Այս կարգավորումն անենք, տեսնենք իրավիճակի վրա ինչ ազդեցություն է ունենում․ հետագայում չեմ բացառում, ավելի խիստ մեթոդների կիրառումը, այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի ընթացքում շինթույլտվությունների համար տեղական տուրքի դրույքաչափերի գների բարձրացման հարցը քննարկելիս:
«Կարծում եմ՝ դա շատ կարևոր կարգավորում է և, ի վերջո նաև եթե այդ կառուցումը պետք է տեղի չունենա, ուրեմն համայնքի բյուջեն պետք է ինչ որ փոխհատուցում ստանա և գույքային հարկերով պետք է վճարումներ իրականացվի: Մենք հիմա բացառություն արել ենք միայն սահմանամերձ բնակավայրերի՞, թե՞ գոտիների՞ համար»-Փաշինյանը հարց տվեց ֆինանսների նախարարին՝ «սահմանամերձ համայնքների» պատասխանը լսելուց հետո ուղղեց «սահմանամերձ բնակավայրերին պետք է դա վերաբերվի»:
Նրա կարծիքով, ականատես ենք լինում դեպքերի, երբ շինարարությունը մնում է տարիներով, տասնամյակներով, կամ հիմքերն են գցել ու կիսատ թողել, որը մեզ մոտ դիտվում է նորմալ երևույթ, բայց ոչ ոք չի ասում, որ դա անհարգալից վերաբերմունք է հանրության նկատմամբ։
«Անհարմարություններ է ստեղծվում, խաթարվում է միջավայրի գեղագիտական տեսքը, էլ չեմ ասում, որ այդ շինթույլտվությունը չի իրագործվում․ ի վերջո հանրային ռեսուրս է, անկախ նրանից, որ սեփականություն է և կարող է ավելի նպատակային ծառայել»,-ասաց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով առաջարկվող փոփոխություններին՝ Փաշինյանն ասաց, որ այնտեղ կետ կա՝ «Հանրային տարածքի վրա ինքնակամ կառուցված շինությունը մենք որևէ կերպով չենք հարկում»։ Ապա Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին դարձյալ հարց ուղղեց․ «Այդ նախադասությունն ընդհանրապես հետաքրքիր է հնչում՝ հանրային տարածքի վրա ինքնակամ կառուցված շինությունը մենք որևէ կերպ չենք հարկում, բայց ոչ էլ քանդում ենք, հա՞»։ Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ քանդելու հարցը համայնքի իրավասության տիրույթում գտնվող հարց է, բայց չեն հարկում։
«Ստացվում է, որ ինքնակամ շինություն կառուցելն ավելի ձեռնտու է, քան օրինական շինությունը․․․»,- ասաց Փաշինյանն ու հավելեց. «Եթե շատ գռեհկացնենք, եթե որևէ մեկը հասցնի գիշերվա ընթացքում Հանրապետության հրապարակի կենտրոնում ժանգոտ «բուդկա» դնի, հետո կարող է պարզվի, որ մենք պետք է տարիներով դատական պրոցեսներով անցնենք, որ այդ «բուդկան» հանենք (․․․) Դեպքեր ունենք, որ ինչ-որ մեկը Երևանի զբոսայգիներում բերել մի ժանգոտ «բուդկա» է դրել 25-30 տարի առաջ, ու մինչև հիմա մեր պետական մարմինները երևի մի 500-600 կիլո թուղթ են գրել այդ ապօրինի կառույցի վերաբերյալ։ Շատ կարևոր է, որ այս կարգավորումներն անենք, որովհետև հանրային շահը չի կարող ստորադասվել մի «բուդկայի» նկատմամբ որևէ իրավունք ունեցող անհատի շահին»։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ