Արևմտյան երկրները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը տապալելուց հետո փորձում են ներթափանցել Ռուսաստանի միջնորդական ջանքերի մեջ, բայց արդյունավետ չի ստացվում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նա նշել է, որ Ռուսաստանն օգնում է Բաքվին ու Երևանին սահմանազատման հարցերում և աջակցություն կցուցաբերի նաև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հարցում:
«Զուգահեռաբար մենք նկատում ենք այլ խաղացողների ջղաձիգ փորձերը ներթափանցել այդ գործընթացի մեջ: Մենք որևէ խնդիր չենք տեսել դրանում, միակ բանը, որ մենք նշել ենք Երևանի և Բաքվի հետ շփումներում, այն է, որ Արևմուտքը հատուկ ռազմական գործողության սկսվելուց հետո Վաշինգտոնի և Փարիզի շուրթերով պաշտոնապես հայտարարեց, որ ոչ մի տեղ, ոչ մի ձևաչափի Ռուսաստանի հետ չեն մասնակցի: Այդպիսով նրանք հայտարարեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ավարտի մասին»,- ասել է Լավրովն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով, հիմա և՛ Ֆրանսիան, և՛ ԱՄՆ-ը, և՛ Եվրամիությունն, ընդհանուր առմամբ, փորձում են «իրենց իսկ կողմից թաղված Մինսկի խումբը» փոխարինել միջնորդական ջանքեր ներթափանցմամբ, ընդ որում «փորձում են սեփականաշնորհել այն պայմանավորվածությունները, որոնք կողմերը ձեռք են բերել Ռուսաստանի մասնակցությամբ»:
Կարդացեք նաև
«Մասնավորապես, Բրյուսելում անցկացնում են սահմանազատման հարցերով հանձնաժողովի նիստ: Դե, հայերն էլ, ադրբեջանցիներն էլ քաղաքավարի մարդիկ են, գնում են այնտեղ: Բայց ես դժվար եմ պատկերացնում՝ ինչպես կարելի է քննարկել սահմանազատում, եթե ձեռքումդ չունես նախկին հանրապետությունների քարտեզները, որոնք առկա են միայն Ռուսաստանի Գլխավոր շտաբում»,- ասել է Լավրովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ