Ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը, մասնավորապես սեպտեմբերի կեսին Հայաստանի ինքնիշխան տարածքում սանձազերծված ռազմական ագրեսիային:

Դավիթ Իշխանյանը բարձր է գնահատել Արցախի հիմնախնդրի մասին բարձրաձայնելու պատգամավորների ջանքերը հատկապես Եվրախորհրդարանում, ինչպես նաև Ֆլամանդական, Վալոնական և Բրյուսելի շրջանային խորհրդարաններում։ Իշխանյանը կարևորել է գործնական քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ Եվրոպական Միության իշխանության գործադիր մարմնին ուղղորդելու և ճնշում գործադրելու, ինչպես նաև հակամարտող կողմերի միջև հավասարություն դնելու քաղաքականությանը վերջ տալու ուղղությամբ:
Արցախի Հանրապետության պատգամավորը կարևորել է հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունն ինչպես համաեվրոպական մակարդակով, այնպես էլ եվրոպական երկրներում խորհրդարանական ուժերի հետ:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանի այցը եզրափակվել է Բելգիայի հայ համայնքի ներկայացուցչական մարմինների անդամների հետ հանդիպումով։

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031