Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Կարապետյան. Հերթական անգամ հղվում է այն մեսիջը, թե «դիմադրելու պոտենցիալ չունենք». «Փաստ»

Դեկտեմբեր 01,2022 11:35

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի հետ զրույցում անդրադարձել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա բանակցային գործընթացին, Ադրբեջանի հռետորաբանությանը՝ այդ համատեքստում դիտարկելով ՀՀ իշխանությունների քաղաքականությունը:

Մեր զրուցակիցը Փաշինյանի հռետորաբանությունն ու քաղաքականությունը անտրամաբանական որակեց: «Ադրբեջանի հռետորաբանությունն ու քաղաքականությունը որևէ փոխակերպման չեն ենթարկվել. 2020-ի նոյեմբերի 10-ից սկսած նույն ռազմատենչ, նույն ագրեսիվ ու առավելապաշտական քաղաքականությունն է առաջ մղում: Նաև այլ դրսևորումներ ունենք, արդեն անգամ Լաչինի միջանցքի նկատմամբ են ինչ-որ խնդիրներ բարձրաձայնում: Վերջին օրերին հայտարարում են, թե Լաչինի միջանցքը նախատեսված նպատակներով չի օգտագործվում: Սրանով արդեն վաղը Լաչինի միջանցքի նկատմամբ ինչ-որ խնդիրներ առաջացնելու հիմքեր են ստեղծվում:

Այս համատեքստում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը խիստ անհասկանալի ու անտրամաբանական է, որովհետև երկար ժամանակ Փաշինյանը ընդհանրապես հրաժարվում էր տեսնել Ադրբեջանի այդ հռետորաբանությունը, ցանկացած գնով խաղաղության մասին էր խոսում՝ դրանով էլ ավելի մեծացնելով Ադրբեջանի ախորժակը: Բայց հետո, ինչպես պատերազմի օրերին, հանկարծ սկսեց նորից ասել, թե ցանկանում են մեզ ցեղասպանել, ինչի մեսիջը նույնպես շատ բացասական է: Նա հանրությանը հերթական անգամ հղում է այն մեսիջը, թե «դիմադրելու պոտենցիալ չունենք»: Բայց ի՞նչ է նշանակում՝ «մեզ ուզում են ցեղասպանության ենթարկել»: Երբ պետությունն ունի բանակ, անվտանգային ներքին և արտաքին համակարգեր, ինչպե՞ս կարող է իշխանությունը խոսել ցեղասպանության վտանգի մասին: Հետևապես, սրանով Փաշինյանը էլ ավելի է տեղիք տալիս պարտվողական, զիջողական քաղաքականությանը և հանրության մեջ ամրապնդում այն ընկալումը, թե «պետք է Ադրբեջանի ցանկացած պահանջ կատարել, հակառակ դեպքում պատերազմ կլինի»,-նկատեց Ա. Կարապետյանը:

Խոսելով արտաքին քաղաքականության մասին՝ նա հավելեց. «Հայաստանի իշխանությունը հետևողականորեն գնում է հակառուսականության և Արևմուտքին տարածաշրջան բերելու ճանապարհով: Այլ խնդիր է, որ ՌԴ իշխանությունների հետ ունեցած ցանկացած հեռախոսազրույցից, հանդիպումից հետո հռետորաբանության մակարդակով որոշակի հետքայլ է արվում կամ հայտարարությունների տեսքով Ռուսաստանին սիրաշահելու փորձ է արվում: Իրականում բուն գործողությունները, միևնույնն է, շարունակում են հակառուսական մնալ և ուղղված են ՌԴ-ի դերը տարածաշրջանում թուլացնելուն: Մենք այդ ձեռագիրը տեսնում ենք դեռ 2021-ի մայիսի 12-ից, երբ ադրբեջանական ԶՈւ-ն ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք: Այդ ժամանակ միանգամից ասացին, թե «ՀԱՊԿ-ը, ՌԴ-ն մեզ չեն օգնում, բայց, տեսեք, Ֆրանսիան պատրաստ է մեզ օգնել»:

Եվ ընդամենը ՀԱՊԿ վերջին գագաթաժողովը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունը ձախողեց այն որոշման ընդունումը, որով, ինչպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ձևակերպեց, կազմակերպությունը պատրաստ էր ռազմական, քաղաքական, դիվանագիտական ու նաև դիտորդական առաքելության տեսքով աջակցություն ցուցաբերել Հայաստանին: Հետևաբար, նշված քայլը ևս նպատակ ուներ հանրության մեջ ամրապնդել այն գիտակցումը, որ ՀԱՊԿ-ը պատրաստ չէ մեզ օգնել, չի տալիս այն աջակցությունը, որը ցանկանում ենք, բայց, դրան հակառակ, Հայաստանի իշխանությունը նախաձեռնեց, որ ԵՄ առաքելությունը գա տարածաշրջան, ԵԱՀԿ-ին է դիմում և այլն: Ադրբեջանը, բնականաբար, օգտվում է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից, օգտվում է նաև հայ-ռուսական հարաբերություններին հասցված վնասներից և ամեն անգամ, այդ թվում՝ տարբեր էսկալացիաների միջոցով, ստուգում է, թե որքանով են այդ հարաբերությունները վատացած, ու իր համար դա ինչ հնարավորություններ է ստեղծում»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031