Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրությունների չմասնակցածներն արդարացում են գտել ու միշտ բողոքավորի դերում են․ ո՞ւմ վրա են մուննաթ գալիս»․ քաղտեխնոլոգ

Դեկտեմբեր 01,2022 17:39

«Պատճառը երկրում առկա ընդհանուր ապատիան է՝ հանրության գրեթե բոլոր շերտերի մոտ։ Հիասթափություն կա եւ իշխանությունից, եւ ընդդիմությունից։ Ովքեր ժամանակին ընտրել են այսօրվա իշխանությանը,  հիասթափված են, որովհետեւ խոստումները չեն կատարվել։ Ըստ էության, խաբվել են իրենց սպասումներում, որովհետեւ իրենց խոստացել էին անվտանգություն, խաղաղության դարաշրջան։ Որեւէ մեկը խոսք չէր տվել, որ Արցախից այսպիսի եղանակով են ազատվելու։ Ուստի իշխանությանն ընտրածները խաբված են զգում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով «GALLUP International Association»-ի Հայաստանի գրասենյակի վերջին հարցումների արդյունքներին։

Դրանցով հարցին՝ «ներքաղաքական իրավիճակի լուծման համար արդյոք ՀՀ-ում անհրաժե՞շտ է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ», հարցվածների 32.5%-ը պատասխանել է, որ ընդհանրապես անհրաժեշտ չեն, իսկ 23.7%-ը՝ միանշանակ անհրաժեշտ են, իսկ 17.1%-ը՝ ավելի շուտ անհրաժեշտ են։ Գրեթե նույնքան՝ 16.5%-ը կարծում է, որ դրանք ավելի շուտ անհրաժեշտ չեն։ Մյուս հարցին՝ «եթե առաջիկա կիրակի օրը լինեին խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք», հարցվածների կարծիքները հետեւյալ տոկոսային պատկերն ունեն․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-17.5%

«Հայաստան» դաշինք-4.5%

«Պատիվ ունեմ» դաշինք-2.2%

․․․Ուշագրավ է, որ 47.4%-ը պատասխանել է՝ «ոչ մեկի» կամ «չեմ քվեարկի»։ 14.1%-ն էլ դժվարացել է պատասխանել։

Վիգեն Հակոբյան

Վիգեն Հակոբյանը նշում է՝ ընդդիմության ընտրողներն էլ իրենց հերթին են հիասթափված, քանի որ խորհրդարանական ընդդիմությունն ԱԺ էր գնացել գործող իշխանությունից ազատվելու համար, սակայն դա, ըստ էության, չի հաջողվել․ «Թե իշխանամետ խավը, թե մյուսը, այս պահի դրությամբ ավելի շատ ցույց են տալիս, որ որեւէ բանի չեն հավատում եւ այսօր պատրաստ չեն ընտրություններ լինելու դեպքում  նախապատվություններ տալուն։ Իսկ այն խավը՝ մոտ 50%-ը, որը ժամանակին առանց այդ էլ չէր մասնակցում, տեսնելով կատարվածը, կարծես թե արդարացում է գտել իր համար ու ասում է՝ մենք ճիշտ էինք, որովհետեւ ոչ այս կողմն էինք բռնել, ոչ մյուսը․․․»։

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ սոցհարցումները, բնականաբար, չեն արտացոլում ամբողջական իրական պատկերը, սակայն փոխանցում են հասարակության շրջանում առկա փակուղային մթնոլորտը։

Հիշեցնենք, որ 2021թ․-ի հարցումների տվյալներով՝ հարցվածների մոտ 30%-ը պատրաստ էր  ՔՊ-ի օգտին քվեարկել, իսկ այսօր, փաստորեն, 17.5%-ը։ Վիգեն Հակոբյանը նկատում է․ «Վարկանիշի եւ վստահության կորուստ է ունեցել թե իշխանությունը, թե ընդդիմությունը։ Նույն թիվը, որը նախկինում ցույց էր տալիս, որ չի մասնակցում ընտրական գործընթացներին, այսօր էլ պահպանվել է։ Սա համարում եմ «հիվանդություն», երբ հասարակության կեսն առհասարակ իրեն դուրս է դնում պետական կառավարմանը մասնակցելու հնարավորությունից։ Կարծում եմ՝ այդ հատվածը, որը ոչ այս կողմ է գնում, ոչ այն կողմ, հետաքրքրված չէ նաեւ այլ հարցերով, այսինքն՝ աջը քաշել է, բայց միշտ խոհանոցում բողոքավորի դերում է։ Արդեն չես հասկանում՝ իրենց մուննաթն ու պահանջկոտությունն ո՞ւմ հանդեպ է, եթե  ներկայություն չեն ապահովում։ Սա է ամենամեծ խնդիրը։ Իմիջիայլոց, չկողմնորոշվածները սովորաբար հետագայում ավելի հակված են գնալ տվյալ պահի հաղթողի հետեւից։ Կերպարանափոխվում են եւ բռնում հաղթողի կողմը։ Ընտրություններին առհասարակ չմասնակցածներն ակամա նպաստել են, որ այսօրվա իշխանություններն ընտրվեն»։

Նշենք նաեւ, որ հարցումների արդյունքներում նաեւ հետեւյալ հարցադրման պատասխանները կան՝ «ինչպե՞ս պետք է արձագանքել ադրբեջանական ագրեսիային և հարձակումներին»։ Հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 59.4%-ը պատասխանել է, որ պետք է զինվել և ունակ լինել արժանի հակահարված տալ ու պաշտպանել ՀՀ սահմանները, մինչդեռ խաղաղության բանակցություններն ակտիվացնելուն սատարել է 14.1%-ը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031