Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Դուք ձեր տունը, հսկա ծախսեր անելով, կլուսավորեի՞ք, եթե ձեր որդին զոհված լիներ ընդամենը երկու տարի առաջ. Գեղամ Նազարյան

Դեկտեմբեր 01,2022 13:24

Տոնածառն ու Եվրատեսիլն` Ավինյանի ընտրարշավի բաղկացուցիչ մաս

Երեւանի ամանորյա զարդարանքի համար հատկացվել է ավելի քան 650 հազար դոլար: Սա պարզապես թիվ չէ: Սա մեր ամոթն ու խայտառակությունն է: Իհարկե, առաջին հերթին գործող վարչախմբի, բայց նաեւ մեր բոլորի:

650 հազար դոլար տոնական զարդարանքի համար, երբ համայնքներ ունենք, որոնք խմելու ջրի հարցը չեն կարողանում գտնել, քանի որ չեն կարողանում 20 կամ 50, 100 կամ 150 հազար  դոլար հայթայթել:

650 հազար տոնական զարդարանքի համար, երբ մանկատանը երեխաներին մայրություն անող մեր հայրենակիցները բառիս բուն իմաստով ընդամենը լումաներ են ստանում:

650 հազար դոլար, երբ … Այստեղ թվարկումը կարելի է անդադար շարունակել:

Բնականաբար, կլինի ամենագլխավոր հարցը՝ չուրախանա՞նք, անդադար տխրե՞նք:

Այս հարցը ունի իր կարճ եւ երկար պատասխանը, բայց այն պատասխան ունի: Բանն այն է, որ մենք պետք է մի օր հասկանանք, որ Հայաստանը մեր ընդհանուր տունն է, իսկ տունն ունի իր կանոնները, օրենքները: Հիմա մի դաժան, բայց տեղին հարց եմ տալու բոլոր նրանց, ովքեր ցինիկաբար ասում են՝ բա չուրախանա՞նք, բա չնշե՞նք: Իսկ դուք ձեր տունը, բնակարանը գունագեղ կլուսավորե՞ք Ամանորի տոներին ընդառաջ, երբ մի քանի օր առաջ ձեզ հանձնած լինեն ձեր որդու մարմինը, հայրենիքը պաշտպանելիս զոհված ձեր որդու մարմինը: Դուք ձեր տունը, հսկա ծախսեր անելով, կլուսավորեի՞ք, եթե ձեր որդին զոհված լիներ ընդամենը երկու տարի առաջ: Պատասխանեք: Դուք ստիպում եք, որ այսպիսի հարց տամ:

Նորից եմ հարցնում՝ հարյուրավոր դոլարներ կծախսեի՞ք ձեր տունը կամ բնակարանը գեղեցիկ լույսերով զարդարելու համար, եթե ձեր որդին Բաքվի բանտերից մեկում լիներ:

Կարծում եմ ակնհայտ է, որ այս լուսավորությունը չպետք է լիներ, եթե գտնվեինք բարոյահոգեբանական գոնե կիսանորմալ վիճակում:

Գիտեմ, վստահ եմ, որ կասեք՝ իսկ Տոնածառը: Հերոս Արթուրի տանը, նրա 11 եւ 13 տարեկան երեխաներն անցած Նոր տարուն մի փոքր տոնածառ էին դրել: Ընդ որում` դրել էին հոր մեծադիր լուսանկարի ներքո:  Հուսով եմ հասկացաք, թե ինչ եմ առաջարկում: Այն տանը, որտեղ երեխաներ կան, Տոնածառը պետք է պարտադիր լինի: Ի վերջո` Տոնածառը Կենաց ծառի խորհրդանիշն է:

Աբգարը, Արգամը, Գեւորգը, Դավիթը, Վրեժը, Կարենը, Արամը, Հայկազը, մյուս բոլոր հազարավոր տղերքը շատ են սիրում Նոր տարին: Հերոսների ծնողները չեն կարող դեմ արտահայտվել երկրի գլխավոր Տոնածառի լինելուն, բայց…

Չափի մեջ պետք է ամեն ինչը լինի: Հիմա չափի մեջ չենք, քանի որ այդպես էլ տուն չդարձանք, մեծ համայնք ու հասարակություն չդարձանք: Անտեսանելի մի ուժ մեզ անդադար ստիպում է ատել միմյանց եւ ցինիկանալ ու ցինիկանալ:

Մի անհեթեթ պատճառաբանություն ենք լսում, թե այսքան ճոխ ենք անում, քանի որ Երեւանն ընդունելու է Մանկական Եվրատեսիլը: Թող ընդունի, բայց մի՞թե դրա համար մենք պետք է մոռանանք այն իրողությունները, որոնցում ապրում ենք: Մի՞թե դրա համար աղքատ, խնդիրների մեջ կորած երկիրը պետք է 5 միլիարդ դրամ ծախսի:

Քիչ է մնում մեզ համոզեն, թե ճիշտը նաեւ Վարդավառն էլ Եվրատեսիլի շրջանակներում անցկացնելն է: Նորից եմ կրկնում՝ անցկացրեք, բայց մեզ մի համոզեք, որ Եվրոպայի համար մի աննշան եւ մի քանի երկրների մասնակցությամբ միջոցառումը համաշխարհային մակարդակի իրադարձություն է, որի համար պետք է վնասենք մշակութային արժեք ներկայացնող զարդաքանդակները Հանրապետության հրապարակում:

Ի դեպ, Տոնածառի լույսերն էլ պետք է վառեն ոչ թե մանկական Եվրատեսիլի մասնակիցները, այլ հերոսների զավակները կամ մանկահասակ քույրերն ու եղբայրները: Մի՞թե սա եւս դժվար է հասկանալ:

Իրականությունն այն է, որ Տոնածառը, նրա լույսերը, ստվարաթղթե ամրոցները, քաղաքային գունագեղ լուսավորությունը եւ անգամ Եվրատեսիլը ծառայեցվում է Տիգրան Ավինյանին: Սա Երեւանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի քարոզարշավի մի մասն է: Ընդամենը: Մի մարդ, եթե որպես ընտրարշավ օգտագործեց «Սուրմալու» տոնավաճառի բոցերը, սա կօգտագործի ու կօգտագործի, ու հետո տեսնեմ Հովակիմյան Վահագնը ոնց է համարձակվելու նրան որպես թեկնածու գրանցել այսքան աղաղակող խախտումներից հետո:

Տոնածառ, Եվրատեսիլ, թեկուզ եւ մանկական, հսկայական ծախսեր, իսկ սրան զուգահեռ, որպես ամանորյա նվեր վարչախումբը հունվարի կեսերին սկսելու է հերոս տղերքի այն ծնողների դատավարությունը, որոնք կանգնելով Եռաբլուրում փորձել են արգելել Նիկոլ Փաշինյանի մուտքը, եւ որոնց նկատմամբ ուժ է գործադրվել:

Սրան զուգահեռ լուրեր են տարածում, թե նորաթուխ երիտասարդ գլխավոր դատախազը մտնելու է Ազգային ժողով եւ համաձայնություն է խնդրելու ընդդիմադիր մի քանի պատգամավորների կալանավորման համար:

Լավ, իրո՞ք այս աստիճան չեք սիրում մեր հայրենիքը: Երբ թշնամին գերջանքեր է գործադրում մեզ վերջնականապես կոտրելու համար, մի՞թե խելահեղություն, մեղմ ասած խելահեղություն չէ գնալ երկրի ներքին կյանքը ցնցող գործողության:

Մնում է հանրությանը ասեն, թե այս ամենը, եւ իհարկե ԱԺ ընդդիմադիր պատգամավորների հնարավոր կալանավորումները եւ հերոսների ծնողների դատավարություններն իրականացվում են ժողովրդին երջանկացնելու ծրագրի շրջանակներում:

Այսուհանդերձ, դեռ հուսով եմ, որ բանականությունն ամբողջովին չի հեռացել մեր երկրից եւ այս երկրում որոշում կայացնողներից ինչ-որ մեկը վերջապես կհասկանա, որ պետք է հրաժարվել հերոսների ծնողներին դատարան կանչելու մտադրությունից եւ ընդդիմադիր պատգամավորներին կալանավորելու գայթակղությունից:

Գեղամ ՆԱԶԱՐՅԱՆ

ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031