«Ամերիկայի ձայն». ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունից տեսաուղերձով հայտնել է Բաքու կատարած իր այցի մասին և անդրադարձել տարածաշրջանին, ասելով.
«ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խորապես հավատացած է, որ հարավային Կովկասում խաղաղության նախադրյալ և հնարավորության կա: Նա ինձ խնդրեց այս շաբաթ վերադառնալ տարածաշրջան, քանզի աշխարհագրությունը կարևոր է, Բաքվից ես կմեկնեմ Թբիլիսի, ապա` Երևան, ուր հանդիպում են աշխարհագրությունն ու պատմությունը:
Մենք գիտենք, որ խաղաղության գործընթացը հեշտ չէ, և հակամարտությունը մեծ դժվարություններ ու տառապանքներ է պատճառել բոլոր կողմերին տարիների ընթացքում: Բայց ես հավատում եմ, որ խաղաղ ապագայի հույս կա։ Հույս, որ խաղաղությունը կպահպանվի այս բանակցությունների արդյունքում և ավելի պայծառ ապագայի նոր էջ կբացվի բոլորի համար:
Ես տեսել եմ իրական, խիզախ քայլեր երկու երկրների կողմից ցանկալի խաղաղության համար: Ինչպես ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ երկու երկրներն էլ աշխատում են հարավային Կովկասում ավելի բարգավաճ ապագայի ուղղությամբ:
Կարդացեք նաև
Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը և կոչ է անում շարունակել այս ջանքերը նաև հաջորդ տարի: Զգալի առաջընթաց է գրանցվել և խաղաղությունը ավելի պայծառ և լավ ապագա է երաշխավորում:
Ես նկատում եմ խիզախությունը, համառությունն ու առաջնորդությունը, որոնք հարկավոր են այդ նպատակին հասնելու համար», – ասել է Ռիքերը։
Սույն լրատվականը կազմվել է Բաքվում ԱՄՆ Դեսպանության YouTube-ի էջում տեղադրված ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի տեսաուղերձի հիման վրա:
Ստելլա ԳՐԻԳՈՐՅԱՆ