JAMnews. Այս շաբաթվա սկզբին Ադրբեջանի էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մաքսային կոմիտեում ձերբակալություններ են տեղի ունեցել։ Հատուկ ծառայությունների գործունեության արդյունքում ինքնավար հանրապետության մաքսային կոմիտեն վերացվել է և վերածվել Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի վարչության։ Այս գերատեսչության նոր ղեկավարն արդեն նշանակվել է, նա Նախիջևան կժամանի Բաքվից։
Սրանից կարճ ժամանակ առաջ նմանատիպ սցենար էր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության պետական անվտանգության ծառայությունում։ Կատարվել էին ձերբակալություններ, իսկ ծառայությունը վերածվել էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության վարչության։
Շատ փորձագետների կարծիքով՝ Բաքուն ցանկանում է չեղարկել Նախիջևանի ինքնավարությունն ու այս հանրապետության շրջանները անմիջականորեն ենթարկեցնել երկրի մայրաքաղաքին։ Բայց դա այնքան էլ հեշտ չէ:
Ըստ Ադրբեջանի Սահմանադրության՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը պետություն է Ադրբեջանի Հանրապետության կազմում։
Կարդացեք նաև
Քաղաքական մեկնաբան Ագշին Քարիմովը կարծում է, որ ինքնավարության չեղարկման համար անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ, իսկ դրա համար հանրաքվեի անցկացում է պետք.
«Հանրաքվեն անխուսափելի է, սակայն անորոշությունը Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների օրակարգում հետաձգում է այդ գործընթացը»,- կարծում է փորձագետը։
Մինչդեռ մեկնաբանը վստահ է, որ Նախիջևանի ինքնավարությունը կվերացվի։
«Նախապատրաստվում են բարեփոխումներ, որոնք պահանջում են փոփոխություններ երկրի Հիմնական օրենքում։ Նախիջևանի ինքնավարության վերացումից բացի խոսք է գնում նաև Ադրբեջանի վարչատարածքային բաժանման բարեփոխման, Միլլի Մեջլիսի պատգամավորների թվի ավելացման մասին։ Այլ հարցեր ևս կարող են դրվել հանրաքվեի»,- հավելել է Քերիմովը։
Քաղաքական մեկնաբան Շահին Ջաֆարլին կարծում է, որ, դատելով տեղի ունեցողից, Բաքուն որոշել է սահմանափակել Նախիջևանի դե ֆակտո անկախությունը. «Կարելի է այսպես ասել՝ Նախիջևանը անկախության լայն շրջանակ ունեցող հանրապետությունից, որն ամբողջությամբ չի ենթարկվում ադրբեջանական պետությանը, կվերածվի ավելի սերտ ենթակայության տակ գտնվողի»։
Փորձագետի կարծիքով՝ մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ շուտով հանրապետության ղեկավար Վասիֆ Թալիբովը ինչ-որ կերպ կհեռացվի պաշտոնից. «Այն փաստը, որ նա Բաքվում չի մասնակցել իշխող կուսակցության 30-ամյակի միջոցառումներին, փաստորեն վկայում է նրա՝ Բաքվի աչքից ընկնելու մասին, և աշխատանք է տարվում նրան փոխարինելու ուղղությամբ»։
Ջաֆարլին հայտարարել է, որ վերջին տարիներին Նախիջևանը, այսպես ասած, մնացել է տեսադաշտից դուրս, չի մասնակցել երկրի կենտրոնական իշխանությունների կողմից անցկացվող միջոցառումներին.
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Իլհամ Ալիևի դեմքով մենք տեսանք քաղաքական գործչի բոլորովին այլ կերպար։ Ազգայնական լոզունգներով ելույթ ունեցող, Ղարաբաղի խնդիրը լուծած, Հարավային Ադրբեջանի խնդիրների մասին խոսող առաջնորդ։ Ալիևն աշխարհին ներկայանում է որպես բոլոր ադրբեջանցիների առաջնորդ, ով վեր է կանգնած ներքաղաքական պայքարից։ Իսկ Նախիջևանը կարծես թե մնացել է այս քաղաքականության հետնաբակում»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: