Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրախ եմ տեսնել մի թեկնածուի, որը Հայոց ցեղասպանության մասին խոսելիս այն անվանում է «ցեղասպանություն». Մենենդես

Դեկտեմբեր 01,2022 13:34

«Ամերիկայի ձայն». Իմ թեկնածության հաստատման պարագայում, խոստանում եմ աշխատել Ձեզ հետ՝ Հայաստանի ժողովրդավարությունը, անվտանգությունը, տնտեսությունը և ինքնիշխանությունն ամրապնդելու համար, նշել է ԱՄՆ վարչակազմի կողմից Հայաստանում դեսպանի պաշտոնին առաջադրված Քրիստինա Քվիենը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին, ուր քննարկվում էին մի շարք դեսպանների ու պաշտոնյաների թեկնածությունները: Իր խոսքում Ուկրաինայում ԱՄՆ փոխդեսպան Քվիենը ներկայացրեց նշանակման դեպքում իր առաջնահերթությունները, որոնք ներառում են Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի աջակցությունը, ազատ գործարար միջավայրի և քաղաքացիական հասարակության զարգացումը, խոսքի ազատության պաշտպանությունը, ապատեղեկատվության տարածման դեմ պայքարն ու դատաիրավական բարեփոխումները, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրացումը:

«Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը էական նշանակություն ունի Հայաստանի և Հարավային Կովկասի՝ ավելի ապահով և բարեկեցիկ ապագայի համար»,- շեշտել է նա:

Ծնունդով Կալիֆոռնիայից Քվիենը նշում է՝ պարտավորվում եմ անել հնարավորինը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և Հայաստանի խաղաղ ապագան աջակցելու ուղղությամբ: Այս հարցում նա կարևորել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման շարունակական քննարկումները:

«Ես մեծացել եմ Կալիֆոռնիայի Ֆրեզնոյում, ուր գտնվում է Միացյալ Նահանգների ամենամեծ հայկական համայնքներից մեկը: Իմ ուսուցիչներն ու հայկական ծագում ունեցող ընկերները պատմում էին օսմանյան ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանության մասին, որը ստիպեց նրանց ընտանիքներին նոր հայրենիք փնտրել Ամերիկայում»,- նշել է Քվիենը։

Լսումները նախագահող սենատոր Ռոբերտ Մենենդեսն այս առիթով արձագանքեց. «Ուրախ եմ տեսնել մի թեկնածուի, որը Հայոց ցեղասպանության մասին խոսելիս այն անվանում է «ցեղասպանություն»»:

Սենատոր Մենենդեսն իր խոսքում նշում է՝ սա Հայաստանի համար դժվար ժամանակներ են: Մենք ականատես եղանք Ադրբեջանի հարձակումներին, ինչպես նաև տեսանյութերին, ուր պատկերված են ռազմական հանցագործություններ, ինչպես նաև երկարատև մարդասիրական ճգնաժամին, որն առաջացել է պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղում, ասում է սենատորը:

«Մենք պետք է իմանանք, թե արդյոք ադրբեջանական կողմը իրականացրել է նման սպանություններ, որպեսզի կարողանանք որոշել, թե արդյոք պետք է չեղարկել Ազատության աջակցության ակտի 907-րդ բանաձևը, թե ոչ: Ես ցանկանում եմ, որ այնտեղ նշանակվող դեսպանն ակտիվորեն օգնի մեզ որոշելու՝ արդյոք այս մահապատիժները, սպանությունները, այլ գործողությունները ճիշտ են, թե ոչ, կամ մի գուցե մասամբ են ճիշտ, և դրա մասին տեղեկացնի պետքարտուղարությանը և հանձնաժողովին, որպեսզի մենք՝ քաղաքականություն մշակողներս, որոշում կայացնենք: Կարող եմ, արդյո՞ք, այս հարցում ապավինել Ձեզ»,- հարց ուղղեց սենատոր Մենենդեսը:

«Այո, սենատոր կարող եք: Ասեմ ավելին՝ ինձ համար շատ կարևոր է նման բնույթի հանցագործությունների համար պատասխանատվությունը, և ես աշխատանք կտանեմ՝ վստահ լինելու համար, որ առկա է պատասխանատվություն»,- պատասխանել է Քվիենը:

Այս և Հայաստանին առնչվող այլ հարցեր հնչեցին նաև նույն լսումներին վարչակազմի կողմից ՌԴ-ի դեսպանի պաշտոնում առաջադրված, Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Լին Թրեյսիի հարցուպատասխանի ժամանակ: Վերջինս իր հերթին հաստատեց, որ հայ-ադրբեջանական վերջին բախումների ժամանակ ԱՄՆ պետքարտուղարությանն է զեկուցել սոցցանցերում տարածված բռնության ու սպանության տեսանյութերի մասին՝ այս հարցերը քննարկելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ:

Դեսպան Թրեյսին ընդգծում է՝ այսօր Ուկրաինայում պատերազմի պայմաններում հետխորհրդային շատ երկրներ, ներառյալ Հայաստանը, որոնք կախում ունեն Մոսկվայից, մտահոգված են իրենց անկախության և ինքնիշխանության ապագայով: Նա կարևորում է Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնությունը, որի շնորհիվ հաջողվել է որոշակիորեն նվազեցնել կախվածությունը Մոսկվայից:

«Ռուսաստանի հետ նախկին կամ ներկայիս հարաբերությունները չեն համապատասխանում Հայաստանի այսօրվա կարիքներին: Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև շատ կարևոր քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչպես մենք կարող ենք օգտակար լինել Հայաստանին ավելի ժողովրդավարական և ապահով ապագայի հարցում: Նշեմ, որ այնտեղ ևս կան բազմաթիվ անվտանգության մարտահրավերներ, որտեղ Ռուսաստանն ունի դերակատարություն, և մենք պետք է շարունակենք ուշադրություն դարձնել դրան»,- նշել է Թրեյսին:

Դեսպան Թրեյսին ընդգծեց նաև Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի կարևորությունը, քանի որ, ըստ նրա, այն ևս կապված է Մոսկվայի ազդեցության նվազեցման հետ:

«Հայաստանի վերջին երկու ընտրություններում մենք ականատես եղանք նրան, որ մարդիկ չեն ընդունում Ռուսաստանի առաջարկած մոդելը՝ նախապատվությունը տալով իշխանությունների հաշվետու լինելուն: Չնայած 2020 թվականի տրավմատիկ հակամարտությանը՝ նրանք չցանկացան վերադառնալ կոռուպցիային, և ես կարծում եմ, որ դա այն պատճառով է, որ նրանք տեսնում են, թե ինչ է ներկայացնում Ռուսաստանը»,- նշել է Թրեյսին:

Նա տեղեկացրեց, որ Ուկրաինայում պատերազմի արդյունքում իր ունեցած տվյալներով Հայաստանում են հաստատվել շուրջ 40 հազար ռուսաստանցիներ, որոնց զգալի հատվածը բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտից է: Նա ընդգծում է՝ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Ուկրաինայի ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության աջակցմանը: Դեսպան Թրեյսին ողջունեց Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների ու տնտեսական ճնշումների կիրառումը՝ վստահեցնելով, որ այս ջանքերը կշարունակվեն ԱՄՆ Կոնգրեսի հետ սերտ համակարգմամբ:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031