Լրահոս
Օրվա լրահոսը

Գավառի պետական համալսարանում հայտնաբերվել են խախտումներ. ՊՎԾ

Դեկտեմբեր 01,2022 17:47

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից «Գավառի  պետական համալսարան» հիմնադրամում իրականացվել է ուսումնասիրություն:

Ուսումնասիրվել են 2018-2022 թվականների ընթացքում Հիմնադրամի կողմից իրականացված գնման, աշխատավարձերի հաշվարկման և վճարման գործընթացները, Հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքերի կառավարման օրինականությունը և արդյունավետությունը, ինչպես նաև ուսման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը, որոնց արդյունքում արձանագրվել են ընդհանուր 11,8 մլն․ ՀՀ դրամի ֆինանսական խախտումներ, ինչպես նաև Հիմնադրամի աշխատակիցների կողմից հնարավոր կեղծիքներ կատարելու մի շարք դեպքեր:

Մասնավորապես՝ ուսումնասիրությունն ընդգրկող ժամանակահատվածում Ծառայության կողմից փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ առանց Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման Ռեկտորի կողմից իրեն հատկացվել են  լրավճարներ: Բացի այդ, թվով 33 ուսանողների՝ փաստացի ՀՀ-ից բացակայելու, դասընթացներին և քննաշրջաններին չմասնակցելու պայմաններում, Հիմնադրամի համապատասխան դասախոսների և աշխատակիցների կողմից հաճախելիության և առաջադիմության մատյաններում այդ մասին համապատասխան նշումներ չեն կատարվել, այլ կազմվել և հաստատվել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր: Նույն ժամանակահատվածում Հիմնադրամի թվով 15 աշխատակիցներ, փաստացի բացակայելով ՀՀ տարածքից և (կամ) չներկայանալով աշխատանքի, ստացել են իրենց ամսական աշխատավարձի գումարներն ամբողջությամբ: Հիմնադրամի թվով 9 աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման համար հիմք հանդիսացող ժամաքանակները սահմանելիս Հիմնադրամի կողմից խախտվել են ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 1-ի թիվ 201-Ն որոշման N 5 հավելվածի 12-րդ կետով սահմանված պահանջները, որի արդյունքում նշված աշխատակիցները ստացել են հավելյալ աշխատավարձ: Հիմնադրամի թվով 3 տրանսպորտային միջոցների վառելիքը ծախսագրվել է ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 1-ի N 1001-Ն որոշմամբ սահմանված ծախսի նորմատիվների շեղումներով, ինչպես նաև ավտոմեքենաների վառելիքի ծախսի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերում, մասնավորապես ուղեթերթիկներում ներառվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ: Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ օրենսդրական կարգավորումների խախտմամբ, կամայական եղանակով, շուկայականից էական ցածր գներով վարձակալության են հանձնվել անհատույց օգտագործման իրավունքով Հիմնադրամին պատկանող թվով 2 հասարակական նշանակության տարածքներ, իսկ Հիմնադրամի հանրակացարանի շահագործումն իրականացվել է ոչ արդյունավետ:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:

Հարկ է նշել, որ  Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից   ևս մեկ ուսումնասիրություն իրականացվում է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում, որի արդյունքները կհրապարակվեն ամփոփվելուց հետո:

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

ՀՀ պետական վերահսկողական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031