Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ 17.5%-ը, որը գործող վարչապետի կողմից է, հիմնականում պահպանում է նախկինների հանդեպ վրեժի զգացողությունը»․ քաղաքագետ

Դեկտեմբեր 01,2022 17:16

«Երբ սոցհարցումների ժամանակ հարցեր են տալիս, շատ կարեւոր է, թե հարցն ինչպես են հնչեցնում եւ տրված պատասխանում հարցվողն ինչ է հասկանում։ Օրինակ, եթե ինձ հարցնեն՝ ընտրություններ հիմա պե՞տք են, ես կարող եմ ասել՝ պետք են, բայց եթե հարցնեն՝ գիտե՞ք ում եք ձայն տալու, կարող է ասեմ` չէ ու արդյունքում՝ հիմա ընտրություններ պետք չեն։ Այսինքն, հարցերը եւ այդ թվերը մեկնաբանելը հանգամանքներից է կախված»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով «GALLUP International Association»-ի Հայաստանի գրասենյակի վերջին հարցումների արդյունքներին։

Ըստ դրանց, հարցին՝ «ներքաղաքական իրավիճակի լուծման համար արդյոք ՀՀ-ում անհրաժե՞շտ է իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ», հարցվածների 32.5%-ը պատասխանել է, որ ընդհանրապես անհրաժեշտ չեն, իսկ 23.7%-ը՝ միանշանակ անհրաժեշտ են, իսկ 17.1%-ը՝ ավելի շուտ անհրաժեշտ են։ Գրեթե նույնքան՝ 16.5%-ը կարծում է, որ դրանք ավելի շուտ անհրաժեշտ չեն։ Մյուս հարցին՝ «եթե առաջիկա կիրակի օրը լինեին խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք», հարցվածների կարծիքները հետեւյալ տոկոսային պատկերն ունեն․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-17.5%

«Հայաստան» դաշինք-4.5%

«Պատիվ ունեմ» դաշինք-2.2%

․․․Ուշագրավ է, որ 47.4%-ը պատասխանել է՝ «ոչ մեկի» կամ «չեմ քվեարկի»։ 14.1%-ն էլ դժվարացել է պատասխանել։

Ստեփան Դանիելյան

«Կարծում եմ՝ հիմնական պատճառը, որ նշյալ մարդիկ գտնում են, թե հիմա ընտրություններ պետք չեն, ոչ թե այն է, որ գոհ են այս կառավարությունից, այլ քաղաքական դաշտում իրենք չեն տեսնում այլընտրանք․ քաղաքական համակարգը փլուզված է, կուսակցությունները վարկաբեկված են, նրանց հանդեպ վստահություն չկա։ Բայց քանի որ ընտրությունները կատարվում են կուսակցությունների միջեւ, մարդիկ տարակուսանքի  մեջ են եւ ընտրությունների միջոցով ելք փնտրելու հնարավորություն չեն տեսնում։ Եվ սա չի նշանակում, թե իրենք գոհ են նրանից, ինչ կատարվում է»,-ասում է Ստեփան Դանիելյանը։

Ըստ նրա, նշյալ 47.4%-ի մեջ հնարավոր է կան մարդիկ, որոնք շատ դժգոհ են եւ ուզում են փոփոխություններ, բայց չեն տեսնում, թե ում օգտին պետք է քվեարկեն։

Հիշեցնենք, որ 2021թ․-ի հարցումների տվյալներով՝ հարցվածների մոտ 30%-ը պատրաստ էր  ՔՊ-ի օգտին քվեարկել, իսկ այսօր, փաստորեն, 17.5%-ը։ Թե ինչով է պայմանավորված իշխող ուժի վարկանիշի անկումը, Ստեփան Դանիելյանը նշեց․ «Այստեղ եւս կարող ենք ենթադրություններ անել, որոնք կախված են նրանից, թե հարցվածներից ով ինչպես է իրավիճակը հասկանում։ Կարծում եմ, գուցե սխալվում եմ, նախորդ տարի ինչ-որ մարդիկ գուցե հավատացել են, որ չնայած պատերազմում ծանր պարտությանը՝ գործող վարչապետն ինչ-որ ձեւ կբացի խաղաղության էջ, կկարողանա համաձայնության  գալ Ադրբեջանի հետ եւ իրավիճակը պահել «ստատուս քվո»-ի շրջանակում։ Քանի որ խաղաղության դարաշրջանի գաղափարը վարչապետինն էր, մարդիկ ենթադրել են, որ ինքը երեւի մի բան գիտի, որ նման բան է ասում, իսկ հիմա տեսնում են, որ դա անգամ հնարավոր չի, եւ գործող կառավարությունը չի կարողանում դա ապահովել։ Այդ պատճառով տոկոսն այդքան իջել է»։

Մեր զրուցակիցը հավելեց․ «Իսկ այդ 17.5%-ը, որոնք, այնուամենայնիվ, գործող վարչապետի կողմից են, իրենց մոտ գուցե հիմնականում դեռեւս կա նախկինների հանդեպ վրեժի զգացողությունը։ Նրանց հիմնական շարժիչ ուժն այն է, որ գործող վարչապետը նրանց կպատժի, եւ դրա համար ամեն անգամ իշխանությունը, երբ փորձում է այդ պայմանական 17.5%-ի մոտ վարկանիշը պահել, հայտարարում է ձեւական քրեական գործերի մասին, խոսում թալանից․․․նպատակն այդ վրեժի զգացողությունը պահպանելու, տաք պահելու համար է»։

Նշենք, որ հարցումների արդյունքներում նաեւ հետեւյալ հարցադրման պատասխանները կան՝ «ինչպե՞ս պետք է արձագանքել ադրբեջանական ագրեսիային և հարձակումներին»։ Հարցվածների ճնշող մեծամասնությունը՝ 59.4%-ը պատասխանել է, որ պետք է զինվել և ունակ լինել արժանի հակահարված տալ ու պաշտպանել ՀՀ սահմանները, մինչդեռ խաղաղության բանակցություններն ակտիվացնելուն սատարել է 14.1%-ը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031