Լրահոս
Օրվա լրահոսը

Ելենա Կիրակոսյան. «Վերածնվող Հայաստանը» գործունեությունը շարունակելու է․ փողոցում, թե ոչ`դժվար է ասել. «Հրապարակ»

Դեկտեմբեր 01,2022 11:51

Վահե Հակոբյանի գլխավորած «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն ազդարարեց, որ դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Կուսակցության անդամ 4 պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով հրաժարվեցին մանդատներից: «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Զեմֆիրա Միրզոեւան, ով ՀՀ 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի ասորական համայնքն ու խորհրդարան է անցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների «Հայաստան» դաշինքի համապետական ցուցակի երկրորդ մասով ազգային փոքրամասնությունների համար նախատեսված քվոտայով, կշարունակի պատգամավորական գործունեությունը՝ սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը։ Մենք զրուցել ենք Ելենա Կիրակոսյանի հետ։

Դուք, ի տարբերություն դաշինքի մյուս անդամ գործընկերների, կարծում եք, որ ընդդիմությունը չպետք է վերադառնար խորհրդարան։ Ասացեք, խնդրեմ՝ իսկ ի՞նչ պետք է աներ ընդդիմությունը, եթե իշխանափոխության համար պայքարը հաջողությամբ չի պսակվում։ 

– Նախ` ուզում եմ ասել, որ դաշինքի գործընկերների հետ ոչ թե անհամաձայնություն կար, այլ՝ տեսակետների տարբերություն։ Եթե իրենք կարծում են, որ խորհրդարան հաճախելով կարող են բնականոն աշխատանքով մոտենալ այդ նպատակին, մենք այդ կարծիքին չենք։ Ավելին, մեր հայտարարության մեջ նշել ենք, որ բոլոր այն հիմքերը, որոնք ստիպում էին բոյկոտել ԱԺ նիստերը, շարունակում են մնալ։

Իսկ ո՞րն է ձեր առաջարկը՝ շարունակե՞լ փողոցային պայքարը, որտեղ հաջողության չեք հասնում, թե՞ ընդհանրապես գնալ տուն։

– Ցավոք սրտի, փողոցային պայքարը, այո, իր արդյունքը չտվեց, ու մենք չկարողացանք մեր նպատակին հասնել։ Բայց, միեւնույն ժամանակ, եթե մեր գործընկերները տեսնում են խորհրդարանում պայքարելու հնարավորություն, ու զուգահեռ լինի խորհրդարանից դուրս պայքար, շատ ավելի արդյունավետ կլինի։ Եվ այս առումով չէի ասի, որ մեզ մոտ կան տարաձայնություններ, անհամաձայնություններ, պարզապես տարբեր ֆորմատներով պայքարը շարունակելու ենք, մենք համախմբվել ենք մեկ նպատակի շուրջ, ու այդ նպատակը շարունակում է նույնը մնալ։ Պարզապես մենք մեզ տեսնում ենք խորհրդարանից դուրս եւ չենք փոխել մեր սկզբունքները, որոնք որդեգրել ենք դաշինքը կազմելիս։ Այն, ինչի համար պայքարի մեջ ենք մտել, մեզ համար շարունակում է ակտուալ մնալ։

Դուք մաս եք կազմել դաշինքի, ընդգրկվել ընտրացուցակում, մասնակցել ԱԺ ընտրություններին, այսինքն, ենթադրվում է՝ գիտեիք, որ խորհրդարանում է լինելու ձեր աշխատանքը։

– Ենթադրվում էր, որ գնալու ենք խորհրդարան, եւ ենթադրվում էր նաեւ, որ կարող էինք իշխող ուժ դառնալ։

Ստացվում է՝ քանի որ իշխող ուժ չեք դարձել, չեք էլ կարողանում դառնալ, որոշել եք հեռանալ խորհրդարանից։

– Ո՞վ է ասում՝ չենք կարողանում, այստեղ խնդիրը ոչ թե իշխանության հասնելն է, այլ իշխանությանը հեռացնելը, պարզ է, որ այս իշխանությունը սխալ քաղաքականություն է վարում եւ Հայաստանի շահերը ոչ մի տեղ չի կարողանում պաշտպանել։ Սրանք տարբեր բաներ են։ Մենք բավարար ձայներ չհավաքելով՝ որոշեցինք գնալ խորհրդարան եւ պայքարն այնտեղ շարունակել, բայց հիմա տեսնում ենք, որ․․․

Խորհրդարանով հնարավոր չէ։

– Եկեք այսպես ասենք՝ մենք մեզ խորհրդարանում չենք տեսնում։

Այսինքն՝ շուտով Վահե Հակոբյանի գլխավորությամբ ձեզ փողոցում ենք տեսնելու, հանրահավաքներ, երթեր եք անելու։

– Ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ ակցիաներ կարող են լինել, համենայնդեպս, «Վերածնվող Հայաստանն» իր գործունեությունը շարունակելու է՝ կլինի փողոցում, թե ոչ փողոցում, դժվար է այս պահին ասել։ Համենայնդեպս, մոտակա ժամանակներում հանդես ենք գալու մեծ ծրագրով, եւ դուք կծանոթանաք մեր ծրագրային դրույթներին եւ մեր պայքարի հետագա քայլերին։

Դուք ձեր քայլով ասում եք՝ ժողովուրդ, հնարավոր չէ խորհրդարանով իշխանափոխության հասնել, այս ընդդիմությունը միայն մանդատի համար է մնացել խորհրդարանում, իրենց մի վստահեք։

– Գիտեք՝ այդպես չէ, տարբեր քննարկումներ կարող են լինել, բայց դրանք չի կարելի իրականություն ընդունել։ Մեր եւ դաշինքի հետագա համագործակցությունից կտեսնեք, որ պառակտման խնդիր չի առաջացել։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031