Հայաստանում աղքատության ցուցանիշը 26,5 տոկոս է, ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Պիտի արձանագրեմ, որ 2021 թվականին Հայաստանում աղքատությունը կազմել է 26,5 տոկոս, ընդ որում, եթե մենք համեմատում ենք 2020 թվականի հետ, ունենք աղքատության որոշակի նվազում, իսկ 2019-ի նկատմամբ՝ 0,1 տոկոսային կետով ունենք աղքատության ավելացում», – ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ 2019 թվականից նոր մեթոդաբանությամբ է հաշվարկվում աղքատության ցուցանիշը, ուստի 2019 թվականից առաջվա տվյալները չենք կարող համեմատել դրանից հետո առկա տվյալների հետ:
«2019 թվականի նկատմամբ ծայրահեղ աղքատության դեպքում ունենք 0.1 տոկոս ցուցանիշով աճ, իսկ 2020 թվականի նկատմամբ ծայրահեղ աղքատությունը 0.8 տոկոսով աճ է ապրել: Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ 2020 թվականին կովիդի հակաճգնաժամային մեր միջոցառումները եղել են խիստ հասցեական: Այսինքն՝ մեր միջոցառումների արդյունքում ծայրահեղ աղքատությունը կիսով չափ կրճատել ենք, բայց քանի որ հակաճգնաժամային ծրագրերն ավարտվել են, մի փոքր ավելացել է»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ վիճակագրական կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ աղքատության ցուցանիշների վերաբերյալ ավելի օպերատիվ տվյալներ չունեն. «Ինձ հավաստիացրել են, որ դա միջազգային ստանդարտ է, ոչ մի երկրում տվյալ տարվա օպերատիվ տվյալները չեն ունենում։ Ամեն դեպքում, ես համապատասխան հանձնարարականը տվել եմ, որ մենք մեր աղքատության կառուցվածքը պետք է խորը վերլուծենք ու աղքատության հաղթահարման ռազմավարությունը մշակենք մեր գաղափարաբանության շրջանակներում, իսկ գաղափարաբանությունը հետևյալն է՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով, այլ տարբերակ չկա», – ասաց վարչապետը:
Կարդացեք նաև
«Աշխատաշուկայում այսօր աշխատուժի դեֆիցիտի խնդիր ունենք, և պատմականորեն նվազագույն աստիճանի է հասել գործազրկությունը։ Մասնավոր հատվածից ահազանգեր ենք ստանում, որ աշխատող գտնելու պրոբլեմ ունեն»,–նշեց Փաշինյանը՝ դիմելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին ։
Ի պատասխան նա ասաց, որ 2022-ի երկրորդ եռամսյակի տվյալներով գործազրկության մակարդակը կազմել է 13 տոկոս, իսկ 2021-ին այն եղել է 14.5 տոկոս. «Այսինքն` գործազրկության մակարդակի նվազումը էական է: Ինչ վերաբերում է աշխատատեղերին, ապա այս պահի դրությամբ Միասնական սոցիալական ծառայությունը 3260 թափուր աշխատատեղ է հավաքագրել, իսկ վիճակագրական կոմիտեի տվյալներով` 9800 թափուր աշխատատեղ կա։ Այս տարի ունենք նաև 50 400 գրանցված գործազուրկ, որը 2021թ. համեմատ նվազել է 8000-ով»,–ասաց նախարարը։
Մկրտչյանը հայտնեց նաև, որ առաջիկա 3 տարիներին գյուղատնտեսության, շինարարության, մեծածախ և մանրածախ առևտրի, ՏՏ-ի, փոխադրումների և առողջապահական սպասարկման ոլորտներում աշխատակիցների կարիք կլինի։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ