Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ պաշտոնական Փարիզն ի վիճակի չէ հանդես գալ որպես ոչ կանխակալ միջնորդ Բաքվի ու Երևանի միջև բանակցություններում:
«Այդ բանաձևը, որը հակասում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, ևս մեկ անգամ ակնհայտ ցույց է տալիս Ֆրանսիայի կանխակալ քաղաքական դիրքորոշումը, համապատասխանաբար այն, որ նա ընդունակ չէ հանդես գալ որպես արդար և անկաշառ միջնորդ», -ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ըստ ադրբեջանական գերատեսչության, այն փաստը, որ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը «լսումների ժամանակ փաստացի սատարեց այդ բանաձևը, ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այդ բանաձևի հետևում կանգնած է Ֆրանսիայի կառավարությունը, որը վերջին շրջանում բացահայտորեն ձեռնարկում է հակաադրբեջանական նախաձեռնություններ տարբեր հարթակներում»:
«Մոտ 25 տարի Ֆրանսիան, որպես արդարացում բերելով իր միջնորդական դերը, գնահատական չի տվել Հայաստանի ագրեսիային և օկուպացիոն քաղաքականությանը և չի փորձել կարգավորել հակամարտությունը: Բացահայտ զրպարտիչ արշավը և մեղադրանքների առաջքաշումն Ադրբեջանի դեմ այն բանից հետո, երբ ի վերջո մեր երկիրը վերջ դրեց օկուպացիային և ինքնուրույն կարգավորեց հակամարտությունը, Ֆրանսիայի կանխակալ մտադրությունների դրսևորում է»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Ադրբեջանի ԱԳՆ-ում կարծում են, որ այդ բանաձևն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղություն և հանգստություն հաստատելու ջանքերի խաթարմանը:
«Մենք վճռականորեն մերժում ենք այդ բանաձևը և Ֆրանսիայի ձեռնարկած մյուս սադրիչ քայլերը, այդ թվում՝ ավելի վաղ Սենատի ընդունած բանաձևը»,- ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ