Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը ելույթ է ունեցել Ռասիզմի և խտրականության դեմ 2022 թվականի համաշխարհային համաժողովին:
Մինասյանն իր ելույթում նշել է, որ ռասիզմը և խտրականությունն անմարդկային երևույթներ են, որոնք խախտում են մարդու հիմնարար իրավունքները և անընդունելի են ժամանակակից աշխարհում:
Մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում հավասար իրավունքները և մարդկանց նկատմամբ հավասար վերաբերմունքը վաղուց դարձել են համընդհանուր արժեքներ:
Հայաստանը բարձր է գնահատում խտրականության բոլոր ձևերի վերացման ուղղությամբ գործադրվող ջանքերը: Մինասյանը նշել է, որ Հայաստանը շատ կարևոր է համարում իր բոլոր բնակիչների համար՝ անկախ ազգությունից կամ քաղաքացիությունից, ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ վերջիններիս ձայնը լսելի կդառնա, նրանց իրավունքները հարգված և պաշտպանված կլինեն պետության, հասարակության, ինչպես նաև՝ անհատների կողմից։
Կարդացեք նաև
Ամփոփելով խոսքը՝ Գրիգոր Մինասյանը նշել է. «Հայաստանը լիովին հավատարիմ է միջազգային հանրության վեհ նպատակին` վերացնելու խտրականության բոլոր ձևերը, որպեսզի կարողանանք ստեղծել ավելի երջանիկ, առողջ և որ ամենակարևորն է՝ ավելի ապահով հասարակություն, որը հնարավորություն կունենա ապրել ատելությունից և խտրականությունից զերծ աշխարհում»:
Արդարադատության նախարարություն