Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարությունը 10 մլրդ դրամ կտրամադրի ՏՏ ոլորտին

Դեկտեմբեր 01,2022 15:08

Պետությունը կաջակցի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին. տրամադրվող պետական աջակցության նախնական չափը կազմում է 10 մլրդ. դրամ. նման որոշում ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը (lլուսանկարում) հայտնեց, որ առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022-ի հունիսից հոկտեմբերին իրենց աշխատակիցներին տրվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20 տոկոսից ավելի։ Ինչպես նաև՝ նրանց կողմից արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալն աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70 տոկոսը։ «Տրամադրվող պետական աջակցության նախնական չափը կազմում է 10 մլրդ. դրամ: Աջակցության տրամադրումը խթան կհանդիսանա կազմակերպությունների զարգացման համար, հնարավորություն ընձեռելով պահպանել առկա աշխատատեղերը՝ միաժամանակ չկրճատելով աշխատակիցների աշխատավարձերը»-նշեց Ռոբերտ Խաչատրյանը:

Նրա խոսքով, նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը օժանդակելու, ինչպես նաև Հայաստանի այլ երկրների հետ արդյունավետ մրցակցելու հնարավորության պահպանման անհրաժեշտությամբ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների գործունեության խթանների առումով տարբեր երկրներում կիրառվում են մի շարք հարկային արտոնություններ։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մեծ մասն իր եկամուտները ստանում է արտերկրից՝ արտարժույթով, և այն, որ ներկայումս ԱՄՆ դոլարի և եվրոյի արժեզրկման արդյունքում համապատասխան ծավալով կրճատվել են տեղական ընկերությունների ֆինանսական մուտքերը, ուստի դա խոչընդոտ է հանդիսացել կազմակերպությունների բնականոն զարգացմանն ու առաջխաղացմանը։ Աջակցության տրամադրումը խթան կհանդիսանա կազմակերպությունների զարգացման համար, հնարավորություն ընձեռելով պահպանել առկա աշխատատեղերը՝ միաժամանակ չկրճատելով աշխատակիցների աշխատավարձերը»,–ասաց Խաչատրյանը։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ մի քանի ամիս է, ինչ ահազանգեր են ստանում ՏՏ ոլորտի մասնագետներից, որ դրամի արժևորման արդյունքում նրանք որոշակի ռիսկերի առջև են կանգնում։ Նա նշեց նաև, որ աջակցությունն էականորեն կմեծացնի ոլորտի մրցունակությունը միջազգային շուկայում։

Մենք տեղեկացրել էինք, որ ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները հայտարարել էին, որ դեռևս 5 ամիս առաջ են բարձրաձայնել դոլարի արժեզրկման հետևանքով ոլորտում առաջացած խնդիրների մասին, սակայն կառավարությունը մինչ օրս ոչինչ չի ձեռնարկել: Երեկ էլ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ մինչև շաբաթվա վերջ որոշում կկայացվի և ՏՏ ընկերություններին կվերադարձվի եկամտահարկը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031